Երաժշտական եռանկյունի

«Արևիկ» մանկակապատանեկան անսամբլի 45-ամյակին ընդառաջ․ «Երաժշտական եռանկյունի»

95 տարին բոլորած Հանրային ռադիոն հարուստ է ո՜չ միայն իր ոսկե ֆոնդով և հավատարիմ ռադիոլսողների բանակով, այլ նաև պատմական նվագախմբերով և համույթներով:

1978 թվականին ստեղծված «Արևիկ» մանկական համույթն իր պատմության ընթացքում ունեցել է տարբեր շրջաններ, և ահա նորացված կազմով, երգացանկով և նպատակներով նշելու է իր և Հանրային ռադիոյի հոբելյանական 45-ամյակը:

«1970-ականներին Վրաստանում ստեղծվեց «Մզիուրի» մանկական նվագախումբը, ուր երեխաները ոչ միայն երգում էին, այլ նաև նվագում էստրադային գործիքների վրա: Սա իրապես նոր ձևաչափ էր, որն այնքան մոդայիկ դարձավ Խորհրդային միությունում, որ մի քանի հանրապետություններում գոյացան նման նվագախմբեր, և սկսվեց մրցակցությունը»,- ասում է անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը:

Արևիկը ստեղծման օրվանից գրկաբաց ընդունվեց հասարակության կողմից, հատուկ անսամբլի համար գրվում էին երգեր, և հենց այդ տարիներին ձևավորվեցին այն սկզբունքները, որնք թույլ էին տալիս ոչ միայն հայտնագործել տաղանդավոր երխաներին, այլ նաև կրթել և սովորեցնել բեմին:

Բացի վառ վոկալ տվյալներից, երեխաները պետք է նաև տիրապետեին բեմական շարժմանը և ինչն առավել դժվար էր և կարևոր, տիրապետեին այնպիսի նվագարանների, որոնց դասավանդումը երաժշտական դպրոցներում այնքան էլ տարածված չէր՝ էլեկտրոկիթառ, հարվածային գործիքներ, էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներ:

Կազմը մշտապես նորոգվում էր, հայտարարվում էին մրցույթներ, որոնց մասնակցում էին հարյուրավոր երեխաներ, և միայն ամենատաղանդավորները երջանկություն ունեին ընդգրկվելու «Արևիկի» կազմում:

Հատկապես խորհրդային շրջանում, «Արևիկը» մատաղ սերնդի գեղագիտական պատկերացումները ձևավորելու ասպարեզում լուրջ դերակատարություն ուներ՝ հանդես գալով մայրաքաղաքի և մարզերի ամենատարբեր հարթակներում, մշտապես ձայնագրելով նոր երգեր և պարբերաբար հանդես գալով հեռուստատեսությամբ:

Անկախության շրջանը առավել ծանր էր նաև Արևիկցիների համար: Հանրային ռադիոն ստիպված էր հրաժարվել մի շարք կոլեկտիվներից, այդ թվում «Արևիկը» որոշ շրջան ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը:

Եվ ահա մի քանի տարի առաջ անսամբլը վերածնվեց: 2007-ին մասնակցեց Եվրոնյուզի թողարկմանը, իսկ 2012 թվականից, երբ Վահե Հայրապետյանը ստանձնեց ղեկավարի պաշտոնը, «Արևիկը» վերականգնեց իր բոլոր գործառույթները՝ իր մասնակցությունը բերելով մի շարք պետական, հոբելյանական միջոցառումներին և հանդես գալով մշտապես նորոգվող սեփական համերգային ու ուսումնական ծրագրերով:

Այսօր անսամբլի երգացանկը ներկայացված է երկու հանգրվաններով: Առաջինը՝ նախկինում սիրված երգերի նորովի վերամշակումն ու կատարումը և երկրորդը՝ ժողովրդական, ջազային և այլ ժամանակակից երաժշտական ձևաչափով ներկայանալն է, որը թույլ է տալիս արդիականացնել եղած ռեպերտուարը և ներկայացնել բազմաձայնված տարբերակով: Հոբելյանական տարին լեցուն է նոր ձայնագրություններով, շրջագայություններով, համերգային ծրագրերով, ինչին մեծ անհամբերությամբ սպասում են Արևիկցիները, Հանրային ռադիոյի ողջ անձնակազմը և իհարկե՝ հանդիսատեսը:

Հաղորդման ընթացքում հնչում են ՙԱրևիկ՚ մանկապատանեկան անսամբլի բազմաթիվ կատարումներ:

Back to top button