ՀարցուԳԻՏԱփորձ

Այդքան կարևո՞ր ենք, որ պատմությունը կրկնվի մեզ համար․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

Եթե պատմությունը կրկնվելու է, ապա կարիք չկա ջանալ ինչ-որ բան փոխելու համար։ Այսպես մտածելը հարմար է։ Բայց, պարզվում է, պատմությանն ընթանում է իր հունով, և հատուկ մեզ համար կրկնվելու միտք անգամ չունի։

«Երբ դու ամբողջականորեն պրոակտիվ չես, բնականաբար դառնում ես գրեթե խաղից դուրս։ Իսկ խաղից դուրս մարդը միշտ նույն կետերում է մնում»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր պարզելու է՝ արդյո՞ք պատմությունը կրկնվում է։

***

Թուլությանն առերևսվելը լավագույն զգացումը չէ։ Մարդը որոշեց թաքնվել դրանից։ Լեզուն դա անելու լայն հնարավորություն տվեց։ Արդյունքում, մեր խոսույթ մտան նարատիվներ, որոնց հետ ապրելը հեշտ է, առերևույթ անվտանգ։ Այսպես մենք որոշեցինք, որ «դե, մինևնույն է, պատմությունը կրկնվում է»։

Սա մարդկանց ու պատմությունն ուսումնասիրող մասնագետների հետ իմ զրույցի կարճ եզրահանգումն է։ Զրույցի երկար տարբերակը կարող եք կարդալ հաջորդիվ, եթե, իհարկե, պատրաստ եք իմանալ, որ մենք, իրականում, պատմության համար ճանապարհը փոխելու և նորից ու նորից կրկնվելու չափ կարևոր չենք։

Ո՞ր դեպքում և ի՞նչ է կրկնում պատմությունը, կրկնվելը նրա կա՞մքն, թե՞ մեր անգործությունը, ինչո՞ւ ենք մենք նմանություններ գտնում պատմության դասագրքերում՝ մի քանի էջ, իրական կյանքում՝ մի քանի դար հեռավորությամբ կատարված իրադարձությունների մեջ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Պատկերացրեք՝ 15-րդ դարում Գրիգոր Տաթևացուն կամ Գալիլեո Գալիլեյին իր ուսանողը կամ աշակերտը տալիս է ինչ–որ հարց ու նրանք պատասխանում են, որ սա է ճիշտ պատասխանը։ Ու էդ ճիշտ պատասխանը գալիս է մինչև 21-րդ դար։ Հասկանալի է, չէ՞, որ էդպես չի լինում»։

Պատմաբան, դասախոս Զոհրապ Գևորգյանը լավ է ճանաչում պատմությունը։ Մարդկանց՝ նույնպես։ Դրա համար հասկանում է՝ ինչու են այդքան տարածված պատմության կրկնելիության մասին շշուկները։ Մի արտահայտություն պարզաբանելու փորձերը սկսում ենք մեկ այլ` «պատմությունից դասեր քաղել» արտահայտությունից։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է պատմությունը․

«Պատմությունն առաջին հերթին ժամանակի մասին է, կապ չունի՝ 500 տարվա, մի ժամ առաջվա, թե որ ժամանակի։ Ժամանակն այն երևույթն է, որ առավել ուժեղ է մեզ կառավարում։ Մենք առավոտյան արթնանում ենք ժամին նայելով, մեր օրը կառավարում ենք ժամին նայելով և այլ կենսառիթմերը կարգավորելով։ Պատմությունը ուսումնասիրում է ժամանակը, այն նյութը, որն ամենաուժեղն է կառավարում մարդկանց»։

Արձանագրում առաջին՝ պատմությունը ոչ թե անցյալի, այլ ժամանակի մասին է։ Պատմաբանն ասում է՝ ժամանակն ուսումնասիրվում է համեմատությունը հնարավոր դարձնելու համար․

«Ի՞նչ է դա տալիս․ այ, մոտենում ենք պատմության կիրառականությանը։ Երբ երկու ժամանակ համեմատում ես տարբեր տեսանկյուններից՝ ինչն է փոխվել, ինչն է շարունակական, դու ավելի հստակ ես հասկանում քո ժամանակը, որովհետև դու ձեռք ես բերում ժամանակ ուսումնասիրելու հմտություններ»։

Ճանաչելով պատմությունը, այսինքն՝ ժամանակը, կարողանալով հասկանալ՝ ինչ փոփոխություններ են եղել երկու ժամանակների միջև ընկած միջակայքում, գտնելով որոշակի օրինաչափություններ կամ պատճառաբանություններ, մարդը ձեռք է բերում ամենակարևորը՝ սեփական ժամանակը ճանաչելու ունակությունը։

«Երբ մեր հասարակության մեջ, կրթական մշակույթում բավարար կերպով ժամանակների համեմատության, փոփոխությունների, շարունակականությունը ուսումնասիրելու ռազմավարություններ չեն ներդրվում, մարդիկ չեն սովորում ուսումնասիրել և հասկանալ փոփոխությունը, հետևաբար իրենց համար ժամանակի մեջ բոլոր կետերը դառնում են նման»։

Պատմաբանն ասում է՝ «փոփոխություն» բառն անգամ հաճախ սվիններով է ընդունվում։ Սա դեռ անհատական մակարդակում։ Իսկ երբ սրա հետ գործ ենք ունենում առավել լայն իմաստով, ասենք՝ փորձում ենք նկատել մեր այն քայլերը, որոնք հանգեցրել են դրան, ներքին թունդ կոնֆլիկտ ենք ունենում։

—  Երբ որ իրենք անուժ են, և ներքուստ, ենթագիտակցորեն զգում են, որ չեն կարողանում հասկանալ փոփոխությունը, ինքնըստինքյան տիրապետում են այսպիսի արտահայտությունների․ «միևնույն է, ինչ էլ անեմ՝ բան չի փոխվելու»։
— Ճակատագրապաշտությո՞ւն։
— Այո, ֆատալիզմ։ Սրանք այն ինդիկատորներն են, որոնցով դու կարող ես հասարակության մեջ իրական, բովանդակային կրթության մասին գաղափար կազմել։ Ոչ թե ֆորմալ, դիպլոմների, դպրոցների քանակով և այլ քանակական վիճակագրական տվյալներով, այլ իրական բովանդակային կրթության»։

Համեմատությունը անխուսափելիորեն բերում է մի կետի, երբ նկատվում են պատճառները։ Իսկ պատճառի հայտնաբերումը ծանրակշիռ քայլ է դեպի խնդրի լուծում։ Հասարակությունը մեղավորների փնտրտուքներին տրվելու փուլը հաղթահարում է և հասնում է լուծումների փնտրտուքների էտապին։

«Հնարավոր է այնպես անել, որ պատմության որոշ թվացյալ անկասելի իրադարձություններ չկրկնվեն։ Եվ ինչ գործիքակազմ ունի մարդկությունը դա փոխելու կամ առնվազն այլ կերպ դրան վերաբերվելու համար՝ դա առերեսվելն է իր իսկ անցյալի հետ։ Դա ենթադրում է, որ անցյալում կատարված ինչ–որ դրվագներ ամբողջ հասարակությունը փորձում է հասկանալ, փորձում է քաղել դասեր և փորձում է փոխել ինքն իրեն այնպես, որ այլևս նման դրվագներ չկրկնվեն»։

Մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի հետազոտությունները հիշողության, բանավոր պատմության միջոցով պատմության այլընտրանքային նարատիվների գրանցման շուրջ են։ Պատմության թվացյալ կրկնելիությունը կանխելու երկու փոխկապակցված ճանապարհ է նշում՝ ծանոթացում և ընդունում։ Սկսենք վերջից․

«Վերջին շրջանի պատմության ամենահայտնի նման փորձը թերևս ֆաշիստական Գերմանիայի տապալումից հետո էն ամբողջ պրոցեսն էր, որով անցավ Արևմտյան Գերմանիան։ Որպես կապիտուլիացիայի գնացած պարտվող կողմ` ստիպված էր անցնել այդ պրոցեսը՝ առերեսվել իր անցյալին։ Դա ենթադրում է ընդունել ոչ միայն այդ գաղափարախոսության սխալ լինելը, որը հանգեցրեց անփառունակ վախճանի, այլ հասկանալ, որ այդ գործընթացում ցանկացած մարդ եղել է մասնակից։ Պատմության հետ առերեսվելը դա միայն ինչ–որ քավության նոխազներ գտնելը չէ, որ ասես՝ Հիտլերն էր մեղավոր, ես կապ չունեմ, Ստալինն էր մեղավեր ես կապ չունեի, Երիտթուրքերն էին մեղավոր, մնացած մարդիկ մասնակից չէին ցեղասպանությանը, այլ սա ենթադրում է մի շատ ավելի խորքային գործընթաց, երբ հասարակության ցանկացած անդամ այդ գործընթացի մաս է կազմում և փորձում է հասկանալ, թե այդ գործընթացքում ամեն մեկի դերը որն է եղել»։

Մարդաբանն ասում է՝ սա հաջողելու համար պատմությունը պետք է բազմաձայն դարձնել․ սպառել ոչ միայն, օրինակ, դասագրքերի մատուցած պատմությունը, այլ լսել մարդկանց․

«Նույն արցախյան պատմության դեպքում փորձենք հնարավորինս անդրադառնալ ոչ միայն նրան, ինչ մեզ հարազատ է և ինչպես մենք ենք տեսնում դեպքերի զարգացումը, այլ, օրինակ, հասկանալ, թե Հայաստանում ղարաբաղյան շարժման սկզբում ապրած ադրբեջանցիները, որոնք գնացին Հայաստանից, իրենց պատմություններն ի՞նչ են ասում։ Փախստականները, որոնք Ադրբեջանից եկան Հայաստան, հայերը, որոնց թիվը շատ մեծ էր, իրենց ձայնը մինչև հիմա էլ շատ լսելի չէ, մենք իրենց պատմություններին էլ էդպես ծանոթ չենք։ Էդ մարդկանց պատմությունները փորձենք հասկանալ, իրենք բոլորը հարստացնում են պատմության մեր ընկալումը և թույլ կտան բազմակողմանի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և միգուցե այն պրոցեսը, որով կանցնի հասարակությունը, կօգնի, որ հաջորդ անգամ այդ դրվագը չկրկնվի, կամ գոնե այլ կերպ կրկնվի:

Համարելով, թե անցյալը կրկնվում է, կարող ենք վտանգել ապագան․ ծեծված այս միտքը մասնագետները լուրջ ահազանգ են համարում․

«Տարոր Աճեմօղլուն ասում է, որ այն ազգերը, հասարակությունները, որոնք սովորաբար ձախողում են, կամ ձախողման ընթացքի մեջ են, միշտ մեղքը գցում են, օրինակ, աշխարհագրական տեղանքի վրա․ «մեր դիրքը շատ վատն է»։ 90-ականներից այդ նարատիվը գուցե շատ գիտակցված գցվում էր, բայց էդ գիտակցված գցելուց հետո էլ ախր այդ խմորը հասարակությունը լավ էլ վերցնում, ծամում և ուտում էր։ Հասարակություններին շատ վտանգավոր նարատիվների մեջ են պահում, հատկապես մեր հասարակությանը, բայց այլ հարց է՝ ինչու է մեր հասարակությունը, մեր բնակչությունը տրվում այդ նարատիվներին»։

Զոհրապ Գևորգյանն ասում է՝ իմունիտետը կարգավորելու խնդիր ունենք։

— Մեղքը պատմության վրա չգցենք։
— Է գցենք, ի՞նչ է անելու, ի՞նչ ենք ունենալու դրանից։

Փոխարենը պատմաբանը գիտի՝ ինչ ենք ստանալու «պատմությունից դասեր քաղել» նույնքան կարծրատիպացված արտահայտությանն ըստ արժանվույն վերաբերվելու դեպքում։ Սա ապագայի միտումները կանխորոշելու բանալին է, «բա հետո ի՞նչ է լինելու» հարցի պատասխանը գտնելու եզակի տարբերակը։

Back to top button