Մոռացված ֆիլմերի ստվերները

«Հայֆիլմի» մեր օրերի խրոնիկան. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Զարգացած  ու առաջատար պետությունների մենաշնորհ հորջորջվող կինոն հայկական իրականություն թափանցեց մեր երկրի համար ծանր ժամանակահատվածում։ Եղեռն, ավերված երկիր, խղճուկ տնտեսություն, մի բուռ ժողովուրդ։ Այդ պայմաններում Հայաստանում սկսվում ու զարգանում է կինոարտադրությունը, որը որքան էլ ցավալի է, 21-րդ դարի նախաշեմին հայտնվում է վթարային վիճակում։ 

Արտադրության կազմակերպիչ Դանիել Դզնունու և բեմադրիչ Համո Բեկնազարյանի հետ է կապված հայկինոյի ծնունդը։ Անցյալ դարի 20-ականների առաջին կեսին Դզնունին պաշտոնական գրությամբ դիմում է ՀԽՍՀ լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին՝ Հայաստանում սեփական կինոարտադրություն հիմնելու առաջարկով։ 1923 թվականին նորաստեղծ Խորհրդային Հայաստանի  կառավարությունը որոշում է ընդունում «Արմենկինոյի» ստեղծման մասին։ Հինգ տարի անց՝ 1928-ին, ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով Տերյան 2 հասցեում կառուցվում է «Հայկինոյի» տաղավարը, որտեղ էլ ձևավորվում է 100-ամյա հայկական կինոն, որի ճանապարհը լի էր վերելքներով ու վայրէջքներով ։

«Հայֆիլմի» հնաբնակ Հայկանուշ Ներսիսյանը դպրոցական տարիներից մի քանի ֆիլմերում  էպիզոդիկ դերեր մարմնավորելուց հետո կյանքն ընդմիշտ կապում է կինոաշխարհի հետ։

Պատմում է, որ խորհրդային տարիներին բազմաթիվ հայկական ֆիլմեր նկարահանվեցին Տերյան 2 հասցեում գտնվող կինոստուդիայում։ 1970-ականների վերջին, երբ շահագործման հանձնվեց կինոստուդիայի նոր շենքը, «Հայֆիլմ»-ը տեղափոխվեց Աշտարակի խճուղի։

Սաթիկ Ստեփանյան, Հայկանուշ Ներսիսյան

«Ամեն շաբաթ շաբաթօրյակներ էինք կազմակերպում։ Մասնակցում էին բոլորը՝ դերասաններ, ռեժիսորներ, կինոյի ոլորտի տարբեր մասնագետներ։ Հաճույքով աշխատում էինք, որովհետև գիտեինք ինչի համար է»,-ասում է Հայկանուշ Ներսիսյանը։

«Հայֆիլմ» կինոստուդիանյի շենքը մինչև սեփականաշնորհելը

Խորհրդային Միության վերջին տարիների խառնաշփոթը թափանցեց նաև կինոստուդիա։ Տարեցտարի պակասում էր ստուդիայի ֆինանսավորումը, ինչի պատճառով կրճատվում էին նկարահանվող ֆիլմերը։ 90-ականների անհանգիստ տարիներին արդեն շատ դժվարությամբ գոյատևող «Հայֆիլմին» սպասվում էին 2000-ակաների սկզբի փորձությունները։

Ինչպես հայտնի է, Գաֆէսճեան հիմնադրամի ներկայացուցիչ, «Արմենիաստուդիոզ» ՓԲԸ տնօրեն Բագրատ Սարգսյանը մրցութային կարգով 2005 թվականի հոկտեմբերի 2-ին գնեց «Հայֆիլմ» կինոստուդիան։ Մասնավորեցումից հետո սկսվեցին անդառնալի ողբերգական իրադարձություններ։

Վերանորոգման անվան տակ «Հայֆիլմը» օրեցօր քանդվում ու թալանվում էր։ Մի քանի տարի այդ ամենին հետևող և անզորությունից հուսահատվող Սաթիկ Ստեփանյանը հասկանալով, որ պատկան մարմինների ներկայացուցիչները չեն ցանկանում կանխել «Հայֆիլմի» աղետը, 2009 թվականին որոշում է վավերագրական-հետաքննող մի ֆիլմ նկարահանել, որի ընթացքում պիտի ներկայացվեին «Արմենիաստուդիոզի» տնօրեններ Բագրատ և Վահագն Սարգսյանների ցուցումով իրականացվող բարբարոսությունները։

«Աղետ Հայֆիլմում»- այսպես վերնագրեց ֆիլմը Սաթիկ Ստեփանյանը։ 20 րոպե տևողությամբ այս վավերագրական ֆիլմում «Հայֆիլմի» ավերումներին զուգահեռ ներկայացվում է «Արմենիա» հեռուստատեսության լուրերի թողարկումը, որի մեկնաբանը մեծ ոգևորությամբ պատմում է, թե ինչպիսի մեծամասշտաբ բարեփոխումներ են իրականացվում «Հայֆիլմում», մինչդեռ իրականությունը այլ էր։

«1984-ին ես աշխատանքի ընդունվեցի «Հայֆիլմում» և վաճառքից հետո մինչև 2009 թվականը աշխատեցի այնտեղ։ Սեփականաշնորհումից հետո, ամեն օր ցավալի ավերումների ականատեսն էի։ Ես քայլում էի միջանցքով և զգում էի մեր կինոյի մեծերի ներկայությունը, որոնք կարծես նախատում էին ինձ։ Եվ ես, որ որոշեցի կինոն փրկել կինոյի միջոցով, նկարահանել մի ֆիլմ, որը կհանրայնացնի «Հայֆիլմում» տիրող աղետալի վիճակը»,-պատմում է Սաթիկ Ստեփանյանը։

Սեփականաշնորհումից տասը տարի անց՝ 2015 թվականի ամռանը ստուդիան վերադարձրեցին պետությանը, քանի որ սեփականատերերը 10 տարվա ընթացքում խոստացած ներդրումները չկատարեցին։ Սակայն դրանից հետո էլ «Հայֆիլմի ճակատագիրը չփոխվեց։ Սաթիկ Ստեփանյանի կարծիքով ստուդիան դեռ պահպանում է իր ներուժը և ճիշտ ֆինանսական կառավարման դեպքում հնարավոր կլիներ  կամաց-կամաց վերականգնել այն։

«Այսօր, ցավոք, կինոստուդիան պետական ոչ մի աջակցություն չի ստանում։ Սակայն եթե կինոյի ոլորտին հատկացվող բյուջետային հատկացումներից տրվեն նաև «Հայֆիլմին», հնարավոր է երեք տարում կինոստուդիան ոտքի կանգնեցնել »,-համոզված է Սաթիկ Ստեփանյանը

«Հայֆիլմի» Տերյան 2 հասցեում երբեմնի գործող կինոստուդիան պատերի ներսում  բազմաթիվ  խորհրդավոր պատմություններ է պահպանում։ Պատմություններ, որոնցից շատերը ճակատագրական դարձան մի շարք ֆիլմերի և, նույնիսկ՝ կինոռեժիսորների համար։

Տերյան 2 հասցեի կինոստուդիան կարող էր պատմական տարածք համարվել, եթե իրապես գիտակցեինք կինոյի արժեքն ու նշանակությունը մշակութային կյանքում։ Չգիտակցեցինք:  Արդյունքում իր հարուստ կենսագրությամբ ու բազմաթիվ պատմություններով այն վերածվեց զուտ կադաստրային տարածքի։  

Տերյան 2 հասցեում կառուցված շենքը

Կինոարտադրության փոքրիկ մոլորակ «Հաֆիլմը» մեր անտարբերության պատճառով կարծես կրկնում է Տերյան 2 ստուդիայի ճակատագիրը։ Ավերված, թալանված ու կիասաքանդ, բայց դեռ գոյություն ունեցող ստուդիան ամեն օր հանրությանը աղերսում է փրկել, վերականգնել ու տեր կանգնել իրեն։

Back to top button