Ժամանակի վկան

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը․ Խաչիկ Հարությունյան․ «Ժամանակի վկան»

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն երեք տասնամյակ իրականացնում է գիտահետազոտական գործունեություն, կազմում է Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարանը, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, դրանց պահպանական գոտիների նախագծերը և հուշարձանների կադաստրը, հրատարակում է «Հուշարձան» տարեգիրքը, «Հայկական հուշարձանների համահավաք» բազմահատորյակը, Պատմամշակութային ժառանգության մատենաշարը, պեղումներ է իրականացնում Շենգավիթ, Վերին Նավեր, Ներքին նավեր, Լոռի բերդ, Աղցք և այլ, ինչպես նաև վերականգնվելիք և վտանգված հուշարձանների տարածքներում:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրենը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանն այսօր հաղորդման հյուրն է։ Նա կներկայացնի կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, նաև ավելի հանգամանալից կանդրադառնա  անգլերենով հրատարակված «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» ժողովածուին և դրանում ընդգրկված հոդվածներին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում ներառված հայաստանյան հուշարձանների հետազոտական և կառավարման ծրագրերի կազմման ընթացիկ աշխատանքները նույնպես իրականացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, որի գործունեության մեջ հիմնական տեղ են զբաղեցնում պեղումները։

Հատկապես կարևորվում է գտածոների վերականգնմանը և պահպանմանն ուղղված արդիական միջոցների կիրառումը։ Այդ նպատակով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2022 թվականին համալրվել է հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար նախատեսված բարձրակարգ սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում։ Սարքավորումների շնորհիվ մասնագետներն աշխատում են առավել անվտանգ պայմաններում։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետների իրականացնում են նաև ամրակայման, նորոգման, վերականգնման գործունեություն։ Արդեն ավարտական փուլին են մոտենում Լոռի Բերդի քաղաքատեղի և միջնաբերդի պարիսպների, եկեղեցու, բաղնիքների, Ամրակից գյուղի ռուսական Սուրբ Նիկողայոս եկեղեցու, Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի և Տավուշ ամրոցի պարիսպներին կից կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային աշխատանքները։ Բացի նշվածից ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև հայկական հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքման աշխատանքներ։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հրատարակում է գիտական պարբերական և մատենաշարեր, որոնցից են «Հուշարձան» տարեգիրքը, «Հայկական հուշարձանների համահավաք» բազմահատորյակը և այլն։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մաշտոցյան Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի ունեցավ 2022 թվականին լույս տեսած 5 գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգարգրության ինստիտուտի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Դիվանագիտության դպրոցի, Արտաքին գործերի նախարարության և Սանկտ-Պետերբուրգի ազգագրության թանգարանի ղեկավարները և աշխատակիցները։ Հեղինակները կամ հեղինակային խմբերի անդամները ներկայացրին տպագրված գրքերը։

Դրամաշնորհային ծրագրի մրցույթում հաղթած և ապա հրատարակված գրքերն են․

 «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն),

«Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն),
«Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն),
«Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն),

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք-ուսումնասիրություն (ֆրանսերեն)։

Խաչիկ Հարությունյանը ներկայացնելով «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն՝ մանրամասնեց դրանում ընդգրկված առանձին հոդվածների բովանդակությունը։

Ժամանակագրական առումով «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուի թեմաները վերաբերում են վաղանջական ժամանակներից մինչև ուշ միջնադարի սկզբով թվագրվող հայկական պատմամշակութային արժեքներին։

Ժողովածում ընդգրկված հոդվածներից մի քանիսը վերաբերում են հայկական ձեռագրական հարուստ ժառանգությանը։

Խաչքարային արվեստին, գորգարվեստին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում ներառված հայկական հուշարձաններին նվիրված մեկական հոդվածներով ժողովածուն ամփոփվում է։

Հայկական պատմամշակութային ժառանգությանը վերաբերող և տարբեր լեզուներով տպագրված այս գրքերը, որոնք կհամալրեն արտերկրում գործող գրադարանների ժողովածուները, հուսանք, որ միջազգայնորեն կնպաստեն հայկական մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը, կօգնեն պայքարել պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության տարածման դեմ:

Back to top button