ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Փլատակների տակ տաքություն փնտրելով` փորձում էի գտնել  ընկերներիս․ Արսեն Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»

«Մեծն Տիգրան» աշխարհազորային կամավորական գնդի հատուկ վաշտի կազմում  44-օրյային սեպտեմբերի  29-ից Արսեն Հարությունյանն արդեն Արցախում էր՝ որպես բժիշկ-ազատամարտիկ, թեև  ավելի շատ մասնակցել է ռազմական գործողություններին։ Ի դեպ, Արսենի հայրը նույն կարգավիճակով մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, իսկ եղբայրը՝ 44-օրյային։ «Հակառակորդի  արկը մեկ ակնթարթում խլեց իմ մանկական ընկերոջ կյանքը և վիրավորեց եղբորս»,-պատմում է Արսենը։ Պատերազմի ծանր հիշողությունները շատ են, բայց ամենացավոտը նահանջող հայկական զորքն էր։ Ասում է․ «Եթե մինչ այդ պահը մտածում էի, որ չկա հետքայլ, ապա այդ պահին հետքայլող մի ստված զանգված իմ առջևով էր անցնում։ Այդ օրը պատերազմ էր յուրաքանչյուրիս հոգում»։

Չափազանց ծանր էր պահը, երբ հակառակորդի հարվածից հետո, փլատակների տակ տաքություն փնտրելով, փորձում էր գտնել  ընկերներին։ Պատերազմի արյունը մինչ օրս ձեռքերից չի ջնջվում։ Հիշողությունից չի ջնջվում նաև ադրբեջանցի զինվորի վախեցած ու կյանք աղերսող դեմքը։ «Ամենացավոտը, իրականում, ոչ թե մեզ հետ տեղի ունեցածն էր, այլ այն, թե ինչ արդյունքի ծառայեց այդ ամենը»,-ասում է Արսենը։ Այդուամենայնիվ, այսօր էլ համոզված է, որ հետքայլի հնարավորություն այլևս չունենք ու պարտավոր ենք մեզ պաշտպանել։

Արսեն Հարությունյանը ծնվել է 1996 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում։  2015-2017 թվականներին ծառայել է Երևանի «Հատուկ գունդ» կոչվող զորամասում։  2017-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որը կավարտի առաջիկայում։  2020-2021 թվականներին աշխատել է «Սուրբ Աստվածամայր»  բժշկակակ կենտրոնի  «Քովիդ» մասնաճյուղում։ 2021-ից մինչ օրս աշխատում է «Արամյանց» ԲԿ-ի  «Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության» բաժնում։

Back to top button