Մտքի ուժը

«Սիս». հայկական կենսահումուսը` գյուղացուն հասնելու ճանապարհին․ «Մտքի ուժը»

Այն մատչելի է, հեշտ արտադրվող, փորձարկված Հայաստանի բոլոր բնահողային գոտիներում, ունի կարճ ու հնչեղ անուն՝ «Սիս»։ «Սիս»-ն արդեն տնից՝ այս դեպքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ից դուրս գալու և իր նոր «բարեկամներին» գտնելու ճանապարհին է։

«Սիս»-ը կենսահումուս է, որին գյուղացիները կսիրեն, մի շարք առավելություններ ունի. — ասում է գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանն ու նշում․  

Գայանե Գասպարյան

«Կարծում եմ, որ սա հեշտ ու մատչելի կլինի ընկալելն ու ընդունելը։ Այն միանգամից մի քանի հարց է լուծում՝ ֆերմերի համար արտադրել այդպիսի կենսահումուս և կիրառել, բարդ չէ։ Դրա հիմնական բաղադրամասը բուսական թափոն է՝ կանաչ տերևների զանգվածը, բույսերի մնացորդները, որոնք կարող են լավ հումք հանդիսանալ կենսահումուսի համար։ Այն նաև մատչելի է։ Մենք հիմա ենք հաշվարկներ անում, բայց լինելու է մատչելի։ Բացի այդ, կենսահումուսն ունի էկոլոգիական կարևոր նշանակություն։ Այն օրգանիկ է, չի փչացնում հողի որակը, այլ բարելավում է այն։ Այնտեղ այնպիսի միկրոմասնիկներ են, որ նպաստում են դրան»։

Իսկ գիտական հետազոտությունները սկսվեցին, երբ գիտության կոմիտեն կիրառական նշանակություն ունեցող գիտական պրոդուկտի դրամաշնորհ հայտարարեց։ Գիտական խմբի ղեկավարը Մարգարիտ Պետրոսյանն է, աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Պատմում է, որ աշխատանքները հետաքրքիր էին, նման հետազոտություն արել էր, բայց ոչ այս ծավալով ու մեթոդներով․

Մարգարիտ Պետրոսյան

«Կարևոր է ճիշտ ընտրել այն պրոդուկտը, որը պետք է հողի հետ համատեղ աշխատի։ Մեր կենսահումուսն ունի մանրէական ծագում։ Մենք արտադրվող թափոնները մշակել ենք մանրէների մի մեծ խմբով, արդյուքնում ունենք արդյունավետ կենսահումուս։ Սննդատարրերի առկայությունը բավականին բարձր էր։ Դրանք անհրաժեշտ են բույսի համար։ Ունենք պատրաստուկ, որով կբարձրացնենք հողի բերրիությունը, քանի որ այնտեղ կան անհրաժեշռտ տարրերը»։

Ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի գիտաշխատող Տաթևիկ Ջհանգիրյանի, ու ոչ միայն նրա, աշխատանքային առավոտը սկսվում է վեգետատիվ տնակից․  

Տաթևիկ Ջհանգիրյան

«Ամենահետաքրքիրը մեր վեգետացիոն տնակի փորձերն էին։ Երբ ամեն առավոտ զրուցում էինք, ասում էինք, որ մեծ սպասումներ ունենք։ Սպասում էինք, որ կունենանք հուսադրող արդյունք, բայց այն ինչ ունենք՝ ավելի զարմացնող էր»։

Թե ինչու «Սիս»՝ պատասխանն ունեն՝ կարճ է, հնչեղ ու հայկական։ «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի գիտնականները տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում են, թե ինչ է կատարվում Հայաստանի բոլոր բնակլիմայական հողերի հետ։ Գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը պատմում է․

«Ունենք այսպիսի մի իրավիճակ, որ որոշ մարզերում հողերի վիճակը անմխիթար է։ Արարատյան դաշտավայրի որոշ տեղերում աղուտների վիճակը կարծեք թե ճիշտ չգնահատելու հետևանքով, ոռոգման ոչ ճիշտ համակարգերի, սխալ պարարտացման պատճառով խնդիրներ կան։ Առաջացել են կրկնակի աղակալումներ»։

Գիտական այս կենտրոնում այժմ առաջարկն առևտրայնացնելու ճանապարհին են։ Վստահ են՝ կենսահումուսը գյուղացուն ոչ միայն շուտ, այլ նաև՝ հեշտ կհասնի։ 

Back to top button