Երաժշտական եռանկյունի

MVF նախագծի ամերիկյան շրջագայությունը և նոր ալբոմը․ «Երաժշտական եռանկյունի»

Միքայել Ոսկանյանը 12 տարի առաջ հիմնադրել է MVF կամ՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազային ֆյուժն խումբը՝ համադրելով արևելյան և հայկական ավանդական նվագարան թառը ժամանակակից ջազային նվագարանների հետ:

Մենք առիթներ ունեցել ենք ներկայացնելու նրա տարբեր համերգային նախագծերը, ինչպես նաև պարբերաբար անդրադարձել ենք նոր ձայնագրություններին և ալբոմներին, և ահա երաժիշտների կյանքում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ Միացյալ Նահանգներում համերգային շրջագայությունը:

«Մենք դարձանք ԱՄՆ պետքարտուղարության հատուկ մշակութային ծրագրի շահառուն և երկու տարի տևած բանակցություններից հետո՝ հնարավորություն ունեցանք հանդես գալու ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և քաղաքներում՝ ներկայացնելով խմբի օրիգինալ երաժշտությունը հեղինակավոր դահլիճներում, մշակութային և ուսումնական հաստատություններում»,- ասում է խմբի երաժշտական մենեջեր Լուսինե Ոսկանյանը:

ԱՄՆ-ի մշակութային քաղաքականությունը հատկապես կարևորում է ազգային նկարագիր ունեցող երաժշտական երևույթները ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելը՝ ստեղծելով միջազգային շփումների, դիսկուրսի և ստեղծագործական կամուրջներ հաստատելու բազմաթիվ հարթակներ:

Խմբի անդրանիկ համերգը կայացավ հենց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ 2023 թ. փետրվարի 16-ին, հանրահայտ Քենեդի կենտրոնի «Միլենիում» երկուսուկես հազար տեղանոց դահլիճում: Սա ինքնին բացառիկ իրադարձություն է այն առումով, որ Հայաստանից մեկնած երաժիշտները հնարավորություն ունեին այդ նշանավոր բեմահարթակից ներկայացնելու իրենց ստեղծագործությունը: Այդկերպ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ընդգծում է միջպետական մշակութային կապերի նշանակությունը:

Այս համերգին հաջորդեց փետրվարի 18-ի Բալտիմոր քաղաքի համերգը, որից հետո խումբը տեղափոխվում է Խաղաղ օվկիանոսի ափ, ուր փետրվարի 23-ին՝ Լոս Անջելեսի հանրահայտ «Ռոս» հոլում, կայացավ  խմբի երրորդ համերգը, որն անցավ  աննախադեպ հաջողությամբ:

Այնուհետև խումբը մեկնեց Նյու Մեխիկո նահանգ, որտեղ հանդիպեց ամերիկյան իր հանդիսատեսին Ալբուկերկե և Սանտա-ֆե քաղաքներում:

«Նյու Մեխիկոյի հանդիպումը շատ կարևոր էր մեզ համար, որովհետև նաև առիթ եղավ շփվելու ուսանողների հետ, վարպետության դաս անցկացնելու և մեր երաժշտության առանձնահատկությունների և ազգային տարրերի մասին խոսելու»,- շարունակում է Միքայել Ոսկանյանը:

Հատկանշական է, որ այդ հանդիպումը կայացավ Նյու Մեխիկոյի համալսարանի բնիկ ամերիկացիների միության սաների հետ, որոնք լինելով բնիկ հնդկացիներ՝ պահպանել են իրենց մշակությաին դիմագիծը և առանձնահատուկ հետաքրքրությամբ պատրաստված եկել էին հայկական երաժիշտների հետ հանդիպմանը:

Հինգ նախանգներում կայացած վեց համերգներից վերջինը կայացավ մարտի 5-ին՝ համաշխարհային ջազ մայրաքաղաք Նյու Յորքի «Դռոմ» դահլիճում:

Երաժիշտները հատուկ նշում են շրջագայության անցկացման և կազմակերպման բարձր մակարդակը և ընդգծում «Մշակութային փոխանակման» ծրագրի կարևորությունը, որը թույլ է տալիս պետական մակարդակով ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի երաժշտությունը ԱՄՆ-ում: Խմբի նորությունները չսահմանափակվեցին համերգներով: Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ կատարումներ նրանց նոր՝ «Նայթոլոջի» ալբոմից:

Back to top button