Դպրություն

Կրթությունը՝ կրկնահանցագործությունը կանխող գործիք․ «Դպրություն»

Քրեակատարողական հիմնարկներում կրթության կազմակերպման համար կարևոր է պետական յուրաքանչյուր օղակի համաչափ ներգրավումը։

Նարե Հովհաննիսյան

«Վերջին տարիներին էական քայլեր են ձեռնարկվել կրթությունը ազատազրկված անձանց հասանելի դարձնելու համար։ Պետությունը՝ ի դեմս ԱՆ–ի և քրեակատարողական ծառայության, հարցին բավականին բաց է տրամադրված։ Ազատազրկված անձանց վերասոցիալականացումը առաջնային է դիտարկվում», – ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Ծովինար Թադևոսյան

«Կրթության միջոցով հնարավոր է կրկնահանցագործությունները կանխել։ Եվ դատապարտյալների համար իրականացվում է կրթություն՝ բոլոր աստիճաններով։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հենց դատապարտյալի կողմից ուսուցանվել է ծաղկեգործություն և գրիչների հետ կապված աշխատանքներ, որին մասնակցել են մյուս դատապարտյալները։ Այս դասընթացները իրականացնում էր մեր ցմահ դատապարտյալներից մեկը, որի հետ ՀԿ–ի կողմից կնքվել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ստացվում է, որ մենք և՛ կրթության հնարավորություն ենք տվել դատապարտյալին, և՛ աշխատանքի ու որոշակի ֆինանսական ապահովության հնարավորություն», – ասում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը։

Հասմիկ Հովակիմյան

«Մեր կենտրոնը իրականացնում է 3 կրթական ծրագիր, որոնցից է նաև՝ հանրակրթություն մինչև 19 տարեկան անձանց համար։ Այս պահին 6 քրեակատարողական հիմնարկներում է իրականացվում ծրագիրը։ Ի տարբերություն այլ երկրների, մեր պետությունը ավելի հումանիստական գտնվեց։ Այլ երկրներում կա սահմանափակում՝ կրթության այս հնարավորությունը մինչև 35 տարեկան անձանց համար է։ Մեզ մոտ 19 և ավել տարեկան անձանց՝ տրվեց միջնակարգ կրթության ատեստատ ստանալու հնարավորություն», –ասում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը։

Back to top button