Մտքի ուժը

Գազային սենսորները կկանխեն ջրածնի արտահոսքի վտանգները․ հայ գիտնականների առաջարկը․ «Մտքի ուժը»

Այն ապագայինն է, կանաչ, թունավոր չէ, վերականգնվող է, ջրածնին գիտական աշխարհում համարում են էլեկտրաէներգիայի ու վառելիքի վաղվա աղբյուր։ Ասում են՝ ջրածինը կարող է անընդհատ արտադրվել, ի տարբերություն էներգիայի այլ՝ չվերականգնվող աղբյուրների:

Գիտնականներն ասում են, որ ապագան ջրածնային գազերինն է։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանը պատմում է․

Միքայել Ալեքսանյան

«Հայտնի է, որ ջրածինը համարվում է կանաչ գազ։ Այն նաև ապագայի գազ է համարվում։ Քանզի հայտնի է, որ ածխաջրածնային հիմքով էներգիայի աղբյուրներն առաջիկա մի քանի տասնյակ տարիների ընթացքում աշխարհում սպառվելու են։ Այս տեսանկյունից փնտրտուքներ կան այլընտրանքային էներգիաների գտնելու ուղղությամբ։ Այդպիսի էներգիայի աղբյուր կարող է հանդիսանալ ջրածին գազը։ Այն էկո է, այրվելիս հիմնականում ջրային մոլեկուլ է արտանետում, որը էկոլոգիապես մաքուր է։ Ջրածինը հեռանկարային է, բայց միակ խնդիրը անվտանգ ամբարումն է, այն պայթյունավտանգ է, արտահոսում է նաև ծայրահեղ փոքր անցքերից։ Այդ տեսանակյունից սա սահմանափակում է ջրածնի լայն կիրառությունը»։

Եվ ահա, մոտ 1.5 տարի առաջ գիտության կոմիտեն կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական դրամաշնորհային ծրագրերի մրցույթ հայտարարեց։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնում դրամաշնորհի շրջականում ջրածնային սենսորներ ու դրանց հիման վրա ջրածնային դեդեկտորներ են պատրաստել, որոնք կօգնեն կանխել վերահաս վտանգները․ «Այստեղ մեզ օգնության են գալիս սենսորները։ Տվյալ միջավայրում, եթե տեղակայենք բարձր զգայնությամբ, աշխատունակ ջրածնի սենսորներ, ապա որոշակիորեն կկանխենք վերահաս վտանգները»։  

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Արտակ Սայունցը պատասխանատու է գազային սենսորների պարամետրերի չափման՝ տարբեր գազերի նկատմամբ զգայնության ուսումնասիրության համար․  

Արտակ Սայունց

«Մեր սենսորները հիմնականում կիսահաղոդրչային ռեզսիտիվ սենսորներ են։ Նրանք ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն, նրանց միջոցով հնարավոր է լինում արագ ստանալ էլեկտրական ազդանշան՝ հարմար ու պրակտիկ դարձնելով գազային սենսորների աշխատանքը։ Բացի այդ, սենսորները կոնկրետ մեկ թիրախային գազը պետք է լավ զգան, մյուսների նկատմամբ անտարբեր լինեն։ Իսկ շրջակա միջավայրում բազմաթիվ գազեր կան։ Մենք ուսումնասիրում ենք սենսորի աշխատանքը կոնկրետ գազի միջավայրում, այնուհետև նորից նույն սենսորը մենք հետազոտում ենք այլ գազերի առկայության ժամանակ, որպեսզի վստահ լինենք, որ մենք ստացել ենք մեկ սենսոր՝ կոնկերտ թիրախային գազի նկատմամբ լավ արձագանք ցուցաբերելու համար։ Այս դեպքում մենք նաև չափիչ սարք ենք ստացել, որը հնարավորություն կտա նաև գնահատել վտանգի չափը»։  

Կենտրոնում զարգացվում և ուսումնասիրվում են նաև տարբեր տեսակի գազային սենսորներ։ Դրամաշնորհների օգնությամբ նաև սարքեր են ստանում՝ հետազոտելով գազերի առկայության դեպքում սենսորի աշխատունակության պարամետրերը։

Գևորգ Շահխաթունի

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին զբաղվում է սենսորիկայով։ Նա սենսորների մասին ամեն ինչ գիտի։ Պատմում է՝ կիրառության ոլորտները բազմազան են արդյունաբերությունից մինչև առողջապահություն։  Վերջին տարիներին ակտիվորեն մի գիտական թեզ է շրջանառվում, համաձայն որի, մարդու արտաշնչած օդից կարելի է ախտորոշել հիվանդությունը։ Ոլորտը նոր չէ, բայց անընդհատ զարգանում է և մեծապես կախված է սենսորիկայի առաջընթացի հետ.

«Միշտ պետք է փնտրել ավելի փոքր կոնցենտրացիաներ՝ տվյալ գազի հայտնաբերման համար։ Ջրածնի գազի մասին խոսելիս պետք է նաև ապագային նայեն։ Այսօր շատ կարևոր խնդիր է ջրածնի բալոնների վերահսկումը։ Միշտ կարևոր է քանակությունը վերահսկելը»։

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնում գիտության մասին կարող են երկար խոսել։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի  կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին ասում է, որ խնդիրներ կարող են լինել, բայց դրանց լուծումը գտնելն է նաև իրենց աշխատանքի մի մասը.

Զարինե Սիմոնյան

Զարինե Սիմոնյանը գիտական խմբի ամենաերիտասարդ մասնակիցն է, խոստովանում է՝ դժվար էր պատկերացնում, որ գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է, բայց միանալով գիտական այս խմբին, փոխվել են պատկերացումները․

Գիտական այս կենտրոնի առաջարկը կիրառական նշանակություն ունի։ Սարքավորման նախանմուշը կա, բայց Միքայել Ալեքսանյանը հիշեցնում է, որ իրենք գիտնականներ են, զբաղվում են գիտական հետազոտություններով։

Ջրածին գրանցող ամբողջական և ավարտուն սիստեմ ստեղծել են, բայց արտադրական մակարդակին հասնելու համար դա քիչ է։ Արտադրման գործընթացի կազմակերպման համար լուրջ խնդիրներ կան՝ ասում է ու նշում, որ այս խնդիրը բարդ է, համապատասխան կապող օղակ չկա՝ գիտական միջավայրի ու արտադրության միջև։ Մինչդեռ աշխարհի զարգացած երկրներում այդ օղակը ամենակարևորներից է։

Back to top button