Վերնատուն

«Նայեք ինձ որպես բանաստեղծի, ոչ թե՝ բանաստեղծություն գրողի»․ Վահրամ Մարտիրոսյան․ «Վերնատուն»

Գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանի հետ հանդիպման առիթը «Մեջքով երազի քո կեսին հենված» բանաստեղծությունների ժողովածուն է, որը հեղինակի 50 տարիների տպագրած և անտիպ գործերի ընտրանին է։

Վահրամ Մարտիրոսյանը, ինչպես ինքն է ասում, տարին երկու–երեք բանաստեղծություն է գրել, ինչպես անցյալում, այնպես էլ վերջին տարիներին։ Գրքի համար խիստ ընտրություն է արել մոտավորապես 150 բանաստեղծությունից՝ ընտրելով 120–ը։ Խնդիր կար նաև հասկանալու, թե 17–18 տարեկանում գրված բանաստեղծությունները ինչպես են կամրջվում այսօրվա հետ և որքանով են տեղին իրենց ժամանակի մեջ։

«Ինձ համար կարևոր էր ի մի բերել այն, ինչ գրել եմ ու գրում եմ, մտածում եմ, որ սա իմ ձայնն է պոեզիայի մեջ։ Այսօր հրապարակելու հնարավորությունները շատ են սոցցանցերում, որտեղ կարող են հազարավորները կարդան և արձագանքեն, միևնույն ժամանակ կա գիրք տպելու պատասխանատվությունը, երբ դու ուզում ես ասել՝ «նայե՛ք ինձ որպես բանաստեղծի, ոչ թե որպես բանաստեղծություն գրողի»։ Բայց հիմնականը երկխոսությունն էր իմ ընթերցողի հետ՝ պոեզիայի լեզվով, որովհետև, ցավոք սրտի մեր ժամանակներում երևի թե միայն քաղաքականությանը վերաբերվող խոսքն է, որ արդիական է համարվում, և ինձ էլ վերջին 20–25 տարին հարցազրույցի են հրավիրել ավելի շատ քաղաքական և ոչ գրական առիթներով», – ասում է գրողը։

Խոսելով ժամանակակից պոեզիայի մասին՝ Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ «մեր ոչ պաթետիկ ժամանակներում պոեզիան կամերային է, սենյակի զրույց է, ականջին ասված խոսք է»։

«Բանաստեղծը և ամբոխը» հայտնի հակադրությունն էլ մեր օրերում անհետացել է, քանի որ հարաբերություններն ավելի հորիզոնական են դառնում․ «Այսօր ամբոխի ցանկացած մասնիկ իմ ցանկալի զրուցակիցն է, մարդ է, որին ես կուզեի հասկանալ և որը կուզեի, որ ինձ հասկանար։

Այսօր, երբ արհեստական բանականությունն այնպիսի պերճախոս տեքստ կարող է մատուցել, շատ կարևոր է, որ չգրես համարձակ, որ համարձակ լինի, կամ գրես սկանդալային, որ սկանդալային լինի, այլ այն ջերմ, էմոցիոնալ ամպը, որ քո մեջ շարժվում է, ուզենաս բառերի վերածել, ոչ թե որ բանաստեղծ ես, ուրեմն՝ տարին մեկ անգամ մի գիրք տպագրես։»,– ասում է Վահրամ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ գրականությունը արկած է ու միշտ պիտի գնաս այնտեղ, որտեղ հետազոտված չէ և ասես մի խոսք, որը ասված չէ։

Back to top button