Մտքի ուժը

Կավիճ, գրատախտակ, համակարգիչ․ ինչպե՞ս է զարգանում ֆունդամենտալ գիտությունը Հայաստանում․ «Մտքի ուժը»

Նրանց աշխատանքային գործիքները թուղթն ու գրիչը, կավիճը, գրատախտակն ու համակարգիչն են։ Փորձերի փոխարեն հաշվարկներ են անում։ Ալիխանյանի անվան ազգային գիտական  լաբորատորիայի Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնը վերանորոգված է, լուսավոր, ֆունդամենտալ գիտության համար անհրաժեշտ կահավորանքով, պատմում է կնետրոնի ղեկավար Ռուբեն Մանվելյանը․

«Հիմնականում տեսական ֆիզիկայով ենք զբաղվում։ Կարելի է ասել՝ փորձում ենք համատեղել քվանտային տեսությունը ճշգրիտ լուծվող մոդելների տեսության հետ։ Իսկ դա նշանակում է, որ փորձում ենք անգամ ճշգրիտ տեսություններ ստանալ։ Սա այն դեպքն է, որ կիրառական չէ, բայց շատ կարևոր ուղղություն է»։

Այն, որ Հայաստանում ֆունդամենտալ գիտությունը զարգանում է, վկայում են նաև գիտության կոմիտեի կողմից տրամադրված դրամաշնորհները՝ առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների համար։ Շահել են չորս երկարաժամկետ ծրագիր հինգ տարվա համար՝ մոտ 140 մլն դրամ արժողությամբ։ Հենց այդ միջոցներով էլ վերանորոգում են կատարել, անհրաժեշտ գույք ու համակարգչային տեխնիկա ձեռք բերել։

Ռուբեն Մանվելյանը հիշում է, թե ինչպես էին 1980-ականներին գիտությամբ զբաղվում։ Ասում է՝ այդ ժամանակ գիտությամբ զբաղվելը ոչ թե հեշտ էր, այլ՝ հետաքրքիր։ Ֆունդամենտալ գիտությունը հետաքրքիր էր երիտասրադներին։ Այժմ այդպես չէ․   «Այդ տեղը գրավել է IT ոլորտը՝ բարձր աշխատավարձով, բայց դա չի կարող երկար շարունակվել քանի որ չի բերում ազգի ինտելեկտուալ զարգացման։ Գուցե կյանքն ու մակարդակը ընդհանրապես պրիմիտիվացնի։ Մեր երկրում ամեն ինչ էլ կա, մենք քանի որ փոքր երկիր ենք, պետք է խելացի լինենք, որ բերի ընդհանուր զարգացման։ Ֆունդամենտալ գիտությունը մեր երկրում գոյություն ունի դեռ շնորհիվ Սովետական միության»։

Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիական գիտությունների դոկտոր Հրաչյա Բաբուջյանը ֆունդամենտալ գիտությամբ զբաղվում է մոտ չորս տասնամյակ։ Նրա աշխատանքային օրը սկսվում է մեկ բաժակ սուրճով ու մաթեմատիական հաշվարկներով։ Այդ ընթացքում հասցնում է նաև ֆունդամենտալ գիտության համաշխարհային զարգացումների հետ ծանոթանալ. «Կարդում եմ, հաշվում եմ, մենք օդից կտրված չենք։ Ես այստեղ եմ  1976 թվականից։ Մոսկվայում եմ նաև սովորել։ Ես թվերին սովորել եմ, առանց դրանց չեմ կարող։ Խնդիրները հնարավոր է ճշգրիտ լուծել»։

Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոն երիտասրադները գալիս են։ Սրա ապացույցը նաև ստացված դրամաշնորհներն են։ Գումար ստանալու պարտադիր պայմաններից է նաև երիտասարդ գիտաշխատողների առկայությունը։ Բայց նրանց մեծ մասը որոշ ժամանակ անց հեռանում է գիտությունից։ Թե ինչու են երիտասարները հեռանում, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի ղեկավար Ռուբեն Մանվելյանն է պատասխանում։

«Որովհետև չկան։ Բնական գիտությունների ֆակուլտետներում ուսանողների քանակը նվազել է։ Նրանց մեծ մասը գնում է ՏՏ ոլորտ։ Գալիս են ուսանողները, սովորում են, խելոքանում են, գնում են ՏՏ ոլորտ։ Պետք է շատ մարդ գա, որ մի մասը մնա գիտության մեջ։ Մեր պարտքն է կրթել դարձնել գիտնական։ Գիտությունը բարդ գործ է, պահանջում է ուժ, նվիրում, ռեսուրս։ Եթե դուք համարում եք, որ կարևորը փող աշխատելն է, բնականաբար դա լավագույն գործը չէ»։

Բայց գիտության մեջ գումարներ կան՝ նախ բազային աշխատավարձն է բարձրացվել։ Ապա նաև օգնության են գալիս դրամաշնորհները։ Գիտնականն ասում է, որ այդ գումարները գիտություն սիրողի համար բավարար են։ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն արդեն կարելի է համեմատել Արևելյան Եվրոպայի երկրների  ֆինանսավորման հետ։ Մինչև վերջին բարձրացումներն ընդհանրապես հնարավոր չէր առանց դրամաշնորհի գոյատևել՝ արձանագրում է Ռուբեն Մանվելյանը։ Այս կենտրոնում էլ սերնդափոխության խնդիր ունեն։ 40 աշխատողից 16-ը գիտության դոկտոր են։ Ռուբեն Մանվելյանն ընդգծում է՝ դա մի կողմից լավ է, մյուս կողմից էլ՝ ոչ։ Կենտրոնում երիտասարդներն են քիչ՝ աշխատողների մոտ 20 տոկոսը։ Մինչդեռ արտերկում հակառակն է։

Գիտական այս կենտրոնում խոստովանում են՝ գիտությունը սեր է ամբողջ կյանքի համար, ինչպես օրինակ կենտրոնի առաջատար գիտաշխատող Հրաչյա Բաբուջյանի դեպքում է։ Խոստովանում է՝ գիտությունը չի կարող թողնել, անգամ չգիտի՝ ինչ կաներ, եթե այս ոլորտում չլիներ։

Back to top button