Երաժշտական եռանկյունի

Ժիրայր Բաբազյան․ երկու առաջնախաղ․ «Երաժշտական եռանկյունի»

Շաբաթներ առաջ Երևանյան բեմը տեսավ վաղուց սպասված երկու թատերական իրադարձություն՝ «Արշակ Բ» օպերա և «Սիդը» տրագիկոմեդիա։

Երկուսն էլ պատմական արժեք և նշանակություն ունեցող երևույթներ են հայ բեմի համար և երկուսն էլ կայացան մեր հաղորդման հյուր՝ Ժիրայր Բաբազյանի անմիջական մասնակցությամբ։

Տիգրան Չուխաջյանը հայ օպերային և դասական երաժշտության հիմնադիրներից է, որի ավանդը 19-րդ դարի հայկական մշակույթին անգերազանցելի է։ «Արշակ Բ» օպերան էլ նրա առավել հայտնի և սիրված ստեղծագործությունն է, մեր օպերային արվեստի անզուգական գոհարներից։

Պիեռ Կոռնեյի «Սիդը» տրագիկոմեդիան կլասսիցիզմի շրջանի թատերարվեստի  դասական պիեսներից է, Ֆրանսիայի ազգային արժեք, համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներից։

Ինչպե՞ս են կապվում այս երկու ստեղծագործությունները ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Բաբազյանի անվան հետ։

«Շատ պարզ կերպով -ես ժամանակին հիմնադրել եմ «Տիգրան Չուխաջյան հիմնադրամը, որի նպատակը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը հետազոտելն ու ամբողջացնելն է, իսկ «Սիդը» բեմադրելու առաջարկը ստացա Պատանի հանդիսատեսի թատրոնից» — բացատրում է մեր հյուրը։

Զարմանալի կթվա, բայց 1868-ին գրված «Արշակ Բ»-ն, (օրիգինալ անվանումը՝ «Օլիմպիա») 155 տարի անց, առաջին անգամ հնչեց ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմից իր բնագրային տեսքով՝ Տիգրան Չուխաջյանի պարտիտուրայով, չորս գործողությամբ և իտալերենով։ Դրան նախորդեց տասնամյակների որոնումների , հետազոտությունների և մշակումների շրջանը, որը կատարեցին Ժիրայր Բաբազյանը և կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը։

Բանն այն է, որ խորհրդային շրջանում օպերան, ենթարկվելով կոպիտ միջամտությունների, փոփոխությունների և «լրացումների»՝  ներկայացվել է նոր լիբրետոյով, նոր սյուժետային գծերով և նոր գրված երաժշտությամբ,  ինչպես ասում է Ժիրայր Բաբազյանը՝  ներառելով Չուխաջյանի ստեղծագործության միայն 20 տոկոսը։ Հենց այդ տեսքով էլ տարիներ շարունակ կատարվել է և ներկայացվել աշխարին։

Բնագրային «Օլիմպիայի» համերգային կատարումով հաստատվում է պատմական արդարությունը, հայ մեծանուն կոմպոզիտորի բարի անունը և,  ի վերջո՝ հեղինակային իրավունքը։

Սա բացառիկ իրադարձություն է մեր երաժշտարվեստում և ապագա մշակութային լյուստրացիայի առաջին համարձակ քայլը։

Թատրոնի պատմության մեջ կան խորհրդանշական ժամանակաշրջաններ, հեղինակներ և պիեսներ։

Պիեռ Կոռնեյի «Սիդը» առաջին անգամ բեմ բարձրացավ 1626 թվականին և այդ պահից համարվում է կլասսիցիզմի կոթողային գործերից մեկը, իսկ հեղինակը դասվում է ֆրանսիական դրամատուրգիայի հիմնասյուների շարքը՝ Մոլիերի և Ռասինի հետ։

Այն պարտադիր կերպով ընդգրկված է աշխարհի բոլոր ակադեմիական թատրոնների խաղացանկում և ցանկացած թատրոնի համար պատիվ է այն բեմադրել։ Հայ թատրոնի պատմության ընթացքում պիեսը երբևէ չի բեմադրվել և առաջնախաղը Պատանի հանդիսատեսի թատրոնում եկավ լրացնելու այդ մեծ բացը։

Այստեղ Ժիրայր Բաբազյանն ու թատրոնի անվանի, ճանաչված և երիտասարդ դերակատարների անսամբլը ամենաբարձր մակարդակով ներկայացրեց 11-րդ դարի Ռեկոնկիստայի հերոս Էլ Սիդի պատմությունը հրաշալի չափածո հայերեն թարգմանությամբ (Հենրիկ Բախչինյան) և բեմական փայլուն լուծումներով։

Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ Տ.Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից և  «Սիդը» ներկայացման համար Վ. Արծրունու գրած երաժշտությունից։

Back to top button