Մտքի ուժը

Հայ գիտնականները գիպսակիր հողերի բարելավման մեթոդ են մշակել. «Մտքի ուժը»

Ինչպե՞ս բարելավել Հայաստանի հողերի բաղադրությունն ու ինչպե՞ս դրանք օգտագործելի դարձնել։

Տարեցտարի Հայաստանում ավելանում են անմշակ հողատարածքները։ Դրանք չեն մշակվում տարբեր պատճառներով՝ գյուղացին է դժվարանում, տվյալ հողերում ոչինչ չի աճում, ոռոգման ջուր չկա։ Շարքը կարելի է շարունակել։

Եվ ահա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտնականները գիպսակիր հողերի բարելավման մեթոդ են մշակում։

Գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանն ասում է՝ մեթոդներ շատ կան, բայց այն, ինչ իրենք են առաջարկում, արդյունավետ է․

Գայանե Գասպարյան

«Մեր առաջարկած մեթոդը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն ավելի հեշտ ընկալելի է, ավելի դյուրին է, ավելի մեծ հնարավորություններ է տալիս գիպսակիր հողերում որակի բարելավման համար»։

Գիտական կենտրոնի մելորացիայի, հողաշինարարության ու հողային կադաստրի բաժնի առաջատար գիտաշատող Արևիկ Էլոյանը պատմում է՝ տարիներ շարունակ կենտրոն-մասնաճյուղում զբաղվել են ՀՀ տարբեր հողատիպերի մելորատիվ ուսումնասիրությամբ։ Արևիկը լավատեղյակ է, թե Հայաստանում հողերը ինչ վիճակում են գտնվում․

«Այսօր  ՀՀ-ում մենք ունենք մոտ 30 հազար հա աղակալելի, մոտ 20 հազար հա երկրորդային աղակալած, մոտ 50 հազար հա գիպսային ու տեխնոգեն աղտոտված հողեր։ Այդքան տարածքներում հնարավոր չէ որևէ բան մշակել։ Տվյալ իրավիճակում նոր մելիորանտներ հայտնաբերելու անհրաժեշտություն է առաջացել։ Աղակալած հողերի մելորացիան հնարավոր է հիմնականում թթուներով կազմակերպել։ Դա թանկարժեք գործընթաց է, այժմ մեր սոցիալ-տնտեսական վիճակը մեզ թույլ չի տալիս այն իրականացնել։ Ժամանակն է եկել փնտրել ու նոր մելիորանտներ գտնել, որը և շահավետ կլինի ու կունենա մեծ արդյունավետություն»։

Եվ ահա գիտական կենտրոնում փնտրել ու գտել են, ավելին՝ այժմ էլ շարունակում են ուսումնասիրել կոնյակագործության թափոն հանդիսացող բարդայի մելորատիվ արդյունավետությունը։ Այս թափոնը որևէ տեղ չի օգտագործվում․

«Բարդան իրենից ներկայացնում է թափոն, թույլ թթու, հարուստ օրգանական նյութեր է պարունակում։ ՀՀ-ում օգտագործվում է և որպես պարարտանյութ, և որպես մելիորանտ։ Բարդայի ցանկացած նետում ջրավազանային ավազան, վտանգավոր է ֆլորայի ու ֆաունայի համար։ Հիմնականում աշխարհի տարբեր երկրներում օրենքով է արգելված բարդայի արտանետումը։ Շարունակում ենք այդ հետազոտությունները, հիմական շեշտը դրել ենք բարդայի՝ որպես մելորատիվ արդյունավետության վրա։ Օգտագործում ենք և աղակալած, և գիպսային հողերի մելիորացիայում։ Բարդան աղազերծում և ալկալիազերծում է հողը»։  

Առաջարկն ըստ գիտնականների սոցիալական, տնտեսական ու բնապահպանական  նշանակություն ունի։ Իսկ գիտական թեման կիրառական ու հանրային բաղադրիչից է կազմված։ Ներգրավված են նաև սահմանամերձ համայնքները՝ ասում է կենտրոնի երիտասարդ գիտական աշխատող և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող Տաթևիկ Ջհանգիրյանը

Տաթևիկ Ջհանգիրյան

 «Ստեղծում ենք գիտություն-արտադրություն կապ։ Կարևոր է, որ համարյա մեկ տարվա լաբորատոր հետազոտությունների արդյունքներ կան, դրանք հուսադրող են։ Տնտեսապես ավելի ձեռնտու մեթոդ է առաջարկվելու՝ խնդրից ազատվելու համար։ Աշխարհում առաջինը չենք, բայց տարածաշրջանում առաջինն ենք։ Երբևէ այս հարցը նման մակարդակով չի բարձրացվել»։

Թեման ներկայացվել ու հաղթող է ճանաչվել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում։ Մրցույթի նպատակն է համախմբել, խրախուսել երիտասարդ գիտնականներին, որպեսզի նրանք ներկայացնեն Հայաստանի համար արդիական նշանակություն ունեցող գաղափարներ։

Տաթևիկ Ջհանգիրյանն ասում է, որ մասնակիցները պետք է մինչև 35 տարեկան լինեն։ Իսկ գաղափարը ծնվեց, երբ ՀՀ-ում հայտարարվեց ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի մասին:  Գիտնականներն ասում են, որ այժմ ֆերմերներն շատ ավելի հոգատար են դարձել հողի նկատմամբ։ Որևէ ներդրում անելուց առաջ անպայման հետազոտում են հողի որակը, այս առումով մշակույթը փոխվել է՝ ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գայանե Գասպարյանը։  

Back to top button