Մոռացված ֆիլմերի ստվերները

«Հայֆիլմի» վերելքն ու մերօրյա ճգնաժամը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հարյուր տարի առաջ, գարնան ծաղկունքի այս ապրիլ ամսվա 16-ին է ծնվել հայկինոն։ Մեծ քայլերով զարգացող Խորհրդային Հայաստանի կինոարտադրությունը կարճ ժամանակից դարձել է Միությունում առաջատարներից մեկը։ Իսկ հաջողություններ գրանցող և մեծ ապագա խոստացող այդ արվեստի կենսագրությունը օր-օրի հարստացել է հայկական կինոյի նվիրյալների անուններով։


Ընդունված է հոբելյանների առիթով խոսել հաջողությունների, նվաճումների ու ծաղկուն ներկայի մասին, բայց մեր պարագայում ցավոք, քիչ այլ է վիճակը։
 

Խորհրդային կարգերի հաստատումից երեք տարի անց, Դանիել Դզնունու՝ Հայաստանի Կենտգործկոմին ուղղած պաշտոնական գրության հիման վրա ստեղծված հայկինոն ֆինանսավորվում էր պետության կողմից:

Ըստ մշակված համակարգի կինոարտադրության բոլոր մասնակիցների՝ սցենարիստ, օպերատոր, ռեժիսոր, բեմանկարիչ և մյուս մասնագետների ուսումնառության սկզբից մինչև արտադրություն պետության պատասխանատվության ոլորտում էր:
 

Խորհրդային Միության փլուզման հետ փլուզվեց նաև այդ տարիներին մշակված համակարգը։
2000-ականների սկզբին, իսկ ավելի ստույգ՝  2005 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհվեց, շենքի ճակատային պատից անհետացավ «Հայֆիլմի» խորհրդանիշ Սասունցի Դավթի քարե քանդակը։ Այս փոքրիկ, բայց խորհրդանշական մանրամասների փոփոխությունից արդեն հասկանալի էր, թե ինչերի միջով պետք է անցներ Հայաստանի  հարուստ կենսագրություն ունեցող կինոստուդիան։

«Հայֆիլմի» ծաղկուն տարիներին սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ Հայկինոյի զարգացման և կայացման գործում մեծ է հանրությանը շատ կամ քիչ հայտնի բազմաթիվ արվեստագետների ներդրումը, որոնք պահպանելով Հայ մշակույթի ավանդույթները, իրենց ինքնատիպ ձեռագրով ստեղծեցին բազմաթիվ արժեքավոր կինոնկարներ:

Դավիթ Մուրադյան

«Որպես արտադրական և ստեղծագործական միավորում, հայկինոն ապրիլ ամսին է հիմնադրվել։ Եվ շատ կարևոր է, որ այս հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում հիշվեն և գնահատվեն երախտավորները, որոնք տարբեր տասնամյակներում իրենց նվիրումն են բերել հայկինոյի զարգացման գործին»,-ասում է Դավիթ Մուրադյանը։

Ընդունված ճշմարտություն է, որ արվեստը կյանքի հայելին է։ Արվեստագետները ձգտում են գեղեցկացնել կյանքը և զարմանալի չէ, որ իրենց ստեղծագործություններում նրանք արտացոլում են կյանքի առավել գեղեցիկ կողմերը։ Այդ արտացոլանքը բնութագրում է նաև իրենց՝ արվեստ արարողներին, նրանց աշխարհայացքը, սկզբունքները։ Այդպես կինոնկարը դառնում է պատմություն և՛ ժամանակի, և՛արվեստի, և՛ արվեստագետի մասին։

Հայկինոյի փառահեղ հոբելյանի առիթով տեղին է հիշել և ներկայացնել, ինչպես Դավիթ Մուրադյանն է բնորոշում նրանց՝ այդ արվեստի պատմությունը ստեղծած նվիրյալ երախտավորներին։

Արկադի Հայրապետյան

Այդ արվեստագետներից էր կինոյով ապրող ու կինոն պաշտող ռեժիսոր Արկադի Հայրապետյանը, որի  հետաքրքիր ռեժիսորական ձեռագրի, կազմակերպչական ու ստեղծագործական մեծ տաղանդի շնորհիվ ծնվեցին սիրված շատ ֆիլմեր, որ իրենց պատվավոր տեղն ունեն հայ կինոյի պատմության մեջ։

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը, որ համագործակցել է Արկադի Հայրապետյանի հետ, նրան բնութագրում է որպես արտակարգ նախազգացում ունեցող, խիստ անմիջական, ընկերներին միշտ օգնելու պատրաստ մարդու, որի մասին «Հայֆիլմում»  լեգենդներ էին պատմում :

Հրանտ Հակոբյան

«Արկադի Հայրապետյանը «Հայֆիլմում» բազմաթիվ ֆիլմերում հանդես է եկել որպես երկրորդ ռեժիսոր և փայլուն է կատարել իր առջև դրված առաջադրանքները։ Չկար մի բան, որ նրա համար անկարելի լիներ»,-այսպես է վերհիշում իր ավագ գործընկերոջը Հրանտ Հակոբյանը։

Կինոռեժիսորի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, վերհիշելով «Գործուղում առողջարան» ֆիլմի նկարահանումները, պատմում է, որ արձակագիր Մանուկ Մնացականյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի պատվերով իր «Բաղդասար» վիպակը վերածում է կինոսցենարի։ «Գործուղում առողջարան» վերնագրով սցենարի նկարահանումը վստահվում է կինոռեժիսոր Արկադի Հայրապետյանին։

Անահիտ Հայրապետյան

«Խորհրդային տարիներին «Հայֆիլմը» տարեկան չորսից հինգ ֆիլմ էր արտադրում: Կինոսցենարները հաստատում էր «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիան, որից հետո դրանք բաշխվում էին հայտ ներկայացրած ռեժիսորների միջև: Այդ տարի որոշվեց, որ Մանուկ Մնացականյանի կինոսցենարի հիման վրա ֆիլմ պետք է նկարահանի հայրս»,- պատմում է Անահիտ Հայրապետյանը։

Ավելի քան չորս տասնամյակ առաջ այս ֆիլմի նկարահանումները նախաձեռնող Արկադի Հայրապետյանի մտքով անգամ չէր անցնի, որ տարիներ անց  «Հայֆիլմ» կինոստուդիան կսեփականաշնորհվի CS Media city հոլդինգի մաս կազմող Armenia Studios ընկերությանը։

Կինոստուդիայի նոր տնօրինությունը պայմանագրի համաձայն, պարտավորվել էր 10 տարվա ընթացքում 70 մլն դոլար ներդնել։ Նախատեսվում էր տարեկան 4 գեղարվեստական, 3 մուլտիպլիկացիոն և 5 կարճամետրաժ ֆիլմ նկարահանել։ Սակայն որոշված ժամկետներում ոչ մի ֆիլմ չարտադրվեց։

Տարիների ընթացքում շենքն անպետք դարձավ, կահույքն ու սարքավորումները օտարվեցին։ 2015 թվականի ամռանը ստուդիան վերադարձվեց պետությանը։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ չնայած կինոստուդիայի այդ ոդիսականին, այնուամենայնիվ, դրական քայլ էր, որ պետությունը գնորդից հետ էր վերցրել ստուդիան և հնարավոր կլիներ  իրականացնել ներդրումային ծրագերեր, երկրում զարգացնել կինոարտադրությունը։

Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան

«Ըստ էության վաճառված ու նորից պետականացված «Հայֆիլմ» կինոստուդիան այսօր կա, բայց ցավոք կինոյի կյանքով չի ապրում։  Այսօր մեզ համար կարևոր է պահպանել այն գեղարվեստական նաև տեխնիկական պոտենցիալը, որ ժամանակին կար։ Կինոն միայն արվեստագետները չեն ստեղծում։ Կինոյի հետ կապված բազում այլ մասնագիտություններ կան առանց որոնց սյն չի կայանում։ Մենք այդպիսի մի պոնտեցիալ վերականգնելու պահանջ ունենք այսօր»,-շեշտում է Դավիթ Մուրադյանը։

Արկադի Հայրապետյանը, կամ ինչպես ընկերներն էին սիրում նրան դիմել՝ Պետրովիչն իր մարդկային և մասնագիտական առանձնահատկություններով, ռեժիսորական ձեռագրով անմոռանալի հետք թողեց հայ կինոյի պատմության մեջ։

Նրա նկարահանած ֆիլմերը իր ապրած ժամանակաշրջանի տարեգրությունն են, կյանքի իրոք, հայելային արտացոլանքը։ Հայկական կինոյի 100-ամյա հոբելյանի առիթով վերհիշելով և արժանին մատուցելով այդ դարը կերտող արվեստագետներին, հոբելյանական միջոցառումները կվերածվեն անհատականությունների հրավառության։

Back to top button