ՀարցուԳԻՏԱփորձ

Ո՞ւ մ և ի՞նչ են հուշում աստղերը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ծննդյան օրով և ժամով քարտեզ ենք կազմում ու տեսնում՝ մարդն ինչպիսի՞նն է։ Մարդը ծնված օրվանից արդեն ծրագրավորված է»։

Մարդկանց մի խումբ ասում է՝ շատ ջանքեր մի գործադրեք. ձեր ծննդյան պահին աստղերն արդեն պլանավորել են ձեր կյանքի բոլոր արկածերը, երջանկություններն ու դրամաները։

«Հնդկաստանում մինչև հիմա էլ քանի աստղաբանի չեն դիմել, չեն ամուսնանում»։

Բարև։ Այսօր պարզելու ենք՝ ինչ են հուշում աստղերը։

***

Ըստ այս առավոտ հեռախոսիս էկրանին հայտնված առաջին պատկերի՝ այս շաբաթ ես կանեմ այն, ինչ ցանկացել եմ մի քանի տարի շարունակ․ փոքրիկ երազանքս վերջապես կիրականանա։ Աստղերին կամ դրանց անունից խոսող մեկին հաջողվում է բարձրացնել տրամադրությունս։ Մի լավ բան լսելու պարզ-մարդկային զվարճանքը, սակայն, շատերի համար ապրելակերպ է․ երբեմն մարդիկ հարմարեցնում են կյանքը աստղերի պլաններին։

Արդյո՞ք մենք այդքան հետաքրքիր ենք մեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկնային մարմիններին, ինչպե՞ս են բացատրում իրենց ունակությունն աստղերի հուշումներին ականջ դնող և այդ ձայնը լսել չկարողացողներիս նրանց ասածները փոխանցող մարդիկ, ո՞ւմ և ի՞նչ են հուշում աստղերը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Բժիշկը բժշկում է մարդու մարմինը, իսկ աստղաբանը՝ հոգին։ Աստղաբանության բազմաթիվ ճյուղեր կան և սա դարերի գիտություն է համարվում»։

Թե հստակ քանի դարի՝ մասնագիտությամբ ռադիոֆիզիկ, 48 տարվա աշխատանքային փորձով աստղաբան Լյուսյա Հակոբյանը չի պատախանում։ Ասում է՝ այնքան հին է, որ հստակ թիվը ոչ ոք չի հիշում։ Իսկ «սա գիտությո՞ւն է» հարցից զարմանում է․

— Աստղաբանությունը սահմանափակ գիտություն չէ։ Շատ լայն է, շատ։ Եվ համարվում է 70-80 տոկոս ճշգրիտ գիտություն։ 100 տոկոսանոց ոչինչի կա։ Հետո, նայած՝ ով ոնց է աշխատում։
— Գիտեք, մարդիկ չեն հավատում, որ գուշակները, աստղաբանները ճշմարտիտ, գիտելիքահեն ինֆորմացիա են տալիս և կարծում են, որ այստեղ խաբեություն կա։
— Այո, խաբեություն էլ կա, որովհետև շառլատաններ շատ կան։ Մարդ կա աշխատում է աշխատելու համար, մարդ կա աշխատում է փող ունենալու համար։ Եթե աստղաբանի, գուշակի, պայծառատեսի գլխի մեջ միայն փողի մոլուցքն է, դա երկար չի տևի։

Լյուսյա Հակոբյանը մասնագիտական կարիերայի սկզբում ոչ թե լսում էր մոլորակներին, այլ կարդում մարդու ձեռքի ափը։ Հորդորում է ավելի լայն նայել իր գործին․ այն միայն տիեզերական մարմիններն ու կենդանակերպը չէ։ Իսկ մարդիկ իրենց չեն հավատում, քանի որ, իր խոսքով, լավ տեղեկացված չեն․

«Մոլորակները շատ մեծ դեր են կատարում մարդու կյանքում, միշտ, ու մոլորակների հանդիպումներից, վրիպումներից, վեճերից (մոլորակներն էլ են վիճում), վատ բաներ են կատարվում։ Ու հետո, դա ինձնով չի, դա դարերի գիտություն է համարվում։ Հնում բոլորը միշտ ունեցել են իրենց անձնական աստղաբանները և շատ հարգալից են վերաբերվել աստղաբաններին»։

Ամենօրյա և համընդհանուր աստղագուշակությանն աստղաբանը ևս լուրջ չի վերաբերում։ Ասում է՝ տիեզերական մարմինների համար կարևոր է անգամ մարդու ծնված րոպեն։ Ըստ դրա կազմվում է քարտեզ՝ նատալ, որը մարդու ծննդյան պահին ու ծննդավայրի նկատմամբ մոլորակների դիրքերն արտահայտող գծագիրն է։

«Աստղաբանության շրջան է, գրվում է ծնվելու ժամը, 12 մոլորակները 12 կենդանակերպերը գծվում են։ Արդեն գծված էլ կա համացանցում ու շատ աստղաբաններ աշխատում են դրանով։ Ես այդ քարտեզով չեմ աշխատում, որովհետև այդքան իմ աշխատանքային փորձով էլ ես այդ շրջանի կարիքը չեմ զգում»։

Լյուսյա Հակոբյանն ասում է՝ գործը վատ չէ․ մարդիկ իր կարիքը հաճախ են զգում։ Ստորև ներկայացված հարձուփորձով պարզել ենք՝ որ հարցերին է պատասխանում և որոնք է անտեսում աստղաբանը․

-Ձեզ մոտ ամենահաճախը ի՞նչ հարցով են գալիս։
-Ընտանեկան․ ամուսինները լավ չեն իրար հետ, դավաճանություն, հարբեցողություն, երեխաների դաստիարակություն, որոշ տեղեր առողջականի։ Հիմա շատ-շատ տարածված է, որ 4-6 տարեկան հատկապես տղա երեխաները չեն խոսում։ Մամաները տանում են ամեն տեղ՝ էլ էքստրասենսեր, էլ բժիշկներ, էլ հեքիմներ, գուշակ, պայծառատեսներ, բայց չկա օգուտ, լոգոպետների էլ, հոգեբանների էլ, բայց օգուտ չկա։ Բայց չեն ուզում հասկանան, որ երեխայի չխոսելու մեղավորը ամենաառաջինը ինքը՝ ծնողն է։ Նախ առաջին, որ հեռախոսներ են տալիս, որ երեխայի բերանը փակվում է արդեն, չեն զրուցում մամաները իրենց երեխաների հետ։
-Ձեր ասածը աստղաբանությա՞ն հետ կապ ունի…
-Իհարկե։
-Թե՞ տրամաբանության, օրինակ։
-Չէ։ Մի կողմից տրամաբանությունն էլ, պիտի տրամաբանես էլ։ Հետո այսպիսի հարց էլ են շատ դիմում, որ ես չեմ պատասխանում՝ երեխայի սեռը։ Հարց է տալիս՝ ես տղա կունենա՞մ, հղի եմ, արժի՞, թե՞ չէ։ Ես այդ հարցը կտրուկ մերժել եմ, ասել եմ՝ ես իրավունք չունեմ սեռ որոշելու։ Չնայած այնքան հեշտա էդ հաշվարկը, նայում տեսնում ես աղջիկ լինի, թե տղա, այդպես էլ լինում է։ Բայց տիրոջից է երեխայի ծնունդը, ես իրավունք չունեմ։
-Բայց դա քրոմոսոմների հարց չի՞։
-Ախ դու գնացիր բժշկություն, էդպես չի, աստղանոմիան քրոմոսոմներով չի հաշվում, մոլորակերով, Լուսինն ու Արևն են։ Ես հիմա մասնագիտորեն ասեմ՝ միևնույնն է, պարզ չի լինի ձեզ։
-Ինչո՞ւ լսել Լուսնին և Արևին, եթե կարելի է լսել կենսաբանությանը և բժշկությանը։
-Թող դիմեն բժշկի։

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ տիեզերական մարմինների մասին մեր զրույցը սովորաբար այլ ուղղություն է ունենում։ Այսօր համաձայնեց խոսել աստղաբանության ու աստղագիտության տարբերության մասին։ Պարզվում է՝ դրանք ի սկզբանե նույն գիտությունն են եղել։ Հետո մի ճյուղն ընտրեց պսևդոգիտություն դառնալու ճանապարհը․

«Բաժանումը տեղի է ունեցել 17-րդ դարից սկսած։ Հին ժամանակում «ֆիզիկա» ձևակերպում էլ չկար, ամենաունիվերսալ ձևակերպումը «բնության փիլիսոփայություն»-ն էր։ Հետազոտման առարկան նույնն է՝ բնությունն է, և նրա ազդեցությունը մեզ վրա, բայց արդեն ընթացքում աստղագիտության համար կարևորը դարձավ գիտական մեթոդը։ Գիտական մեթոդի էությունն այն է, որ եթե մենք մի բան ասում ենք, մեր պնդումը պետք է կրկնելի լինի»։

Ֆիզիկոսն ասում է՝ իհարկե աստղերի, մոլորակների դիրքն ազդում է, բայց ոչ թե երկու մարդու ռոմանտիկ հարաբերությունների, այլ, ասենք, գրավիտացիոն դաշտի վրա։

«Հիմա կարող է բացատրեն մարդիկ, որ ինչ-որ ուրիշ բան էլ կա, բացի այն ֆիզիկականից, ինչը մենք գիտենք, ու դա դրա միջոցով է կատարվում։ Ես չեմ բացառրում, որ ուրիշ բան էլ կարող է լինել։ Բայց մենք գիտնական ենք, մենք ուզում ենք, որ ամեն ինչը կրկնելի լինի։ Մենք գիտենք, որ այսօր ֆիզիկայում 4 ֆիզիկական փոխազդեցություններ կան, ուրիշ բան մենք դեռ չենք գրանցել, դրա համար մենք ամեն ինչ փորձում ենք բացատրել դրանցով։ Եթե հանկարծ մի փորձնական փաստ պարզվեց, դիտում եղավ տիեզերքի կառուցվածի մասին, որ մենք մեր եղած պատկերացումներով չենք կարող բացատրել, մենք ստիպված կլինենք փոխել, նորը մտցնել։ Բայց այդ նորը հո օդից չե՞նք մտցնում»,-ասում է Սահարյանը։

Լյուսյա Հակոբյանի հետ զրույցի ընթացքում եթե ոչ գիտական հիմք, ապա գոնե գիտական բանավեճի նյութ դառնալու պոտենցիալով տեղեկատվություն ստանալ չհաջողվեց։ Աստղաբանները կամ կարծում են, որ մենք չենք հասկանա, կամ չեն ցանկանում կորպորատիվ գաղտնիքը բացահայտել, կամ էլ, ըստ ֆիզիկոսների, չունեն ասելու որևէ ապացուցելի բան․

«Ու զարմանալի չէ, որ երբ դուք աստղաբանական կանխագուշակումներ եք նայում, հիմնականում նրանք աշխատում են շատ որոշակի բան չասել, որովհետև եթե շատ որոշակի ասեն, հակասության կգան։ Դրա համար պետք է երկիմաստ բաներ ասել, որոնց տակ կարելի է շատ բան հասկանալ»,- կարծում է ֆիզիկոսը։

-Իմ աշխատանքը հիմնականում խորհուրդն է, ոչ թե գուշակություն։ Ելք․ ո՞նց անես, որ լավ լինի, ու իմիջայլոց խիստ եմ, շատ խիստ եմ մարդկանց հետո խոսում, երբեք փափուկ չեմ խոսում։ Հիմա Սատուրն մոլորակը մարտի 8-ից մտավ ձուկ համաստեղություն, ի՞նչ է դա նշանակում, բոլոր հին հանցագործ, գաղտնի գործողությունների, արարքների բացահայտում և անմիջապես պատիժ, անհատական,- ասում է Լյուսյա Հակոբյանը։
-Բոլորի՞ն։
-Բոլորին։ Որովհետև Սատուրն մոլորակը ամբողջ աշխարհի համար է։
-Ուզում եք ասել մարտի 8-ից սկսած 2-3 տարում ամբողջ մոլորակի բոլոր բնակիչների բոլոր մեղքերը բացահայտվելո՞ւ են։
-Բոլորը, ով որ արել է սխալ բան։

Արամ Սահարյանը կարող է հասկանալ՝ ինչու են մարդիկ նման ինֆորմացիայի կարիք զգում։ Ասում է՝ դա պարզ պատասխան է բարդ հարցին։ Բայց ժամանակավոր սրտի մխիթարանքը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել․

«Լուրջ կանալներով հաղորդումներ են լինում, որոնք չի կարելի անել, որովհետև դրանք ոչ միշտ են ինչ-որ անմեղ բաներ, դրանք մարդկանց ճակատագրերի հետ են խաղում։ Ես հաղորդում եմ տեսել, որ ինչ-որ մեկը նստած է խաղաքարտերով, ինչ-որ մեկը պրոբլեմ ունի, խաղաքարտերը բացում է, ասում՝ ձեր մոտ մեկը գալիս է, դու նկատի ունեցիր, որ նա քո նկատմամբ մեծ թշնամանքով է տրամադրված ու քո հիմնական խնդիրը ինքն է։ Այդ մարդու տունը ինչ-որ մեկը գալիս է, չէ՞, և դա ի՞նչ է ստեղծում մարդկանց մոտ, եթե դրան հավատում են»։

Աստղերը աստղագետներին հուշում են՝ ինչպիսինն է եղել մեր տիեզերքը միլիոնավոր տարիներ առաջ։ Նրանք նայում են երկինք ու տեսնում անցյալը, աստղաբանները՝ ապագան։ Մյուս տարբերությունն այն է, որ առաջինները կարող են ապացուցել իրենց տեսածի ճշմարտացիությունը։

Գիտությունը չի սիրում մոտավորություն։ Նույնիսկ Նյուտոնն իր մտավոր ողջ պաշարով նահանջեց, երբ հայտնի դարձավ, որ իր կատարած 800 թվից բաղկացած չափումներում 34 թվի սխալ կար։ Թվում է՝ այդքան մեծ ճշմարտության կողքին մի քանի թիվը կարելի է շրջանցել։ Բայց դա ստիպեց, որ այլ, ավելի ճշգրիտ մի բան ստեղծվի․ առաջացավ հարաբերականության տեսությունը։

Գիտությունը բաց է ու պատրաստակամ։ Բայց քանի դեռ աստղաբանությունը ապացույցներ չունի, գիտությունն ասում է, որ աստղերին առանձնապես չի հետաքրքրում՝ կարի՞ճ եք դուք, թե՞ ցուլ, խեցգետի՞ն եք, թե՞ առյուծ։ Ձեր և աշխարհի մյուս բոլոր երկվորյակների ռոմանտիկ հարաբերություններն այսօր չեն փլուզվելու, բոլոր ձկներն աշխատավայրում սովորականից ավելի խնդիրներ դժվար թե ունենան։

Back to top button