Վերնատուն

Ի՞նչն է միավորում Մարկիզ դե Սադին ու Մեսրոպ Մաշտոցին․ «Վերնատուն»

«Բան չէ» վերնագրով մշակութային նոր պարբերականը փորձում է վերականգնել տպագիր պարբերականի մշակույթը։ Սա, հեղինակների բնորոշմամբ, «անկանոն պարբերական է», որտեղ կարող են միավորվել տարբեր ժամանակների ու մշակույթների մարդիկ, արտասովոր թեմաներն ու երևույթները՝ հեղինակային մոտեցմամբ։

Պարբերականի հեղինակները՝ կոմիքս նկարիչ , պատկերապատող Շամիրամ Խաչատրյանն ու արձակագիր Երվանդ Վարդանյանը պատմում են պարբերականի բովանդակության ու կոնցեպտի մասին։ Շամիրամ Խաչատրյանը պատմում է, որ մինչև այս նախաձեռնությունը մեծ ակտիվությամբ ուսումնասիրում էր 19- 20-րդ դարի հայ պատկերազարդ մամուլը։ Ասում է՝ այդ ամենը թերթելով «նախանձեցի», ուզեցի ստեղծել մեր օրերի նկարազարդ պարբերականը։

«Նախանձելի էր վիզուալ և բովանդակային հարստությունը, շատ հետաքրքիր էր և մեր ժամանակներում չէր կորցրել իր արդիությունը։ Ես շատ ափսոսացի, որ մենք չունենք մեր ժամանակները նկարագրող որևէ բան»,– ասում է Շամիրամ Խաչատրյանը։

Առաջին համարը, ինչպես հեղինակներն են ասում, ուսումնասիրում է լեզվի, պատկերի ու հիշողության սահմանային դրսևորումներն ու դրանց հատման կետերը։ Առաջին համարը նվիրված է Մարկիզ դե Սադին և Մեսրոպ Մաշտոցին և նրանց միավորող պատաֆիզիկային, նաև «մահվան պոեզիային»։

«Այս ժամանակներում ոչ մեկին ոչնչով չես կարող զարմացնել, միակ պոեզիան՝ մահը ցուցադրելը կամ մահվան մասին խոսելն է», – ասում է Երվանդ Վարդանյանը՝ պատմելով Ազգային գրադրանում իրեն շոկի ենթարկած 90-ականների «02» շաբաթաթերթի մասին, որի յուրաքանչյուր էջում մահացած մարդու դեմք կար, և այդ ժամանակ դա շատ սովորական էր։ «Այդ շոկը վերապրելով՝ ժամանակից կտրված այդ մահվան տեսարանները ներկայացրեցինք որպես «միակ հնարավոր պոեզիա»»,– պատմում է Երվանդ Վարդանյանը։

Խոսելով մեզանում այս թեմաների ընկալման կամ պահանջված լինելու մասին՝ Երվանդ Վարդանյանն ասում է․ «Այն, ինչ իրենք անում են «բարոկկո տիկնիկ» կամ «արտ–թերապիա» չէ, արվեստը շատ ավելի լայն գործառույթ ունի, արվեստը ծերացած մարդու ձեռքում ցուպ չէ, որի վրա նա պիտի հենվի ու իր փրկությունը կամ ճանապարհը գտնի, այն ծերացած մարդուն կարող է գլորել ձորը, սպանել կամ փրկել նրան։ Արվեստը սթափեցնում է, ոչ թե օգնում»։

«Մարկիզ դե Սադին և Մեսրոպ Մաշտոցին միավորում է լեզուն։ Երբ ես հայերեն մտածում եմ Սադի մասին, ես իմ մեջ արդեն միավորում եմ այդ երկուսին։ Ես Սադին վերապրում եմ իմ լեզվով, իմ պատմական մշակութային փորձով, այս պետության մեջ ապրելու իմ փորձառությամբ», – ասում է Երվանդ Վարդանյանը։

Այս բոլոր թեմաները Շամիրամ Խաչատրյանը վերապրում է վիզուալ կոնկրետ տեքստերի կամ էսսեների համար նկարազարդումներ չի անում, իր արածի մեջ կարևորում է անկեղծությունն ու անմիջականությունը և ոչ նմանակումը։

«Բան չէ» անկանոն պարբերականի առաջին թողարկան շնորհանդեսը տեղի է ունենալու ապրիլի 22-ին, ժ․12․00 ին, Հայարտ մշակութային կենտրոնում։

Back to top button