Էկոսֆերա

Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհահատվածին հատված ծառերի գործով փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն․ «Էկոսֆերա»

Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհահատվածին հատված բարդիների դեպքով դեռ զբաղվում են իրավապահ մարմինները։ Ահազանգը ստացել էինք 2022թ․-ի դեկտեմբեր ամսին՝ Ստեփանավան քաղաք տանող ճանապարհի ծառերի հատման մասին։ Դեռ այն ժամանակ մեզ տեղեկացրեցին, որ գործը դեռևս իրավապահների տիրույթում է։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանից հետաքրքրվեցինք տվյալ դեպքի ընթացքից։ Ըստ նրա՝ իրավապաները դեռ զբաղվում են գործով։

«Քրեական գործ կա հարուցված։ Մենք այս պահին դեռևս որևէ աշխատանք չենք կարողանում կատարել։ Թեև հատված տարածքներում իրականացրել ենք ցանկապատման աշխատանքներ և տնկել ենք ծառեր։ Մոտ 100 ծառ ենք տնկել ՝ բավակաանին մեծ տարիքի։ Իրականացնում ենք նաև ոռոգման աշխատանքներ, որպեսզի տարածքը շուտ վերադառնա նախկին տեսքին»։

Մեր հարցին, թե արդյո՞ք եղել են պաշտոնանկումներ, Մարկոսյանն ասաց․ «Այո, եղել են պաշտոնանկումներ։ Աշխատանքից ազատվել է Ստեփանավանի անտառտնտեսության ավագ անտառապետը, մոտ մեկ ամիս առաջ էլ աշխատանքից ազատվել է պահպանության գծով նախկին տեղակալը, որը ժամանակավոր իրականացնում էր տնօրենի պարտականությունները։ Վերջինիս ազատման պատճառներից մեկը նաև այդ գործն էր»։

Ազատումներ եղել են, թեև Դատախազությունից մեզ հայտնեցին, որ գործով մեղադրյալ դեռ չկան։

Էկոսֆերային Դատախազությունից տեղեկացրեցին, որ նշված դեպքով կա հարուցված գործ։ Նշանակված է փորձաքննություն և սպասում են պատասխանին։

Հիշեցնենք, որ Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհահատվածին սանիտարական հատման ենթակա 151 ծառի փոխարեն, մի քանի անգամ ավելի շատ ծառեր էին հատվել։ Ինչպես ավելի վաղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը Էկոսֆերային տեղեկացրել էր, նույն թիվը հանդիպել է 3 կամ երբեմն էլ 4 ծառերի վրա, ինչն արդեն կոպիտ խախտում է։

Back to top button