Սփյուռքի ձայնը

Եթե ուզում եք վայելել Հայաստանի արևահամ մրգերն ու խմել սարերի ջուրը՝ եկեք Հայաստան․ «Սփյուռքի ձայնը»

Օտար երկրներում ծնված մեր ազգակիցներն ինչպես որոշեցին գալ Հայաստան։ Արդյո՞ք արյան կանչը նրանց բերեց հայրենիք, թե՞ ակունքներին վերադառնալու ցանկությունը։ Հայաստանում սփյուռքահայ կամավորները եկել են «Դեպի Հայք» կազմակերպության շնորհիվ։ Ամերիկաբնակ, PR մասնագետ և էկոլոգ Թեյլոր Հոջը, ում մայրը իռլանդուհի է, նշում է, որ թե հորից, թե պապիկից հաճախ է լսել Հայաստանի մասին։

«Ծնողներս Հայաստանում չեն եղել։ Իսկ ես մինչև ծրագրին մասնակցելը հայերենին ընդհանրապես չէի տիրապետում։ «Դեպի Հայքի» հայերենի դասընթացին մասնակցելուց հետո, վեց ամսվա ընթացքում խոսում եմ և հասկանում հայերեն։ Մեր ազգանունը Չուխաջյան է, պապիկս այն փոխել է, որպեսզի օտարները ավելի հեշտությամբ արտաբերեն»,- ասում է Թեյլորը։

Իսկ գրադարանավար և արխիվագետ Գարեն Ջանսեզյանը, որը նույնպես հայկական միջավայրից հեռու է եղել, նշում է, որ միայն ընտանիքի շնորհիվ է կարողացել Հայաստանի պատմության և լեզվի մասին տեղեկություններ ստանալ։

«Ես աշխատում եմ ամերիկյան գրադարանում, որտեղ հայկական գրականություն չկա։ Հայաստանում աշխատում եմ Աշոտ Հովհաննիսյան գրադարանում։ Զարմացած եմ աշխատակիցների գործին տիրապետելու հմտությունների վրա»,- ասում է նա։

Գարենը որոշել է հաստատվել Հայաստանում։ «Ես գիտեմ հայ գրողներին, սակայն հայ գրականություն կարդալը ինձ հասանելի չէր՝ լեզվական խնդիրների պատճառով։ Այն ընտանիքը, որտեղ ես այսօր մնում եմ, ծննդյանս առիթով նվիրեց Վիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» գործը, որն այսօր իմ գրասեղանին է»,- նշում է Գարենը։

Երիտասարդ կամավորները իրենց հայաստանյան առօրյայում շատ բան են հավանում. Թեյլորը զարմացած, բայց նաև արդեն առօրյայի մաս է դարձրել աշխատավայրում գործընկերների հետ մի քանի անգամ սուրճ խմելն ու տարբեր թեմաների շուրջ զրուցելը։
Գարենը նշում է «այն արևահամ մրգերը, որ կան այստեղ, որևէ երկրում չես գտնի»։

Back to top button