Դպրություն

Մեր պատմությունն ու զենքը․ ինչու սովորել գրաբար․ «Դպրություն»

Ամփոփվել են ԵՊՀ – ում ավանդական դարձած գրաբարի օլիմպիադայի արդյունքները: Օլիպիադան անցկացվեց երկու անվանակարգում՝ աշխարհաբարից գրաբար փոխադրություն և գրաբարով շարադրություն։

Օլիմպիադայի 1-ին անվանակարգի համար մասնակիցներն աշխարհաբար տեքստը փոխադրել են գրաբարի: Երկրորդ անվանակարգի համար մասնակիցները գրել են գրաբարով շարադրություն՝ «Երկիր Նաիրի Հայաստանս» խորագրով։

Նարինե Դիլբարյան

«Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը միշտ կարևորել է խնդիրը՝ ապահովել կապը ներկայի և անցյալի միջև, այսինքն՝ մեր ազգային հիմքերը ամուր պահել։ Ազգային ինքնության հիմքերից կարևորագույնը մայրենի լեզուն է՝ իր առաջին գրական տարբերակով, այսինքն՝ հին, դասական, ոսկեղենիկ հայերենով, ինչպիսին գրաբարն է։ Եվ այս օլիմպիադայում ամեն ինչ արվեց, որպեսզի գրաբարագետների փաղանգը ուժեղանա, որովհետև գրաբար իմացողը իսկապես զինվոր է»,-ասում է ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց ¬լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Ժենյա Ղազարյան

«Ինչպե՞ս համարձակվեցի շարադրություն գրել գրաբարով։ Անվանակարգեր ընտրելիս ես գիտեի, որ փոխադրությունը՝ աշխարհաբարից գրաբար, արդեն հաղթահարված է ինձ համար։ Որոշեցի ինձ մարտահրավեր նետել՝ գրել շարադրություն։ Ինչ որ լեզվով շարադրություն գրելու համար պետք է մտածել այդ լեզվով, ունենալ հստակ լեզվամտածողություն։ Անընդհատ գրքեր կարդալով, գրաբարով ստեղծագործություններ կարդալով, «Նարեկ» կարդալով՝ վերհիշեցի այն ամենը, ինչ անցել էինք ուսումնառության ընթացքում։ Եվ խնդիրը պատվով հաղթահարվեց», – ասում է «Լավագոյն գրաբարագետ» խորագրով օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակակիր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա Ղազարյանը։

Նենսի Բարսեղյան

«Դպրոցում իհարկե գրաբար չենք սովորել։ Երբ եկա համալսարան, դասախոսիս՝ տ․Դիլբարյանի շնորհիվ, ես բացեցի գրաբարի դռները։ Որոշեցի մասնակցել «Լավագույն գրաբարագետ» օլիմպիադային և կարող եմ ասել, որ իմ սպասելիքները արդարացան։ Ես գոհ էի ինձնից, որ այս կարճ ժամանակահատվածում կարողացա յուրացնել այն ամենը, ինչ որ տեղ գտավ իմ փոխադրության մեջ», – ասում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 1 կուրսի ուսանողուհի Նենսի Բարսեղյանը։

Back to top button