Երկրորդ շնչառություն

Եթե շարունակաբար չկրթվես, սովորողների վագոնի հետևից չես հասնի. 60 տարվա մաթեմատիկայի ուսուցիչ․ «Երկրորդ շնչառություն»

Բոլոր սերունդների հետ էլ կարելի է արդյունավետ աշխատել, կարևորը գործը սիրով կատարելն ու մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելն է: 84-ամյա Վաչիկ Շահնազարյանն այս համոզմանն է եկել «Մաթեմատիկա» առարկայի 60 և ավելի տարվա մանկավարժական փորձառության ընթացքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է հարևան գյուղի դպրոցում, ամեն օր դպրոց հասնելու համար քայլելով մոտ 4 կմ:

Այստեղ էլ կայացրել է մանկավարժ դառնալու որոշումը: Մինչ գրականության ուսուցչուհին մտածում էր, թե Վաչիկն իր առարկայով կշարունակի, սանը գերադասել է Մաթեմատիկան և ընդունվել Մանկավարժական ինստիտուտ: Ավարտելուց հետո մտել է դպրոց, ապա՝ բուհ, իմացածը փոխանցելու: Այսօր, չնայած պատկառելի տարիքին, դեռ դասավանդում է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում, մասնագիտական գիտելիքներն անընդհատ կատարելագործում է, որ ժամանակին համաքայլ լինի: Ասում է՝ մաթեմատիկան էլ է սպորտի նման, եթե ամեն օր չպարապես, հետ կմնաս: Դասապրոցեսում՝ խիստ, գնահատելիս՝ մեղմ, բարդ հանձնարարությունները՝ դպրոցում, հեշտերը՝ տանը:

Շահնազարյանը համոզված է՝ եթե ակնհայտ է, որ այդ տնային աշխատանքը երեխան չի կարողանալու տանն առանց օգնության կատարել, ի՞նչ իմաստ ունի նրան չարչարել: Նրա խոսքերով, շատերն են դեռ օգտվում կրկնուսույցի ծառայությունից, բայց երբ ձգտող երեխային մոտենում ես և օգնություն առաջարկում, նրա աչքին բոլորովին այլ մարդ ես դառնում:

«Մասնագիտական երկարակեցության կարևոր է հանգամանքներից մեկն էլ աշխատանքային լավ կոլեկտիվն է: Մենք հիանալի տնօրեն ունենք, անկաշառ, շատ խիստ, բայց անսահման բարի մի անձնավորություն: Առավոտից, որ մտնում ենք դպրոց, ծափ ու ծիծաղով ենք դիմավորում իրար, և այդպես լիցքավորված գնում ենք դասի»,- ասում է վաստակաշատ ուսուցիչն ու շարունակում, որ այս սերունդն ուրիշ է, հազար տեղից ինֆորմացիան են ստանում, երբեմն նույնիսկ կարող են ուսուցչին ստուգել, պետք է ամեն ինչի պատրաստ լինել և հասկանալ, թե ինչ է ուզում կոնկրետ երեխան:

«Մի չհիմնավորված նախադասություն է տարածվում, թե այս սերունդի հետ աշխատել հնարավոր չէ, անկեղծ եմ ասում՝ բոլոր տարիներին էլ, բոլոր սերունդների հետ էլ աշխատել կարելի է։ Այսօրվա երեխան ավելի շատ անհատական մոտեցում է պահանջում: Եվ եթե մենք չենք կարողանում ժամանակի հետ քայլել, հետ ենք մնում, ուրեմն, մեր կրթությունը գնում է առաջ, մենք հետ ենք մնում։ Սա է հենց անջրպետ առաջացնում կրթողի և կրթվողի մեջ»,-բացատրում է վաստակաշատ մանկավարժը՝ պատկերավոր համեմատություն անելով, որ եթե ուսուցիչը շարունակաբար չկրթվի, վազելու է սովորողների վագոնի հետևից ու չի հասնելու:

Կամավոր ատեստավորման Վ.Շահնազարյանը չի վարանել, դիմել է, ասում է՝ սովորական ստուգողական աշխատանքի է նման: Առավելագույն արդյունքին առաջին անգամից չի հասել, դիմացը նստած տիկինն է օգնության խնդրանքով դիմել, ինքն էլ շեղվել է, ճիշտ դպրոցականների նման: Առաջիկայում զրուցակիցս մտադիր է ատեստավորման իր արդյունքը բարելավել:

Մյուսներին էլ խորհուրդ է տալիս մի քիչ աշխատել, չվախենալ ու անպայման դիմել, աշխատավարձը որոշակիորեն դեպի լավն է փոխվում: «Վախենալու ոչինչ չկա, նորմալ է, տեքստն էլ, առաջադրանքներն էլ, աշխատավարձն էլ նորմալ բարձրանում է: Գիտես անցիր, ստացիր ավելի շատ»,- ասում է Շահնազարյանը։

Նա նույնպես արձանագրում է, որ բոլոր դպրոցներում էլ ուսուցչի կարիք կա, բայց դիմողները շատ չեն, քանի որ միայն աշխատավարձով տուն պահել հնարավոր չէ: Զրուցակիցս բովանդակալից իր կյանքի բանաձևերից է համարում ընկերների հետ շփումը, ինչպես նաև թոռներին ու զավակներին մշտապես օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը: 84-ամյա մանկավարժն իր և վաստակաշատ տարեկիցների համար պետությունից միայն մեկ խնդրանք ունի. տարեկան գոնե մեկ անգամ անվճար հիմնավոր բուժզննություն անցնեն՝ եթե կարիք կա, նաև դժվարամատչելի հետազոտություններով:

Back to top button