Սփյուռքի ձայնը

Ավստրալիայում ադրբեջանական մեծ գումարներ են շրջանառվում․ «Սփյուռքի ձայնը»

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ծնվել է Իրանում, կրթությունն ստացել է Հնդկաստանում, հետո տեղափոխվել է Ավստրալիա։

2015-ից նա Արցախի մշտական ներկայացուցիչն է այստեղ։ Նշում է, որ այսօր թե Սփյուռքում, թե Հայաստանում պետք է ներուժը ճիշտ օգտագործվի։

«Հատկապես սփյուռքում մենք ունենք լայն հնարավորություններ ունեցող հայրենակիցներ, որոնք շատ բան կարող են անել Հայաստանի համար, սակայն ոչ համակարգված աշխատանքի պատճառով՝ գործերը թերի են ընթանում»,- ասում է:

Քայլար Միքայելյանը նշում է, որ Ավստրալիայում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցեր բազմիցս բարձրացվել են, սակայն դրանք լիարժեք արդյունք չեն գրանցել։

«Ավստրալիայում ադրբեջանական գումարները մեծ շրջանառություն ունեն, ինչը ստիպում է հաճախ, ավստրալական կառավարությանը հետ կանգնել հայանպաստ հարցերին արդարամիտ պատասխան տալ:

Ադրբեջանը Ավստրալիայում ունի դեսպանություն, մենք՝ ոչ: Այնուամենայնիվ մենք պետք է շարունակենք աշխատել թե այսօր Արցախի շրջափակման դադարեցման, թե Հայաստանին վերաբերող հարցերը բարձրաձայնելու ուղղությամբ: Դրա համար նախ պետք է դիվանագիտական խողովակներ ունենալ այդ երկրում»,- ասում է Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչը:

Նա նաև ավելացնում է, որ այսօր որոշ համայնքներում առկա հիասթափությունն ու անվստահության մթնոլորտը, որը կա նաև Ավստրալիայի հայության շրջանում, պետք է փոխարինել անխոնջ, լուռ ու համատեղ աշխատանքով:

Back to top button