

Բացի Սուրբ Ղազար կղզուց, Իտալիայի տարբեր քաղաքների գրադարաններում պահվում են բազմաթիվ հայկական ձեռագիր մատյաններ։ Պատմաբան Խաչիկ Հարությունյանն ուսումնասիրել է դրանցից շատերը։
«Հայ-իտալական կապերը դարերի պատմություն ունեն։ Հյուսիսից հարավ տարբեր քաղաքներում եղել են Հայոց տներ։ Հայ-իտալական կապերը միջնադարից սկսած շատ ամուր և բազմակողմանի են եղել։ Իտալիայի շատ քաղաքների գրադարաններում պահվում են հայկական ձեռագիր մատյաններ», – ասում է պատմաբանը։




Նա աշխատել է Բոլոնիայի համալսարանի գրադարանում, որտեղ պահվում են բացառիկ ձեռագրեր։ Հատկապես հետաքրքիր է շքեղ նկարազարդված Ավետարանը, որը Հռոմի պապի նվերն է։




Բացառիկ է նաև Քյոմյուրճյանի երեք մետրանոց քարտեզը, որի վրա պատկերված են հայկական բոլոր սրբավայրերը։ Խաչիկը տեսել է տարբեր գրադարաններում պահվող շատ ձեռագրեր և վկայում է, որ դրանք պահվում են խնամքով, հատուկ պայմաններում, և դրանցից յուրաքանչյուրը մեր ինքնության վկայությունն է։ Ձեռագրերը հասու են բոլորին և հետաքրքրում են եվրոպացի հայագետներին։