Վերնատուն

Փոփոխությունները նախևառաջ մտածողության մեջ են տեղի ունենում․ «Վերնատուն»

Այս տարի լրանում է «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի 10–ամյակը։ Այսօր հիմնադրամի գործունեության դաշտում շուրջ 20 նախագիծ ընթացքի մեջ է։

«Մեր նախագծերի միջոցով փորձում ենք նպաստել այն զարգացման ծրագրերին, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չեն ունենա։ Նախագծերով մենք փորձում ենք հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ, փորձել ամեն կերպ նպաստել մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը», – ասում է «Կողբ» կրթամշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը։

Հիմնադրամի գործունեության մեջ կրթական ու մշակութային գործառույթը առանցքային դեր ունի։ Իրականացվող նախագծերի շրջանակը սկսվում է դպրոցներում հայրենաճանաչության ծրագրերի իրականացումից, բանախոսությունների շարք, գրահրատարակչական գործունեություն, երաժշտական ու գրական մրցույթներ և այլն։

«Մեր կարծիքով նախևառաջ մտածողության վերանայման խնդիր կա։ Մեր իրականությունը ածանցյալ է մեր մտածողությունից։ Ու մեր նախագծերի տրամաբանությունն այն է, որ եթե ցանկանում ենք փոփոխություն լինի մեր իրականության մեջ, նախևառաջ մեր մտածողության մեջ պիտի տեղի ունենան այդ փոփոխությունները։ Եթե մենք ուզում ենք այդ կարծրատիպերից, միֆերից, ծայրահեղություններից վերանալ, փորձել փոխել մեր իրականությունը, ապա պետք է էական վերանայումների ենթարկվի մեր մշակույթը, մտածողությունն ու կրթությունը», – ասում է Արման Բարսեղյանը։

Նա շեշտում է, որ իրենց գործը վերջնական ճշմարտության չի հավակնում, քանի որ իրենք էլ կարող են ընկնել, ինչպես ինքն է ասում՝ «բինար մտածողության թակարդը», ու եթե կան ընդունված տեսակետներ, կան նաև այլընտրանքային տեսակետներ, և դրանք պետք է ներկայացվեն։

Խնդիրների մասին նախընտրում են չխոսել, հոբելյանը նշելու համար էլ մեծ ծախսատար ծրագրեր չեն նախատեսում։

«Խնդիրները ցույց տալու, քննադատելու, բողոքելու փոխարեն շատ կարևոր է առանց ավելորդ պաթոսի զբաղվել արդյունավետ աշխատանքով։ Հոբելյանը ինչ–որ կերպ կնշենք, բայց առանց մեծ ծախսերի այն նշելու ձևը արդյունավետ ու օգտակար նախագծեր իրականացնելն է», – ասում է Արման Բարսեղյանը։

Back to top button