Էկոսֆերա

Ծաղկունքում կփորձարկվի թափոնների հավաքման նոր մոտեցում․ «Էկոսֆերա»

Հայաստանում փորձարկվում է թափոնների հավաքման նոր մոտեցում։ Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն նախատեսում է տեղադրել յուրաքանչյուր տնային տնտեսությունում տեսակավորման ամաններ՝ այս կերպ կազմակերպելով տեսակավորված թափոնների հավաքագրումը և դրանց տեղափոխումը վերամշակման կայաններ:

Ծաղկունք համայնքն ունի շուրջ 220 տնային տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ և այլ շենքեր։ «Այ Էս Էս ԴԻ» ՀԿ նախագահ Մխիթար Ավետիսյանը «Էկոսֆերա»-ի ետ զրույցում նշեց, որ այս մոտեցումը թույլ կտա նվազեցնելու տեսակավորման ամանների գողության հավանականությունը, քանզի յուրաքանչյուր տեսակավորման աման տեղադրված կլինի հենց տնային տնտեսությունում և այդկերպ հնարավոր կլինի վերահսկել, թե որ տնային տնտեսություններն են հավուր պատշաճի տեսակավորում իրականացնում։

«ՀՀ-ում չունենք թափոնների ճիշտ կառավարման մեխանիզմներ, բացառությամբ՝ Երևանի։ Համայնքների թափոնները հիմնականում գնում են աղբավայր՝ շրջակա միջավայրի համար առաջացնելով բազում խնդիրներ։ Այդ իսկ պատճառով ցանկություն ունենք, որ թափոնները տեսակավորվի սկզբնաղբյուրում և վերամշակվի։

Ծաղկունք համայնքի օրինակով փորձում ենք ցույց տալ հանրությանը, թե ինչպես պետք է վարվել թափոնի հետ։ Թափոնը ռեսուրս է, որից կարելի է արժեք ստեղծել մեր երկրում՝ ամրապնդելով նաև շրջանաձև տնտեսության դերը։ Հուսով ենք՝ Ծաղկունք համայնքի բնակիչները կլինեն վարքագիծ փոխող»,- ասաց Մխիթարյանը։

Back to top button