Հատվող եթեր

Վալմար․ նրբաճաշակ արվեստ կերտող նկարիչը․ «Հատվող եթեր»

Ստեղծել, ցուցադրել, արտաքին աշխարհից ստանալ լիցքեր և նորից արարել. ահա նրա արվեստի բանաձևը:

Արվեստագետ, որի ոգեշնչման աղբյուրն ամենակարող բնությունն է, հայրենի հողը, հայրենիքը, մարդկային ջերմությունն ու անկեղծությունը, արվեստագետ, որ վաղուց հաստատել է իր ուրույն տեղը կերպարվեստում, արվեստագետ, որի անչափ նրբագեղ ու ոգեղեն, զգացմունքային և խորիմաստ ստեղծագործությունները լի են լավատեսության զգացումով, հոգևոր խաղաղությամբ ու մեծ էներգիայով՝ արտահայտելով հեղինակի հոգու մեղմությունն ու ներդաշնակությունը, իրականության ընկալման սեփական արտահայտումը:

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրում է արվեստին՝ ստեղծելով վերերկրային և զգացմունքային իրականություն, որտեղ մեկտեղված են գեղեցիկն ու հավերժականը:

Վրձնել է բազմաթիվ՝ սիրային, հոգևոր, երաժշտության, բնության թեմաներով, ինչպես նաև պատկերել ինքնատիպ քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող երկրների ու քաղաքների դիմագիծն ու ավանդույթները:

2004 թվականին արվեստագետը Երևանում հիմնել է «Վալմար» արվեստի սրահը, որտեղ տիրում է ջերմ մթնոլորտ, և յուրաքանչյուր այցելու հաղորդակցվում է նկարչի արվեստի գաղտնիքներին:

Վալմարն իր ստեղծագործական ուղին սկսել է ծննդավայր Գյումրիից: Հետագայում սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Աշակերտել է Երվանդ Քոչարին, վայելել նրա բարեկամությունը, թրծվել նրա խորհուրդներով, կյանքի, արվեստի դասեր քաղել նրա խորիմաստ զրույցներից:

Բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում:

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի իր ծննդյան օրը, նկարիչն ինքնատիպ նվեր է մատուցում արվեստասերներին՝ ներկայանալով նոր ցուցահանդեսով: Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հետ:

Back to top button