Գերդաստաններ

Ազնաուրյաններ․ 30-ից ավելի բժիշկ՝ նույն գերդաստանում․ «Գերդաստաններ»

Ախտաբան, հյուսվածաբան, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Ազնաուրյանը համահեղինակ է «Հյուսվածաբանական միջազգային անվանակարգ» լատիներեն-ռուսերեն-հայերեն բառարանի, գրքերի, մենագրությունների, գիտական  աշխատանքների, որոնցից շատ կարևոր է հիշատակել 1988 թվականի երկրաշարժից հետո գրված «Երկարատև ճնշման համախտանիշ-Կրաշ-սինդրոմ-ախտածնության հիմունքների մշակմանը և դրա վերացման հնարավոր ուղիներին» նվիրված աշխատությունը։ Նա կրթել է 30-ից ավելի հյուսվածաբանների, որոնք այսօր աշխատում են  Հայաստանի տարբեր առողջապահական կենտրոններում։

Արդվինը պատմական Հայաստանում գտնվող մի գեղատեսիլ, անտառապատ   գյուղաքաղաք է՝ Բաթումի հարևանությամբ։ Այն 1877-78 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բաթումի հետ կցվեց Ռուսական կայսրությանը, իսկ 1921 թվականին նորից անցավ Թուրքիային։

Այդ ժամանակ էլ Արդվինից շատ հայեր եկան ու հաստատվեցին Բաթումում։ Այդ  ընտանիքներից մեկը Ազնաուրյանների ընտանիքն էր, որոնց թուրք հարևանները  նախապես զգուշացրել էին սպասվող ջարդերի մասին և խորհուրդ էին տվել  հեռանալ Արդվինից։ Ազնաուրյաններից ոմանք Բաթումում առևտրականներ էին և այնտեղ տուն ունեին։ Գաղթի ճանապարհին մահանում են Հովհան և  Աստղիկ Ազնաուրյանները, իսկ նրանց երեխաները՝ Արտաշեսը, Վարդանը, Աստղիկը, Ամասիան հասնում են Բաթում և բնակություն հաստատում այստեղ։ Ընտանիքի գլուխ կանգնում է երեխաներից ավագը՝  25-ամյա Արտաշեսը։

Արտաշես, Սմբատ, Վարդան Ազնաուրյաններ

Վարդանը, որը շատ կազմակերպված, համարձակ և ներկայանալի արտաքինով երիտասարդ էր, կոշիկի արտադրամաս է հիմնում, ամուսնանում է։ Նա սկզբում  երկու դուստր է ունենում՝ Աստղիկը և Թամարան, իսկ հետո ծնվում է որդին՝ կրտսեր Արտաշեսը, որի մանկությունն անցնում է երեխաներով լի տան մեջ, քանի որ    Վարդանը պահում էր նաև քույրերից մեկի որբացած երկու զավակներին։ 

Ինչպես Արտաշեսը, այնպես էլ ընտանիքի մյուս երեխաները լավ էին սովորում, իսկ   Վարդանը բացի իր արտադրամասը աշխատեցնելուց, խաղում էր նաև Վրաստանի ֆուտբոլի հավաքականում։ Ընատնիքի հայրը նախանձախնդրորեն էր վերբերվում ընտանիքի անդամների առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի կանոններին՝ զուգահեռ նաև երեխաներին խորհուրդ տալով բժիշկ  դառնալ։

Արտաշես Ազնաուրյանի տղաների՝ Սմբատի և Վարդանի ողջ մանկությունն  անցնում էր արդեն բժիշկների միջավայրում։ Ամռանը գրեթե բոլոր բժիշկ-  հարազատների երեխաներով հանգստանում էին Բաթումում. ծով, խաչապուրի,  անտառապատ վայրեր, մաքուր օդ։ Երանելի օրեր էին՝ հիշում է Սմբատն ու պատմում, որ խաղում էին, զրուցում, անեկդոտներ պատմում, խոսում բժշկի  մասնագիտությունից։ Ու չնայած նրան այդքան էլ հոգեհարազատ չէր բժշկի մասնագիտությունը, այնուամենայնիվ Սմբատն ավարտեց Երևանի բժշկական  ինստիտուտը, բայց գործնական բժշկությամբ չզբաղվեց, այլ ընտրեց  առողջապահության կազմակերպչի մասնագիտացումը և ապա ուսումը շարունակեց  Մոսկվայի միջազգային հարաբերություների ինստիտուտում։ 

Վարդանը, ի տարբերություն Սմբատի, ավելի շատ էր հետաքրքրվում բժշկությամբ։ Եվ քանի որ գերդաստանում շատ բժիշկներ կային, մասնագիտացման ընտրությունն էլ պատահական չի լինում, ընտրում է քեռու ուղին` քիթ-կոկորդ-ականջաբանությունը։ Հենց մորեղբայրն էլ` Ալբերտ Սեդրակյանը դառնում է նրա լավագույն խորհրդատուն ու ուսուցիչը։ Նրա հետ հաճախ էր լինում վիրահատարանում։ 

Վարդան Ազնաուրյանն ասպիրանտուրան ավարտում է Մոսկվայում, պաշտպանում  գիտական թեզ։ 1994 թվականին՝ պաշտպանությունից առաջ, Արտաշես  Ազնաուրյանը մեկնում է Մոսկվա՝ ուշադրությամբ հետևելու որդու պաշտպանության նախապատրաստական աշխատանքներին։

Վարդանը կարճ ժամանակահատվածում հասնում է զգալի հաջողությունների։ Նա   սկսում է կատարել բարդ պլաստիկ վիրահատություններ, դեպքեր, որոնց մոտենալը  մեծ համարձակություն էր պահանջում։ 

Վարդան Ազնաուրյանը, որն այսօր հանրապետության լավագույն բժիշկներից մեկն է, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, պատմում է՝ հոր երազանքն էր, որ    երկու եղբայր հոր հետ միասին ապրեն կողք-կողքի։ Հորս երազանքը կատարվել է` ասում է Վարդան Ազնաուրյանը։

Արտաշես Ազնաուրյանը համահեղինակ է «Հյուսվածաբանական միջազգային անվանակարգ» լատիներեն-ռուսերեն-հայերեն բառարանի, գրքերի, մենագրությունների, գիտական  աշխատանքների, որոնցից շատ կարևոր է հիշատակել 1988 թվականի երկրաշարժից հետո գրված «Երկարատև ճնշման համախտանիշ-Կրաշ-սինդրոմ-ախտածնության հիմունքների մշակմանը և դրա վերացման հնարավոր ուղիներին» նվիրված աշխատությունը` ասում է բժշկական  գիտությունների թեկնածու, հյուսվածաբան Անահիտ Ազնաուրյանը։

Գերդաստանի շատ անդամներ բժիշկներ դարձան Արտաշես Ազնաուրյանի  ուղղորդմամբ։ Անահիտ Ազնաուրյանը Մխիթար Հերացու անվան բժշկական  համալսարանում հյուսվածաբանության ամբիոնում դոցենտ է, նա ընտրել է  հորեղբոր՝ Արտաշես Ազնաուրյանի մասնագիտական ուղղությունը և ասում է, որ իր  մասնագիտության ընտրության հարցում պարտական է մեծ բժշկին։ Գերդաստանի երիտասարդները ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը։

Արտաշես Ազնաուրյանն ասում էր․«Ի՞նչը կարող է ավելի թանկ լինել առողջությունից, երբ անհրաժեշտության  դեպքում օգնում ես մարդուն վերագտնել այդ առողջությունը, դրանից ավելի  գեղեցիկ և հաճելի պահ բժշկի համար չկա»։

Back to top button