Վերնատուն

Արվեստում պատահական մարդիկ չպետք է լինեն․ «Վերնատուն»

Ինչպե՞ս են կայանում երաժիշտները Հայաստանում, ի՞նչ ճանապարհ են նրանք անցնում, ինչպե՞ս են դրսևորվում: Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը խոսում է իր փորձառությունից և կատարողական արվեստը զարգացնելու անձնական մոտեցումներից:

«Ես փոքրուց ինձ մեծ բեմերում էի պատկերացնում: Եվ ամեն ինչ անում էի իմ երազանքին հասնելու համար: Ինձ օգնեցին իմ ուսուցիչները, ծնողներն ու իմ միջավայրի մարդիկ: Հիմա չկա երաժշտական այն բարձր, մաքուր մթնոլորտը, երբ ես էի կայանում: Այնպիսի անուններ, ինչպիսիք են` Էդուարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը»,- ասում է Արուս Աճեմյանը:

Ասում է, շատ կուզեր, որ կատարողական արվեստին ավելի լուրջ մոտեցում լիներ ու կոնսերվատորիայում դասավանդեն մարդիկ, ովքեր բեմական փորձառություն ունեն:

«Ուսուցիչը չի կարող կատարողական արվեստ դասավանդել, երբ սեփական փորձ չունի: Պատահական մարդիկ չպետք է լինեն արվեստում»,- ասում է Արուս Աճեմյանը: Աճեմյան ազգանունը կրելը մեծ պատասխանատվություն է, քանի որ բեմում քեզ տեսնելով, պատկերացնում են քո մեծ տատիկին ու պապիկին, քո պապին ու քո հորը:

«Ես իմ ամբողջ կյանքում փորձել եմ այնպես անել, որ ինձ ընդունեն, որպես անհատականություն: Այդ մասին փաստում են իմ համերգները: Ազգանունը, տիտղոսներն ու կոչումներն այստեղ դեր չունեն, երբ դուրս ես գալիս բեմ ու նվագում ես, որևէ մեկը մեջքիդ հետևում կանգնած չէ և քո տեղը չի կարող անել այն, ինչ այդ պահին դու ես անում»: Արուս Աճեմյանը երազում է պրոֆեսիոնալ միջավայրում ապրել և ստեղծագործել, միջավայր, որ անհատականություններն են ստեղծում: Ու ևս մեկ անգամ շեշտում է, որ մշակույթում, մասնավորապես արվեստում անհատների դերը կարևոր է ու պատահական մարդիկ չպետք է այնտեղ լինեն:

Back to top button