Երկրորդ շնչառություն

Այսօր ավելին, քան երեկ էր, և պակաս, քան վաղը. չդադարել հավատալ և ամեն ինչ լավ կլինի. Ռոբերտ Ամիրխանյան․ «Երկրորդ շնչառություն»

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդիպում-հարցազրույցն ամենապատասխանատուներից է, կես ժամ առաջ արդեն տեղում եմ, կասկած չունեի, թե Մաեստրոն կարող է ուշանալ:

Հանրային ռադիոյի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները ժպիտով են ողջունում նրան ու բացառության կարգով անձնագիրը չեն ստուգում: Նա թեթևությամբ բարձրանում է երրորդ հարկ, ճանապարհին նկատում է պատերի բոլոր ֆոտոները, դիմանկարները: Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրն է եղել, հին աշխատողներից ոմանք ողջագուրվելով են բարևում:

Մի քիչ ճանաչում եմ Մաեստրոյին ու գիտեմ, որ նրա հետ ամենակարևորն անկեղծ լինելն է: Ասում եմ՝ գիտե՞ք, որ չափազանց շատ եմ հուզվում, ինձ համար ձեզ հետ հարցազրույցը մեծ պատիվ է ու պատասխանատվություն:

Երկրորդ շնչառությունը առաջին հայկական հաղորդաշարն է՝ տարեցների համար, տարեցների մասին, ու թեև Մաեստրոն այս տարի դառնում է 84 տարեկան, մենք նախնական սցենարից շատ ավելի ենք շեղվում, նրա ասելիքն անանձնական է:

«Մեզ հարկավոր է ազգային միասնության գաղափարը ձևավորել, որի բացակայությունը, ցավոք սրտի, մեզ տանում է տարբեր դաշտեր, որտեղ վտանգված են ոչ միայն մեր լեզվի անաղարտության, մեր երեխաների երաժշտական ճաշակի հարցերը, այլև մեր մեր հայրենիքի պաշտպանությունը»,-մտահոգությունն է կիսում Ռ.Ամիրխանյանը:

Անհանգստացած է, որ իր բառերով՝ առարկայությունն ու ցուցադրականությունն այսօր մեր առօրյա կյանքի ուղեկիցներն են դարձել:

«Մենք ուզում ենք, որ մեր սահմանները պահպանվեն, բայց դրանք, նախ, մեր ներսում պետք է պահպանվեն, մեր միասնության սահմանները պետք է կարողանանք գտնել, որպեսզի ամեն մարդ մեղադրողը չլինի, եթե բան ունես ասելու, վեր կաց միացիր և ասա, ոչ թե մեղադրիր մեկ ուրիշին, եթե կարող ես՝ օգնիր: Մենք ոչ թե պետք է մեկս մյուսի մասին վատն ասենք, այլ խոսենք այն մասին, թե ինչը մեզ մոտ չի ստացվել»,- բացատրում է նա: Միավորող գաղափարներ կարող են լինել  մեր լեզվի անաղարտությունը և երաժշտական ճաշակը բարձր պահելու հարցերը: Նա բացատրում է, որ ինչպես երաժշտությունն ու բանաստեղծությունն են հավետ կապված, այնպես էլ մարդը, եթե անգամ հեռանում է մյուս մարդուց, միևնույնն է, բաժանում չի լինում, բոլոր մարդիկ կապված են միմյանց:

«Չէ՞ որ Հայրենիք հասկացողությունը ձևավորվում է մեր բոլորի հոգևոր կապվածության արդյունքում, չէ՞ որ մեր բոլոր գործերի հիմքում մեր միասնությունն է»,- ասում է Մաեստրոն՝ բացատրելով, որ իրար քննադատելու և փնովելու մեր այսօրվա իրականությունը մեզ հեռու չի տանի, պետք է ազգային միասնության գաղափարը ձևավորել:

«Չեմ ուզում փողոց դուրս գալ, ես չեմ կարող հայ մարդուն մեկը մյուսից հեռացած տեսնել։ Եթե մենք բոլորս միմյանց նկատմամբ այսպես մերժողական տրամադրվածությամբ ենք, բա էլ ոնց մենք հույս ունենք, թե ամերիկաները, անգլիաները գալու են մեր կողքը կանգնեն և մեզ պաշտպանեն, թե մենք միասնական չենք»,- հռետորական հարց է բարձրացնում Մաեստրոն:

Մուսան՝ ներսում, շարժման էներգիան՝ գաղափարից ու մարդկային շփումներից

Մի առիթով Ռ.Ամիրխանյանն ասել է, որ պատրաստ է աշխարհի ամենահեռու կետը գնալ, եթե իր ստեղծած երաժշտությունը լսելու ցանկություն հայտնող լինի: Այս օրերին հանրակրթական դպրոցներից են հրավիրում, չի զլանում հերթով գնում է:

«Մեր կյանքի շարունակականության հիմքում, նախ, իդեան է՝ գաղափարը, դրանից էլ ծնվում են անելիքները այսօր այս ձևով, վաղը՝ մեկ այլ»,-ասում է նա՝ հավելելով, որ ամեն մարդու գաղափարական ընթացքը բերում է այն հանգրվանին, որ նա կյանքում ոչ թե ուրիշից է որևէ բան ակնկալում, այլ ինքն է պատրաստ ուրիշին ինչ-որ բան հաղորդել։

«Դրա համար հարկավոր է ունենալ գաղափարը, գիտակցությունը և խորամուխ լինել ներքին ապրումների մեջ»,- համոզված է նա։ Կոմպոզիտորի մուսան նաև դիմացը կանգնած մյուս մարդն է, որին նա բարձրագույն արժեք է համարում, քանի դեռ նա չի սկսել ստել և մյուսներին չնկատելու աստիճանի չի կենտրոնացել իր սեփական անձի վրա:

«Այն երգիչը, որ բեմ է դուրս գալիս ու բեմական մոգական պահից առաջ զբաղված է իր արտաքինի այս կամ այն մասը շտկելով և ծայրահեղ տարված է ինքն իրենով, դրանով նա բացառում է, որ կարող է երկխոսության և կապի մեջ մտնել մեկ ուրիշի հետ։ Այսինքն, դու խոսում ես միայն քո մասին»,- ասում է նա: Ստեղծագործողի երկարակեցության գաղտնիքը գաղափարի ու գործի մեջ եղած հիացումն է, և որքան խորն է այն, տվյալ ստեղծագործությունն ավելի երկար կյանք է ունենում:

Հարցազրույցից ժամեր առաջ է ավարտել մի նոր ստեղծագործություն՝ գրված Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» վիպակի հիման վրա: Առաջնորդող նոր գաղափարի հիմք է դարձել այս ստեղծագործությունը. այսօր ավելին, քան երեկ էր և պակաս, քան վաղը կլինի: Գաղափարն այն է, որ ինչպես ճայն է ամեն օր ուտելիք հայթայթելուց զատ ձգտում մի քիչ ավելի բարձր ճախրել, քան նախորդ օրը, այնպես էլ մարդը չդադարի ձգտել ավելիին:

Աշխարհի երկրների ամենահայտնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը կոմպոզիտորը նախատեսում է համերգի միջոցով ներկայացնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին՝ բացատրելու, որ հայը տարբերվում է հարևաններից, չունի նախահարձակ հատկություն և վստահությունը մարդ արարածի հանդեպ, նրա բարությունն ու ոչ նյութապաշտությունը հանգեցրել են այն բանին, որ տեր չենք կանգնել մեր Հայրենիքին: Պատահական չէ, որ անգամ մեր բանակի հիմներգն է ստանդատ քայլերգային չորս քառորդից դուրս, ստեղծարար ժողովուրդը բանակի հիմներգ է դարձնում առ Հայրենիք սիրո երգը: Վերջին ստեղծագործություններից է նաև «Արծվաթև երազը», երբ ժայռի ծայրին կանգնած ու հեռուները ճախրող արծվին երգողը խնդրում է իրեն էլ հետը տանել, որ հեռուներում փնտրի կորցրած երազն ու սերը:

Ազատությունը շատ վատ բան է, եթե սահմանափակելու միջոցներ չունի

Երաժշտական ճաշակը պետք է և հնարավոր է ձևավորել, եթե նման նպատակ լինի: «Ի՞նչ է նշանակում թուրքական էլեմենտներ մտցնել մեր երաժշտության կազմի մեջ։ Ի՞նչ է նշանակում 10-12 տարեկան երեխաներին բեմի վրա ցույց տալ այնպիսի շարժումներով, որ նույնիսկ չեմ էլ կարող նկարագրել»,- անկեղծանում է Ռոբերտ Ամիրխանյանը՝ մտահոգիչ համարելով նաև հայերենի անաղարտության հարցը:

«Ինձ շատ ցավեցնում հայոց լեզվի ճակատագիրը, առօրյա մեր խոսակցականում արդեն գերակշռում է արարատյան բարբառի ա-երով խոսելը, դա հնչում է նաև քաղաքական գործիչների բերանի, հեռուստատեսությունով»,- արձանագրում է նա՝ զարմանալով, թե ուր է մնացել մեր գրականությունը:

Ըստ Մաեստրոյի՝ ազատությունը չի նշանակում անել այն, ինչ ուզում ես: «Շատ վատ բան է ազատությունը, եթե այն իրեն սահմանափակելու միջոցները չունի»,- արձանագրում է նա: Իսկ այն հարցին, թե ինչի կարիք ունի հասակն առած և հատկապես արժեք ստեղծած տարեց մարդը մեր երկրում, Մաեստրոն չի խոսում նյութական որևէ արժեքից, նա հուզմունքը զսպելով մեր առօրյայից պատկերավոր օրինակներ է բերում՝ խնդրելով հավատալ իրեն, չծիծաղել, բայց նաև չհուզվել. գրական խոսելն արդեն տարօրինակ է դիտվում, փողոցում ինքնագլորներն ագրեսիվ ազդանշանով զգուշացնում են հետիոտնին իրենց վերահաս մոտեցման մասին, ալեհեր անծանոթի հետ երիտասարդները «դու»-ով են խոսում, փողոցում քայլելիս մարդիկ մոռանում եմ, որ շուրջբոլորն իրենցից բացի այլ մարդիկ կան, երբ իրանցի և ռուս փողոցային երաժիշտները Երևանում վիճում են տեղի համար՝ «խլացնելով» իր տանը ռոյալի առաջ երաժշտություն ստեղծող հայ կոմպոզիտորին:  

Հաղորդումը լավատեսորեն ավարտելու իմ խնդրանքը Ռոբերտ Ամիրխանյանն անպատասխան չի թողնում. «Ժպտալ, հավատալ, բռունցք դառնալ, և ամեն ինչ շատ լավ կլինի»,-եզրափակում է զրույցը Մաեստրոն:

Back to top button