Վերնատուն

«Անտրոպոմորֆոսիս»․ երբ հաղորդակցման միակ ճանապարհը արվեստն է․ «Վերնատուն»

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր բացվելու է Ալտերնատիվ Արվեստի ամենամյա 27-րդ փառատոնը` «Անտրոպոմորֆոսիս» խորագրով։

ՆՓԱԿ-ի նախագծերի համակարգող, արվեստագետ Արամ Զուրաբյանը և փառատոնի համադրող, արվեստագետ Հուրի Մարգարյանը խոսում են փառատոնի կոնցեպտի, ժամանակակից արվեստի մերօրյա զարգացումների մասին։

Հուրի Մարգարյանը 2.5 տարի է Լիբանանից տեղափոխվել է Հայաստան, ՆՓԱԿ–ում Ալտերնատիվ արվեստի փառատոնը համադրողի նրա առաջին փորձառությունն է։ Խոսելով փառատոնի կոնցեպտի մասին՝ Հուրի Մարգարյանն ասում է, որ դարաշրջանի հետ փոխվում է նաև մարդկությունը, և թվային աշխարհում իր հայ ընկերները ֆիզիկապես նույնքան հեռու են, որքան ֆրանսիացի ընկերները։

«Արդյո՞ք մենք իրար ճանաչում ենք։ Միմյանց հետ երկխոսություն ստեղծելու ու հաղորդակցվելու միակ ճանապարհը արվեստն է, մնացած ամեն ինչ ռոբոտացված է, մեր հույզերը կարող ենք միայն արվեստի միջոցով արտահայտել։ Արհեստական բանականությունն այսօր տեխնիկապես կարող է ավելի կատարյալ գործեր ստեղծել, ժամանակակից արվեստը կարևոր է այնքանով, թե որպես մարդ ինչ ենք մենք տալիս աշխարհին», – ասում է Հուրի Մարգարյանը։

Արամ Զուրաբյանը հավելում է, որ ցուցահանդեսի հիմնական շեշտադրումը անհատականություն ու մարդ լինելն է, այնպիսին, ինչպիսին տեխնիկան չի կարող լինել։ Արամը երեք տարի առաջ է Փարիզից Երևան վերադարձել։

Ասում է՝ Հայաստանում կա արվեստագետների դպրոց և համայնք, որոնք լիարժեք կարող են մրցել աշխարհի ցանկացած զարգացած երկրի արվեստագետների հետ, բայց Հայաստանի խնդիրը արվեստագետների ու մարդկանց պատասխանատվության գիտակցության պակասն է, որի պատճառով որոշ գործեր կամ մնում են անավարտ, կամ շարունակություն չեն ունենում։ Ալտերնատիվ արվեստի փառատոնին այս տարի մասնակցելու են 27 հայ և արտասահմանցի արվեստագետներ։ Փառատոնը ՆՓԱԿ–ում կբացվի ապրիլի 7–ին և կշարունակվի մինչև մայիսի 17–ը։

Back to top button