Երկրորդ շնչառություն

Գնահատվել է 4000 քաղաքացու հիշողություն. 35.7 %-ն ունի ճանաչողական գործառույթի հետ կապված խնդիր․ «Երկրորդ շնչառություն»

Անցած 10 ամիսների ընթացքում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը Հայկական ակնաբուժական ծրագրի հետ համատեղ ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ Երևանում, ինչպես նաև Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կատարել է 40-ից բարձր տարիք ունեցող ավելի քան 4000 քաղաքացու ճանաչողական գործառույթների գնահատում, այլ կերպ ասած՝ Հիշողության ստուգում:

Համաձայն նախնական արդյունքների՝ սքրինինգն անցած քաղաքացիների մոտ 35.4 տոկոսն ունի ճանաչողական այս կամ այն տեսակի խնդիր: Մասնագետներն այս պահին աշխատում են արդյունքների ամփոփման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև քաղաքացիների տրամադրած այլ տվյալներն առողջական վիճակի վերաբերյալ:

«Անցած ամիսներին Առողջ ուղեղի հայկական ծրագրի անցած հաջող ճանապարհը մոտիվացնում է ավելին անել ապագայում և մտածել, թե որ ուղղություններով է հնարավոր ընդլայնել ծրագիրը, մշակել առաջընթացի ուղղությունները»,- ասում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր Ջեյն Մահակյանը:

Նրա խոսքերով, կազմակերպությունը շարունակելու է հավատարիմ լինել դեռևս 2017 թվականից առաջադրած նպատակին՝ կառուցել կայուն ծրագրեր և ծառայություններ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց և նրանց հարազատների համար: Որպես կանոն, Հայաստանում դեմենցիա ունեցող մարդիկ գերադասում են իրենց տներում մնալ և ստանալ բուժումներն ու խնամքը, և, ըստ Ջ.Մահակյանի, կազմակերպությունն արդեն աշնանից կաջակցի տնային խնամքի հարցում ինչպես հիվանդներին, այնպես էլ նրանց խնամողներին:

Վերջինների համար ծրագրեր իրականացվում են նաև այսօր, կրելու են շարունակական բնույթ: Կարևորելով համագործակցությունը «Լույս Հայի աչքերին» ծրագրի հետ՝ դոկտոր Ջեյնն ասում է. «Շատ հաճախ մարդիկ ունենում են համակցված պրոբլեմներ, որոնց մասին չգիտեն, և միայն աչքի առողջությունն ու աչքի հետազոտությունն են, որ բացահայտում են առողջական այդ խնդիրները: Աչքի ծրագրի հետ մեր գործընկերությունը մեզ թույլ տվեց հասկանալ, որ իսկապես շատ կարևոր աշխատանք կա անելու ապագա հետազոտությունների, Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ տեսակների բիոմարկերի կիրառման առումով: Ակնկալում եմ, որ այդ համագործակցությունը կշարունակի ծաղկել և աճել, և հետագայում նույնպես կշարունակի օգնել այն հիվանդներին, որ գալիս են տեսողության զննման»:

Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝ զրուցակիցս նշում է, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված՝ Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի շրջանակում նախատեսված է, Լոֆթ կենտրոնների հետ համագործակցությամբ, այս տարվա ընթացքում Հիշողության սրճարանների հիմնում Հայաստանի խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում:

Բացի դրանից, քննարկվում է համագործակցության հնարավորությունը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ չափազանց կարևոր ծրագրի իրականացումը:

Ինչ վերաբերում է Ալցհայմերի հիվանդության, ինչպես նաև դեմենցիայի այլ տեսակների կանխարգելմանը, ԱՄՆ-ում 30 տարվա փորձառություն ունեցող ծերաբույժը խորհուրդ է տալիս տարեց մարդկանց շատ քայլել, ֆիզիկապես ակտիվ կյանքով, մշտապես զբաղված լինել և ուղեղի առողջության համար սոցիալական շփումների ու նոր ծանոթությունների նշանակությունը չթերագնահատել:

Back to top button