ԿարևորՍպորտ

Բարելավել ենք իրավիճակը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը Երևանում անցկացնելու մասին

Ունենք 6 մեդալ, սպասում ենք հաջորդին՝ Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ամփոփելով հասարակածը հատած Եվրոպայի ծանրամարտի առաջնության արդյունքները։ Նա գոհ է Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների՝ մինչ այժմ գրանցած արդյունքներից։

«Ունենք 6 մեդալ, սպասում ենք հաջորդին։ Մեր ծանր հրետանին պայքարի մեջ կմտնի վաղվանից։ Վստահ եմ, որ մեր մարզիկներին շնորհակալ կլինենք անձնվիրաբար ու ջանասիրաբար առաջնությանը մասնակցելու համար»,-ասել է փոխնախարարը։

Առաջնության բացման արարողության ընթացքում արձանագրված միջադեպից հետո ԿԳՄՍ փոխնախարարը նշել էր, որ կասկածի տակ է հայտնվել Հայաստանում ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու հեռանկարը։ Այժմ նշում է, որ իրավիճակը բարելավվել է։

«Բարելավել ենք իրավիճակը։ Եթե մինչև առաջնության մեկնարկը այդ հնարավորությունը 99 տոկոս էր, մեկնարկից հետո դարձավ 15 տոկոս, հիմա արդեն  60 տոկոս է»,-ասել է փոխնախարարը։

Գիլոյանի կարծիքով՝ իրավիճակի բարելավման օգտին աշխատում է նաև երևանյան մրցաշարի կազմակերպվածության բարձր մակարդակը։

«Կազմակերպվածության մասին հարցը պետք է ուղղել մեր հյուրերին, վստահ եմ՝ միայն շնորհակալություններ ու բարի խոսքեր կլսեք։  Մոտեցեք ցանկացած մարզիկի կամ մարզչի, կհամոզվեք դրանում։ Սա սուբյեկտիվ կարծիք չէ, օբյեկտիվ իրականություն է։ Իսկապես ուրախ ենք, որ մրցաշարը շատ բարձր մակարդակով է անցնում»,-ասել է Կարեն Գիլոյանը։

Back to top button