Վերնատուն

Հայկական «աշխարհի» բազմաչափությունը՝ իտալերենով․ «Վերնատուն»

«Ակտուալ արվեստ» հրատարակությամբ տպագրված Ե․ Չարենցի «Դանթեական առասպել» և Հ․ Թումանյանի «Լոռեցի Սաքոն և այլ ստեղծագործություններ» իտալերեն ժողովածուների թարգմանության հեղինակը Իտալիայի Պադովայի համալսարանի նախկին պրոֆեսոր, աշխարհագրագետ, ճանապարհորդ, գրող Պիերպաոլո Ֆաջջին է, որը հայերեն սկսել է սովորել համաճարակի ընթացքում՝ մասնակցելով Գրիգոր Ղազարյանի առցանց հայերեն դասընթացներին։

Մինչ հայերեն սովորելը իտալացի թարգմանիչը, հյուսիսից հարավ մի քանի անգամ ոտքով անցել է Հայաստանը, նրան մնում էր լեզուն սովորել, որպեսզի կարողանար ազատ հաղորդակցվել Հայաստանի տարբեր մարզերի իր բազմաթիվ ընկերների հետ։

ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանիչ Գրիգոր Ղազարյանը պատմում է, որ «Լոռեցի Սաքոյի» թարգմանության գաղափարը հղացել է Լոռվա ճամփորդության ընթացքում, երբ Պիերպաոլո Ֆաջջին հմայվել է ձորի պատկերով, որը նաև կապվում է Սաքոյի հոգեվիճակի հետ։ Իտալացի ճանապարհորդին ու թարգմանիչին ստեղծագործությունը նախևառաջ հմայել է իր աշխարահագրական, նշանագիտական տեսանկյունից։

«Նշանագիտական տեսանկյունից նկատել է, որ հայկական աշխարհը բաժանված է աշխարհների, որոնք բարձրավանդակների վրա են զարգանում, և նա դա կոչում է սարահարթեր, որոնք միմյանցից զատվում են ձորերով։ Ու եթե դուք Հայաստանը բնորոշում եք՝ ասելով՝ մենք ենք մեր սարերը, պիտի ավելացնեք նաև մենք ենք մեր ձորերը։ Դրանք փոքրիկ աշխարհներ են, որոնք մեծ աշխարհ են կառուցում», – Ֆաջջիի մոտեցումները մեկնաբանում է Գրիգոր Ղազարյանը, հետո հավելում է, որ պատահական չէ, որ Ֆաջջին հայերեն բառարաններում փնտրել է «աշխարհ» բառի բազմիամաստ ու բազմաչափ կիրառությունները։

«Ակտուալ» արվեստ հրատարակչության իտալերենից հայերեն թարգմանական ու հայ գրականությունը Իտալիայում ներկայացնելու նախաձեռնությունը շարունակվելու է։

Back to top button