Գերդաստաններ

Զաքարյաններ․ գեները երրորդ սերնդում առավել զորեղ են․ «Գերդաստաններ»

Մասիս քաղաքի շենքերից մեկում մի ընտանիք է ապրում. այնտեղ բոլորը երգում են, իսկ հարևաններն ու բարեկամները նրանց մշտական ունկնդիրներն են և ամենևին չեն ձանձրանում ու ամեն անգամ լսելուց հիացմունք են ապրում։ Նրանց ճանաչում են բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներից։

Կարեն, Լիանա և Դավիթ Զաքարյանների բոլոր նախնիները ևս երգել են։ Մշեցի հորեղբայրը՝ Ցոլակ Հարությունյանը, «Մշո գորանի» էր երգում, երգում էր ազգագրական և հայրենասիրական երգեր, ընտանիքի հայրական տատիկը՝ Սիրանուշ Զաքարյանը, քաղցր ձայն ուներ, երգում էր օրորոցայիններ, մանիներ, իսկ մայրական պապը Վալյադ Առաքելյանն էր, որը երաժշտական կրթություն չէր ստացել, սակայն հրաշալի էր երգում, և 1970-ական թվականներին նրան շատերն էին ճանաչում։

Վալյադի դուստրը՝ Քրիստինե Զաքարյանը, որը այսօրվա մեր հիմնական հերոսների մայրն է, սովորել է Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտի երաժշտական ֆակուլտետի ժողգործիքների բաժնում, իսկ ամուսինը՝ փողային բաժնում։ 2015 թվականին ամուսինները Մասիսում հիմնել են երաժշտական ստուդիա, որտեղ այսօր աշխատում են նաև Լիանան և Կարենը՝ պատմում է Քրիստինե Զաքարյանը։

Լիանան և Դավիթն իրենց իսկ ընտրած երգերով ու Կարենի գործիքավորմամբ ճանաչելի դարձան հանրությանը։ Կարենը և Լիանան սովորում են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, իսկ 10-ամյա Դավիթը՝ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Նրանք միշտ միասին են, բաժանվում են միայն այն ժամանակ, երբ գնում են դասերի։ Նրանք բոլորն էլ ունեն իրենց հստակ նպատակները։ Օրինակ` Լիանան ավելի վաղ սկսել է երգել, քան խոսել, և մանկությունից արդեն պարզ էր, որ լինելու է երգի հիասքանչ աշխարհում`պատմում է մայրը։

Լիաննան Զաքարյանների հիմնած երաժշտական ստուդիայի սաների հետ

Լիանայի շատ կարևոր երազանքներից մեկն ազգային մոռացված երգերին երկրորդ շնչառություն տալն ու ազգային հագուստների նոր ձևավորումներ ստեղծելն է։
Կարենը մասնակցել է 44-օրյա պատերազմին, մեծ ապրումներ է ունեցել, հուզմունք ապրել, սակայն իր հերոսական և հայրենասիրական զգացումները թույլ չեն տվել ընկճվել, և կարողացել է ստեղծել մի հրաշալի հայրենասիրական երգ՝ հաղթանակի և մեր երկրի նկատմամբ ունեցած սիրով և հավատով։

Կարենը պատմում է, որ ծնողները մշտապես օգնում են իրենց երաժշտական հմտությունների զարգացմանը, օգնում գործիքավորման աշխատանքներում մշակել նոր ոճ։
Տան փոքրը՝ Դավիթը, չորս տարեկանում ունենալով երգելու փայլուն ընդունակություն և յուրօրինակ արտիստիզմ, ուշադրությամբ հետևելով Կարենի և Լիանայի ցուցումներին և ծնողների վերջնական գնահատականին՝ թողարկում է իր առաջին ձայնասկավառակը։ Փոքրիկ տղան ունի նաև պարելու զարմանալի ընդունակություն և նույնիսկ որոշել է բացել պարի դպրոց։
Դավիթը սիրում է ծանոթանալ նաև հայտնի բլոգերների ստեղծագործական և անձնական կյանքին, վերցնել նրանցից ամենահետաքրքիրը։

Արցախում եղել է նաև Դավիթը, երգել նրանց համար, հանդիպել իր տարեկից տղաների հետ, լսել, թե որքան են նրանք սիրում հայրենի Արցախն ու ուզում ապրել միայն այնտեղ։
Զաքարյանները տարբեր համերգային հրավերներ են ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Back to top button