Ժամանակի վկան

«Ռեքվիեմ»-ի նոր կյանքը․ Արմինե Թամրազյան-Դավոյան․ «Ժամանակի վկան»

Ճանաչված բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմն ամբողջական տեսքով հրատարակվեց 2023 թ․ գարնանը։ Բանաստեղծի ցանկությունը՝ կյանքի տարբեր փուլերում գրված պոեմի երեք հատվածները հրատարակված տեսնել մեկ գրքով, իրականություն դարձրեց նրա կինը՝ թարգմանչուհի Արմինե Թամրազյան-Դավոյանը։ Նա հաղորդման հյուրն է և միասին վեր ենք հանելու «Ռեքվիեմ»-ի ամբողջական պատմությունը՝ սկսած անցյալ դարի 60-ական թվականների վերջից, երբ այն հրատարակվեց առաջին անգամ։

2016 թվականին «Ռեքվիեմ»-ի անգլերեն տպագրությունն առանձին գրքով իրադարձային էր ոչ միայն Ռազմիկ Դավոյանի, այլև՝ հայ բանաստեղծության համար, ընդհանրապես։

Բանաստեղծի ավագ որդու՝ Մհերի անժամանակ մահը խոր ցնցում և ապրումներ առաջացրեց նրա հոգում և կանխորոշեց «Ռեքվիեմ»-ի վերջին՝ «Ի հավելումն «Ռեքվիեմ»-ի, Մհեր» հատվածի լույս աշխարհ գալը, որից հետո Ռազմիկ Դավոյանն անհրաժեշտություն էր համարում պոեմի բոլոր հատվածների մեկ գրքով ամբողջական հրատարակությունը։

Թարգմանչուհին անդրադարձավ նաև այն խոչընդոտներին, որոնց առերեսվել էր գիրքը կազմելու մանրակրկիտ ու հոգատար աշխատանքի ընթացքում։

Ի վերջո, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի նվիրական ցանկությունը՝ իր կյանքի կարևոր ստեղծագործությունն ամբողջական, մեկ գրքով տպագրված տեսնելը իրականացնելով՝ Արմինե Թամրազյան-Դավոյանը միաժամանակ երկու առաքելություն կյանքի կոչեց՝ կարծես փակեց միակ բաց էջը և դրանով իսկ նոր սկիզբ հաղորդեց «Ռեքվիեմ»-ին՝ ինքնուրույն, նորովի և ամբողջական կյանք սկսելու և հայ գրականության հարուստ անդաստանում շարունակելու ընթացքը՝ արդեն առանց իրեն սնած հեղինակի։

«Ռեքվիեմ» պոեմի գեղարվեստական խորհուրդը կյանքի ու մահվան հավերժական հակադրությունն է և բնականությունը, կյանքի հրաշք շարունակականությունն ու մարդկային հոգու տվայտանքը, հավատի ու լույսի նրա ձգտումը։

«Ռեքվիեմ»-ի բարձրաձայնած թեմաները բազմաթիվ ու բազմազան են, բայց առանցքում մարդն է՝ իր բոլոր հոգեվիճակներով։

Դավոյանի «Ռեքվիեմ»-ը բոլոր ժամանակների համար է, այն խիստ արդիական է նաև մեր օրերում։

Սույն թվականի ապրիլի 6-ին «Արդեան» ցուցասրահում տեղի ունեցավ «Ռեքվիեմ»-ի նոր հրատարակության շնորհանդեսը, որտեղ պոեմի ամբողջական պատմությունը և կատարված աշխատանքը ներկայացրեց Արմինե Թամրազյան-Դավոյանը, ողջույնի խոսքով հանդես եկավ գրականագետ Դավիթ Գասպարյանը, Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործությունների կատարումներով՝ Վահան Արծրունին, իսկ պոեմից հատվածների ընթերցմամբ՝ Գրետա Մեջլումյանը։

Ավարտելով հաղորդումը, կրկին շնորհավորենք Ռազմիկ Դավոյանի կնոջը՝ թարգմանչուհի Արմինե Թամրազյան-Դավոյանին, և գրական հանրությանը «Ռեքվիեմ»-ի ամբողջական հրատարակության առթիվ, իսկ պոեմին մաղթենք գրական երկար կյանք։

Back to top button