Գերդաստաններ

Նրանց տարերքը հայրենի բնաշխարհն էր․ Աբրահամյաններ․ «Գերդաստաններ»

Դերասան Խաչիկ Աբրահամյանը խաղացել է «Սևանի  ձկնորսները», «Անահիտը», «Հեղնար  աղբյուր», «Լեռնային  հեղեղ» ֆիլմերում,  իսկ  նրա որդին՝ Արամայիսը, թատրոնի նկարիչ-ձևավորող  էր։ Հենց նրա վարպետության դասերի շնորհիվ էլ  երկու որդիները՝ Գագիկ և Դավիթ Աբրահամյանները, դարձան շնորհալի նկարիչներ, և հետագայում նրանց գործը շարունակեցին գերդաստանի երիտասարդները։

Արամայիս Աբրահամյանը բեմի ձևավորման աշխատանքների ժամանակ հաճախ էր  իր հետ թատրոն տանում որդիներին` Գագիկին և Դավիթին։ Նրանք ուշադրությամբ  հետևում էին հորը, երբեմն կատարում նրա հանձնարարությունները, երբեմն էլ  իրենք էին ձևավորում`սկզբում փոքրիկ հատվածներ, հետո արդեն նույնիսկ ամբողջական աշխատանքն էին անում` պատմում է Նկարիչների միության անդամ Դավիթ Աբրահամյանը։

Շուտով հայտնի գեղանկարիչ Պերճ Ակնունին տղաներին «էտյուդնիկ»` նկարակալ նվիրեց։ Այն հնարավորություն տվեց, որ տղաները կարողանանն տանը  յուղաներկով աշխատել։ Գագիկն այդ պահին սովորում էր Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում։ Բնանկարչությունը նրա տարերքն էր, ստեղծում էր ուշագրավ աշխատանքներ։ Ռոմանտիզմի և իմպրեսիոնիզմի համադրմամբ և գունային գամմաների յուրահատուկ սկզբունքով ստեղծվեցին հայրենի՝ բնաշխարհը ներկայացնող գործեր, որոնք գրավեցին և՛ արտերկրի, և՛  հայաստանյան հանդիսատեսի ուշադրությունը։

Դավիթ Աբրահամյանի թոռը՝ Վազգեն Զախարյանը, ոչ միայն իրավաբան է, այլև արվեստաբան, ուսումնասիրում է նաև իր գերդաստանի նկարիչների աշխատանքները։

Դավիթ Աբրահամյանն իր ստեղծագործական կյանքն սկսել է դեռ խորհրդային տարիներին, սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում, եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, մասնակցել է միջազգային տարբեր ցուցահանդեսների աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային Հայաստանի վերջին և անկախության առաջին տարիներին` մոտ մեկ տասնամյակ, գեղարվեստի հիմնադրամին կից գեղարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչն էր։ Արդեն անկախությունից հետո ղեկավարել է Մշակույթի նախարարության ցուցահանդեսային կենտրոնը, ապա բարեգործական հիմունքներով՝ գործող արվեստի դպրոցը։

Դավիթ Աբրահամյանը հիշում է, թե ինչպես էին ինքն ու եղբայրը Հայաստանի   տարբեր շրջաններում զբաղվում ձկնորսությամբ և որսորդությամբ, վայելում չքնաղ  բնաշխարհը և միաժամանակ նկարում։ Ծնվում էին հետաքրքիր, խորհրդավոր,  հուզական պատկերներ հայկական բնաշխարհի այնպիսի անկյուններից, որոնց  մասին շատերն անգամ չգիտեին՝ պատմում է Դավիթը։

Գագիկի  որդին` Լևոնը, սկզբում տիկնիկագործությամբ էր հետաքրքրվում։ Պլաստիլինից պատրաստած նրա աշխատանքները նոր ստեղծագործական    արահետ  բացեցին դեպի մանկական գրքերի ձևավորման հեքիաթային աշխարհ։   

Մեծ դեր է ունեցել հայրը Լևոնի կյանքում։ Հենց նա է բացել նրա առաջ ստեղծագործական աշխարհի գաղտնիքները, ծանոթացրել նկարչության ուղղություններին, օգնել, որ որդին կարողանա կողմնորոշվել արվեստի բարդ ու դժվարին, բայց հետաքրքիր աշխարհում։

Վազգեն Զախարյանը Դավիթ Աբրահամյանի թոռն է, դստեր՝ Աննայի որդին։ Նա    մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում։ Պատմում է, որ   երբ փոքր էր, նստում էր պապիկի կողքին ու նայում, թե ինչպես էր նկարը ծնվում։ Հետո սկսում է հետևել համաշխարհային հայտնի նկարիչների աշխատանքներին  և հաճախ լսում պապիկի կամ հորեղբոր կարծիքները։ Եվ այսպես, կամաց-կամաց  ձևավորվեց նաև նրա հետաքրքրությունը արվեստի նկատմամբ։

Ուշիմ և խելացի երիտասարդը իրավաբանության հետ միաժամանակ սկսեց հետաքրքրվել  արվեստաբանությամբ։ Նրան հետաքրքրեց հայկական կերպարվեստի  պատմությունը։ Նրա «20-ից 21-րդ դարերի հայկական կերպարվեստը» գիրքը գիտական լուրջ աշխատանք է և ուսումնական ձեռնարկ կարող է ծառայել ոչ  միայն Հայաստանի երիտասարդ նկարիչների, այլև օտարերկրյա մասնագետների համար։ Պատկերազարդ այս գրքում կան նոր բացահայտումներ հայ նկարիչների գործերի վերաբերյալ։ Գրքում արվեստաբանն անդրադարձել է նաև սփյուռքահայ նկարիչների աշխատանքներին՝ պատմում է Վազգենը։

Այս գերդաստանում միշտ գնահատել են միմյանց, տեսել են գեղեցիկը, զարմանալին  ու հեքիաթայինը և այն փորձել հասանելի դարձնել նաև ուրիշներին։     

Back to top button