Ժամանակի վկան

Գետաշենի հայկականությունը փաստող ձեռագրերը․ Թամարա Մինասյան․ «Ժամանակի վկան»

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի հետ ներկայացնում ենք Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղում պահպանված և մեր օրեր հասած հինգ Ավետարանների պատմությունը։

Հայկական Գարդման գավառի նշանավոր գրչության կենտրոններից էր Գանձակը, որն առավել հայտնի է որպես ձեռագրապահպանման կենտրոն: Տեղի և շրջակա գրեթե բոլոր գյուղերում և եկեղեցիներին կից ստեղծված գրչակենտրոններում և մատենադարաններում եղել են ձեռագիր մատյաններ: Այդ գյուղերից էր նաև Գարդմանքի ամենախոշոր ու շեն գյուղերից մեկը՝ Գետաշենը, որի պատմությունը գրեթե մեկ հազարամյակից ավելի ձգվում է։ Գետաշեն գյուղի տարածքում եղել են մի քանի սրբավայրեր՝ գործող եկեղեցիներ, վանքեր և մատուռներ։ Պահպանված ձեռագրերի հիշատակարանները վկայում են միայն այստեղ պահված ձեռագրերի մասին, որոնցից հայտնի է միայն հինգի ճակատագիրը:

Մ. Բարխուդարյանցն այսպես է նկարագրում  գեղեցկազարդ ու թանկարժեք Ավետարանը, որը Կաֆայում 1667 թվականին ստույգ և ընտիր օրինակից արտագրել և ծաղկազարդել է Նիկողայոս գրիչը  «Ընտիր է մագաղաթն, գեղեցիկ թռչնագրերն, սքանչելի ծաղիկներն, հիանալի նախշերն, ուշագրաւ նկարներն, թանկագին ներկերն, ազնիւ ոսկեղօծն և զմայլելի գեղարուեստի նրբագործությունն»:

Երկրորդը բոլորգիր Ավետարան է (ՄՄ ձեռ. 6303): Քանի որ այս ձեռագիրը չունի գլխավոր հիշատակարան, անհայտ են մնում գրիչը, գրչության վայրն ու ժամանակը: Ունի ավետարանիչների և տերունական պատկերներ, բազմաթիվ խորաններ, կիսախորաններ, լուսանցազարդեր: Ծաղկազարդումը հավանաբար կատարել է գրիչը: 1356 թվականին Պետանց Հովհաննես աբեղան և Բրտանց Սարգիսը Ավետարանը վաճառել են ոմն Վարդանին և նրանից գնել են մեկ կով և երկու կապիճ հաց: Մատյանը երեք անգամ նորոգվել է։ Երրորդ անգամ նորոգվել ու կազմվել է 1767 թվականին Արիստակես քահանայի և նրա կին Շահանդուխտի ծախսերով:

Գետաշենի Ավագ Սբ. Նշան մատուռի հարստություններից է եղել նաև Հաղբատի նշանավոր Ավետարանը (ՄՄ ձեռ. 6288): Ձեռագիրը այստեղ է բերվել Խադավանքից, պահվել մինչև 20-րդ դարի քսանական թվականները և գյուղի անունով երբեմն կոչվում է «Գետաշենի Ավետարան»: Այստեղ են պահվել Դրազարկում Հովսեփ փիլիսոփայի խնդրանքով 1295 թվականին երկու գրիչների՝ Թորոս փիլիսոփայի և Յոհանի գրած, Յոհանի ձեռքով նաև ծաղկազարդած մագաղաթյա Ավետարանը (ՄՄ ձեռ. 6290) և Դաստիփյուր գյուղում ծնողների՝ Մարյանի և Եաղուբի հիշատակին Սարգիս երեցի 1671-1673 թվականին ընդօրինակած գեղեցկազարդ, ակնակուռ և կոստղազարդ Ավետարանը: Մատյանը 1677 թվականին պատկանել է Եարամիշին և նրա որդիներ Ամիրխոջին և Թումանին (ՄՄ ձեռ. 6746):

Ավագ Սբ. Նշան մատուռում եղել են նաև սուրբ մասունքներ. արծաթյա փոքրիկ խաչում պահվել է կենաց փայտի կտոր, մի արծաթյա ոսկեզօծված աջում՝ Եղիշե առաքյալի բազկից մասունք, որը Իգնատիոս եպիսկոպոսն էր բերել Կաֆայից, և մի անհայտ սրբի մասունք՝ ամփոփված ակնազարդ խաչում։

Եղնասարի Եղիշե առաքյալի վանքը, որտեղ նորոգվել են ձեռագրեր, մերձ է Եղնասարի կամ Գետաշենի Կուսանոց անապատին: Ըստ որոշ վկայությունների՝ այստեղ ապաշխարել է Մելիք-Բեգլարյանների տոհմից մի կույս։ Անապատի արևմտյան կողմում եղել է մի շինություն, որը ծառայել է որպես ուսումնարան:

Գարդման գավառի հնագույն վանքերից է Թարգմանչաց վանքը: Ավանդության համաձայն՝ այն հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը։ Վանքում գործել է գրչության կենտրոն, որի ձեռագրատան հավաքածուից շատ քիչ ձեռագրեր են պահպանվել։ Այստեղ է պահվել նաև նշանավոր «Թարգմանչաց Ավետարանը» (ՄՄ ձեռ. 2743):

Ցավալիորեն, Արցախը 1921 թ․ հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ մտցվեց Ադրբեջանի կազմ։ Հաջորդող տասնամյակում ԼՂԻՄ կազմից դուրս մնացած հայկական պատմական տարածքները ապօրինաբար նույնպես կցվեցին Ադրբեջանին։

Հայկական Շահումյանի շրջանը և Գետա­շենի ենթա­շրջանը նույնպես ապօրինաբար համարվեցին Ադրբեջանի մասեր։ 1923 թ. պատմական Գյու­լիս­­տանի գավառի տարածքում կազմավոր­ված Խանլարի և Շա­հումյանի վարչական շրջաններում խորհրդային իշխանության տա­րի­ներին բազ­­­­միցս հարց էր բարձրացվել Շահումյանի շրջանը ԼՂԻՄ-ի կազ­մի մեջ ընդգրկելու վերա­բերյալ, սա­կայն ադրբեջանական իշխա­նու­թյուն­­ները մերժել էին: Արդարությունը վերականգնելու նպատակով 1980-ականների կեսին նոր թափ առած Արցախյան ազգային-ազատագրական շարժումն ընդգրկեց նաև այդ շրջանները։

1989 թ. նոյեմբերի 27-ին Գետաշեն գյուղում տեղի ունեցավ Գետաշենի ենթաշրջանի հայության առաջին համագումարը, որին մասնակցում էին Գետաշեն, Մարտու­նաշեն, Ազատ, Կամո գյու­ղերից ընտրված 300 պատգամավորներ: Հա­մա­­գումարն ըն­դու­նեց որոշում․ «ստեղծել Գետա­շե­նի ենթաշրջանի Գետաշեն, Մար­­տունաշեն, Ազատ, Կամո գյուղերից հայ ազգա­բնակ­չու­թյան Ազ­գային խորհուրդ` բաղկացած 21 հոգուց, Գետաշեն, Մար­տունաշեն, Ազատ, Կամո գյուղերը դուրս բերել Ադրբեջա­նա­կան ՍՍՀ Խանլարի շրջանի վարչատարածքային ենթակայու­թյու­նից և միացնել հարևան Շահումյանի գյուղական համայնքին»:

1989 թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ­ների մասնակ­ցությամբ ՀԽՍՀ Գե­րա­գույն խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունվեց հա­մա­տեղ որոշում` «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերա­միավորման մասին», որի 5-րդ կետով որոշվում էր․ «Հայկական ԽՍՀ Գերա­գույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պար­տավորվում են ներկայացնել Հյուսի­սային Արցախի Շահում­յանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազ­գային շահերը»։

Սումգայիթի, Կիրովաբադ-Գանձակի, Բաքվի ցեղասպանական գործողություններից հետո Հյուսիսային Արցախի գյուղերի շուրջ ադրբեջանական խեղդող օղակն ավելի էր սեղմվում։ Կամո և Ազատ գյուղերի հայաթափությունից հետո, Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը հայտնվեցին ամենօրյա նշանառության տակ։

1990 թ․ սեպտեմբերից մինչև 1991 թ․ ապրիլի 30-ը Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպչի ու ընդհանուր հրամանատարարի պատասխանատվությունն ստանձնեց հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Թաթուլ Կրպեյանը։

1988 թվականից մինչև 1991 թ․ մայիսի 8-ը գյուղը դիմադրեց ադրբեջանական հարձակումներին։ 1991 թ․ ապրիլի 30-ին խորհրդային բանակը, ներքին գործերի նախարարության ներքին զորքերը, ադրբեջանական հատուկ ջոկատները համատեղ կազմակերպված իրականացրեցին տխրահռչակ «Օղակ» պետական-ահաբեկչական հատուկ գործողությունը, որի ընթացքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին, վիրավորվեցին, խոշտանգվեցին, գերեվարվեցին։ Ինքնապաշտպանության ժամանակ հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Հրաչ Դանիելյանը, Վալերի Նազարյանը։  

Բռնագղթի ենթարկելով հազարամյա պատմական հայկական գյուղը և տարածքները Ադրբեջանը չկարողացավ կասեցնել հետզհետե հզորացող ազգային-ազատագրական պայքարը։ Ինչպես Արկադի Տեր-Թադևոսյանն է  բնորոշել․ «Թաթուլ Կրպեյանն ու իր մարտական ընկերներն իրենց անձնազոհ պայքարով բացեցին Շուշի տանող ճանապարհը»։ Հայկական հինավուրց բերդաքաղաք Շուշին նույնպես ազատագրվեց, ինչպես և այն բոլոր տարածքները, որոնք ապօրինաբար մկրատվել և նախորդ՝ խորհրդային շրջանում կցվել էին Ադրբեջանին, ազատագրվեցին։

Հազարավորներն ընկան այդ ճանապարհին, բայց վերադարձրին արժանապատվություն և ցեղասպանվածի բարդույթից ազատագրեցին մեր ժողովրդին։ Ցավոք, նորից եկան անարժանները և զրոյացրին հայ ժողովրդի լավագույն զավակների դարավոր իղձերի կատարմանն ուղղված նվիրումն ու ջանքերը։ Այսօր կրկին կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, կորցրել ենք Արցախի տարածքի ավելի քան 75 տոկոսը, նորից թշնամին անարգել մկրատում է մեր հայրենիքի ինքնիշխան տարածքը։ Բայց պատմական անուրանալի ճշմարտությունը, փաստերը, վկայությունները, որոնք պահպանվում են հայկական ձեռագրերում, այդ թվում նաև՝ Գետաշենից մեզ հասած ձեռագրերում, անհնար է եղծել։ Գետաշենի անկումից 32 տարի անց և ի հիշատակ հերոսաբար ընկած ազատամարտիկների, նահատակված անմեղ գյուղացիների, կրկին հիշենք մեր քաջ նախնյաց ու նրանց նվիրումը, և փորձենք արժանի ապրել։

Back to top button