Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Վերջին օրվա հանգստությունը շատ տարօրինակ էր․ Գոռ Մնացականյան․ «Կյանքին ասել այո՛»

Գոռ Մնացականյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 7-ին Սևանում։ Մանկուց ամենամեծ սերը ֆուտբոլն է, ֆուտբոլային կուռքը՝ Լեոնել Մեսսին։ 2019-ին ավարտելով Սևանի Բազմագործական պետական քոլեջը զորակոչվեց բանակ։ Ծառայել է Քանաքեռի կապի ուսումնական գումարտակում, վեց ամիս անց տեղափոխվել Ասկերան, որտեղ էլ գտնվել է պատերազմի ամբողջ ընթացքում։ Պատերազմի չջնջվող պատկերներից ամենաշոկայինը առաջին ու վերջին օրերն էին։ Առաջին օրը ցնցել էր անծանոթ ու արտասավոր աղմուկով, վերջինը՝ անծանոթ ու արտասովոր լռությամբ։ Պատերազմի աղմուկի ու լռության մեջ Գոռը կորցրեց մանկության ընկերոջը՝ Նարեկին։

Նկարահանումն արդեն ավարտել ու Գոռին հրաժեշտ էինք տվել, երբ զանգահարեց ու ցանկություն հայտնեց պատմել իր մեր այլ ընկերոջ՝ Գորիսի մասին։ Սևանի պետական քոլեջում էին ծանոթացել, հետո ստացվել էր այնպես, որ նույն զորամասում էին ծառայում։ «Հիշում եմ, երբ հավաքվել էինք զորամասի հրապարակում, տեսնեմ մեկը ձեռքով է անում ու բղավում՝ Գոռ, Գոռ․․․Գորիսն էր։ Միասին մարտական հերթապահություն ենք իրականացրել։ Մի անգամ իրենք պիտի իջնեին, մենք՝ բարձրանայինք։ Մեր սնունդը դեռ չէին բարձրացրել, իսկ իրենցը շատ քիչ էր մնացել։ Հենց տեղ հասանք, ոգևորված հացը բերեց, թե՝ կե՛ր, սոված կլինես։

Իր բաժին սնունդն էր, չէր կերել, ինձ համար էր պահել։ Պատերազմի օրերին իրենց պիտի այլ վայր տեղափոխեին։ Շնչակտուր գնում եմ, որ Գորիսին հաջողություն ասեմ, բայց չեմ հասցնում, հենց տեղ եմ հասնում, մեքենան շարժվում է։ Երկար ժամանակ իրենց գումարտակի հետ կապ չկար, երբ տղաները վերադարձան, իմացա, որ Գորիսը ճանապարհին զոհվել է»,-պատմում է Գոռը։

Back to top button