Հասարակություն

Ս․ Ղազարոսի հարության հիշատակության օրն է

Ս. Ղազարոսը Քրիստոսի սիրելիներից մեկն էր, ով ապրում էր Երուսաղեմի Բեթանիա գյուղում, և ում Քրիստոս գերեզմանում հարություն տվեց: Ծաղկազարդի նախորդող շաբաթ օրը փաստորեն մենք հիշատակում ենք այս հրաշալի դեպքը՝ Ս. Ղազարոսի հարությունը: Անշուշտ, այդ օրը չէր, որ տեղի ունեցավ այդ հրաշքը, այլ Քրիստոս երբ գալիս էր Երուսաղեմ, և պետք է սկսվեր ավագ շաբաթվա այդ վերջին դեպքերը, Նա մի փոքրիկ դադար առավ և հանգստացավ Բեթանիա գյուղում, այնուհետև հյուրընկալվեց Ղազարոսի տանը. այդ ժամանակ Նա արդեն հարություն էր տվել Ս. Ղազարոսին:

Ղազարոսն ուներ երկու քույր՝ Մարթան և Մարիամը, ովքեր շատ սիրելի էին Տեր Հիսուսին, սակայն մենք պետք է իմանանք ավանդությամբ ներկայացվող այն պատմությունը, որ այս վերոնշյալ երեք անձինք, երբ Տերն՝ իբրև պանդուխտ, ապրում էր Եգիպտոսում արդեն մտերիմ էր Ղազարոսի ընտանիքին, որոնց անդամներն, ի դեպ, տարիքով ավելի մեծ էին Նրանից: Այս ընտանեկան մտերմության մեջ նրանք շատ սիրում էին շնորհալի Հիսուս մանկանը: Երբ Հիսուս մեծացավ ու սկսեց իր առաքելությունը, անշուշտ, այսդ սերը շարունակաբար դրսևորվում էր նրանց հարաբերություններում: Եվ երբ Նա գնում էր Բեթանիա քաղաք երբեք անտարբեր չէր անցնում. միշտ հյուրընկալվում էր Ղազարոսի տանը:

Ահա, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ավետարանում առանձնահատուկ շեշտադրվում էր Քրիստոսի՝ Ղազարոսին և նրա քույրերին շատ սիրելու փաստը:

Մի անգամ Տիրոջը լուր ուղարկեցին, որ Ղազարոսը ծանր անկողնային հիվանդ է: Տեր Հիսուս իր աստվածային ամենագիտությամբ իմացավ, որ այս հիվանդությունն Աստծո փառքին պետք է ծառայի, սակայն Ղազարոսը շատ հիվանդ էր, անասելի ծանր էր նրա վիճակը, և քույրերը խնդրել էին, որ այս լուրը հնարավորինս շուտ հասնի Տիրոջը, և Նա ժամանի Բեթանիա ու բուժի Ղազարոսին, որորվհետև հիվանդությունը վտանգավոր էր: Տերն, այս լուրն իմանալուց հետո, անմիջապես չշտապեց Բեթանիա, ավելին՝ երբ Նա գնացել էր Բեթանիա Ղազարոսը ոչ միայն մահացել էր, այլև նրան չորս օր էր արդեն հյուղարկավորել էին: Քույրերը մեծ տրտմությամբ, սգով ու տխրությամբ ներկայանալով Տիրոջը՝ ասացին, որ, եթե Տերը ժամանակին գնար Բեթանիա, նրանք եղբորը չէին կորցնի:

Տերն այդ ժամանակ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը, և ով ինձ հավատում է, թեև մեռնի, պիտի ապրի»:

Տերը իմացավ, թե որտեղ է թաղված Ղազարոսը և ուղևորվեց այնտեղ, որտեղ ժայռաբեկոր մի գերեզմանում մեծ քարով փակված էր Ս. Ղազարոսի մարմինը:

Տերն անմիջապես հրամայեց, որ գերեզմանը բացեն, սակայն քույրերն ասացին, որ արդեն ապականված կլինի նրա մարմինը: Տերը մի պահ լռեց և շարունակեց.« Եթե դուք հավատում եք, ապա կտեսնեք Տիրոջ փառքը»:

Գերեզմանը բացեցին ու Տերը հրամայեց. «Ղազարոս, վեր կաց ու դուրս արի գերեզմանից»:

Եվ այդպես Ղազարոսը hարություն առավ:

Այս նախադեպը չունեցող հրաշքը ցնցեց ամբողջ Երուսաղեմը, որովհետև նման դեպք դեռևս երբեք չէր կատարվել:

Այս դեպքից մի քանի ամիս հետո, երբ Տերը գնում էր դեպի Երուսաղեմ՝ խաչելության, նրա մուտքը Բեթանիա շատ մեծ շարժ ու իրարանցում առաջ բերեց: Ղազարոսիտանը հյուրընկալվեց, որտեղ էլ հենց Ղազարոսը Նրա հետ սեղան նստողներից մեկն էր:

Ավետարանը մեզ տեղեկացնում է, որ Տիրոջ թշնամիները ոչ միայն ուզում էին Նրան սպանել, այլև Ղազարոսին, ով հանդիսանում էր Քրիստոսի կենդանի վկայությունը, որովհետև նրա մահն ու հարությունը Քրիստոսի փառքի կենդանի հռչակումն էր: Նրանք, ովքեր տեսնում էին Ղազարոսին և տեղեկանում էին այդ հրաշքի մասին ցանկանում էին իրենց խոնարհումը բերել Տիրոջ առաջ:

Ս. Ղազարոսը տասնհինգ տարի իր կյանքը ապրեց Տիրոջ մահվանից հետո, դարձավ եպիսկոպոս և իր ողջ կյանքը սրբորեն ծառայեց Քրիստոսին:

Back to top button