Վերնատուն

Ոչ մի շաբաթ առանց հայ դասական գրականության․ «Վերնատուն»

Ինչպե՞ս գրականությունը դարձնել առօրյայի անբաժանելի մաս։ «Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուն շարքի 7–րդ գիրքն է։

«Մեր դասականները, հատկապես Վահան Տերյանը, մեզ ասելիք ունեն այսօր, որովհետև պատմությունը, ժամանակը մշտապես կրկնվում են։ Մեր չափ, գուցե ավելի մեծ հոգսերի ու մտահոգությունների մեջ էր Վահան Տերյանը, նրա սերնդակիցները։ Ինձ ոգեշնչում է, թե նրանք ինչպես են հաղթահարել իրենց ժամանակի խնդիրները։ Հաղթահարել ու գուցե նաև զարգացման ծրագիր առաջարկել», – ասում է շարքի խմբագիր, գրականագետ, «Զանգակ» հրատարակչաության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը։

Հայկ Համբարձումյանն ասում է, որ տարիներ առաջ մտադիր էին դասական և ժամանակակից հայ գրականության ու պոեզիայի այնպիսի մի շարք ստեղծել, որ մարդիկ «ուզած–չուզած» ամեն օր բացեն և կարդան։

Գրքի առաջին հրատարակությունները եղել են նոթատետրի ձևաչափով, որտեղ շաբաթվա օրերին համապատասխան՝ էջերից մեկին հայ ժամանակակից բանաստեղծի ստեղծագործությունն էր, մյուսին՝ գրառումների ու նշումների համար նախատեսված էջը։ Ձևաչափը փոխվեց, քանի որ մարդիկ չցանկացան նշումներ անել գրքում։

«Իմ խնդիրը մեր սիրելի բանաստեղծին հնարավորինս ընդգրկուն ներկայացնելն է։ Ես ընտրել եմ նրա կյանքի կարևորագույն դրվագները, նրա մասին հուշերը, նամակներ, հայտնի և անհայտ բանաստեղծություններ։ Բանաստեղծի հնարավորինս ընդգրկուն ճանաչողությունը մեկ գրքում ամփոփել, նաև այլ Տերյան ներկայացնել, որը գուցե ծանոթ չէ ընթերցողին, այստեղ դասագրքերից մեզ ծանոթ կերպարը չէ միայն։ Մենք բազմազան Տերյան ենք ներկայացնելու», – ասում է Հայկ Համբարձումյանը։

«Տերյանի ստեղծագործություններում կա նաև հեգնանք, սարկազմ, միայն սենտիմենտալ աշնանային տրամադրությունները չէ, նա նաև ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել, հեղափոխական քարոզչությամբ է զբաղվել, շատ ավելի մեծ է նրա գործունեության շրջանակը և թողած ժառանգությունը, քան մենք գիտենք դպրոցական դասագրքերից»։

Գիրքը ոչ գործունեության պլաններ է առաջարկում, ոչ էլ դասեր տալու նպատակ ունի։ Բանաստեղծների գործերը, ինչպես Հայկ Համբարձումյանն է ասում, պետք է ընթերցել որպես հոգե–մտավոր հասունացման տանող ինչ-որ բան։

Back to top button