Վերնատուն

Ճանաչելի լինել արվեստով, ոչ թե ճգնաժամերով․ «Վերնատուն»

2022 թվականին նիդեռլանդական Piano Classics ընկերությունը թողարկեց Գերմանիայում բնակվող դաշնակահարուհի Նարե Կարոյանի ձայնասկավառակը, որն ընդգրկում էր պոլսահայ կոմպոզիտոր Գոհարիկ Ղազարոսյանի 24 դաշնամուրային էտյուդները։

Գոհարիկ Ղազարոսյանը 1920-ականներին ուսանել է Փարիզի կոնսերվատորիայի հայտնի Փոլ Դյուկայի և Լազար Լևիի կոմպոզիցիայի և դաշնամուրի դասարաններում։ Նրա երաժշտությունը սերտորեն կապված է կոմիտասյան երաժշտության ավանդույթի հետ։

Նարե Կարոյանը խոսում է ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսի, Գոհարիկ Ղազարոսյանի և ճգնաժամային պայմաններում ստեղծագործելու մասին։

«Վերջին տարիներին, հատկապես պատերազմի ընթացքում, երբ բոլորովին անօգնական էի զգում, հատկապես հեռվում, ամեն օր փորձում էի պատասխանել «ինչ անել» հարցին, գոնե ինքս ինձ համար պատասխան գտնել»։

Նարե Կարոյանը պատմում է, որ ճգնաժամային իրավիճակում իրեն օգնել է պաղեստինցի մի բանաստեղծի միտքը, որտեղ ասվում է, որ ինքը «գործի մարդ է և նրա գործը պոեզիան է»։

«Այդ նույն հարցին փորձել է պատասխանել նաև Կոմիտասը՝ ծանր տարիներին իր լուման ներդնելով։ Ես նույնպես փորձում եմ իմ փոքր անելիքը անել, դա ինձ օգնում է աշխատել ու ինչ-որ ձևով պիտանի զգալ», – ասում է Նարե Կարոյանը։

Դաշնակահարը նշում է, որ շատ կարևոր է, որ դրսում մեզ ճանաչեն արվեստով, ոչ թե «երեկոյան ժամը 8 -ի լուրերով»։

.«Պատերազմին ու ճգնաժամին հակառակող մի բան էր պետք, թեկուզ փոքր, բայց գոնե հավելյալ անգամ շոշափվեր՝ Հայաստան բառը առանց ճգնաժամ բառի»։ Նարե Կարոյանի ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը տեղի է ունենալու ՀԲԸՄ դահլիճում մայիսի 15-ին, ժ․19․00–ին։

Back to top button