ԿարևորՀասարակություն

«Չտրվել կեղծ լուրերին». պետական կառույցները զգուշացնում են, շրջափակումը սաստկանում է

Ապրիլի 1-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստանի տարբեր հիվանդանոցներ: Կարմիր Խաչը չի հստակեցրել, թե որ ճանապարհով են անցել մեքենաները:

Հայտնի է, որ հենց ապրիլի 1-ից պետք է տեղի ունենար Հայաստանը Արցախին  կապող ճանապարհի երթուղու փոփոխությունը, ինչը, սակայն, բազմաթիվ հարցեր է առաջացրել: Դեռևս հայտնի չեն նոր ճանապարհի չափորոշիչները, վերահսկողության կարգը, անգամ ՌԴ խաղաղապահ զորամիավորման վերատեղակայման մասին պաշտոնեպս դեռ չի հայտարարվել:

Արցախի Հանրապետության ՆԳՆ-ն հարկ է համարել հերքել Հայաստանն Արցախին կապվող և այսօրվանից գործարկվող նոր ճանապարհի աշխատանքային ռեժիմին առնչվող սոցցանցերում տարածվող թյուր տեղեկությունները: Նախարարությունը ճշտում է, որ նոր ճանապարհի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են: 

«Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները»,- Արցախի ՆԳՆ-ն հորդորում է չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Նոր ճանապարհի գործարկմամբ պայմանավորված Ադրբեջանի կողմից Տեղ-Կոռնիձոր հատվածում զբաղեցրած բարձունքների խնդրով բանակցությունները դեռ շարունակվում են: Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ այդ հանդիպման արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է, բայց միաժամանակ պաշտոնական հաղորդագրության մեջ կա տեղեկություն, որ «ներկայում աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը երկու հիմնական նպատակ է առանձնացնում Ադրբեջանի գործողություններում:

«Սահմանազատում՝ ըստ ադրբեջանական կողմի: Փաստացի դրա ականատեսն ենք: Եկել են և հաստատվել են առանց որևէ սահման ճշգրտելու: Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման սկզբից  չարչրկվող մաքսակետի, սահմանակետի նպատակի իրականացում: Սրանով ակնհայտ է դառնում, որ դեկտեմբերից նախաձեռնված այս գործողությունը մեկ անվանում ունի: Բոլոր հնարավոր ուղղություններով Արցախի կապը Հայաստանի հետ արգելափակված է: Այսինքն՝ սա հստակ Արցախի պաշարման քաղաքականություն է, որը հնարավոր եղավ քայլ առ քայլ, երբ ադրբեջանցիները «մարսեցին» դեկտեմբերին նախաձեռնած գործողութունը բնապահպանական լույսի ներքո: Արցախի պաշարման խնդիրը Արցախին վերջնագրային եղանակով «ինտեգրման» պայմանի պարտադրումն է»:

Վերլուծաբանները պնդումեն, որ Ադրբեջանի գործողությունները հնարավոր է կանխատեսել և կանխել, եթե ճիշտ վերլուծվեն քարոզչական նպատակով տրամադրվող տեղեկություններն ու Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք ընկալվում են որպես անմիջապես գործողություններ ձեռնարկելու հրահանգներ: 44-օրյա պատերազմից հետո օրինակները շատ են՝ ասում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը.

«Ադրբեջանական կողմն ամեն գործողությունից մեկ օր առաջ զգուշացնում է, որ գնալու է գործողության: Օրինակ՝ երբ մարտի 25-ին տեղի ունեցան դեպքերը Հայաստանը Արցախին կապող Արցախի կողմից լեռնաանտառային ճանապարհի վրա՝ «Սարի բաբա» բարձունքի մոտակայքում, Ադրբեջանը դրանից մեկ օր առաջ՝ մարտի 24-ին, երկու հաղորդագրություն էր տվել, որտեղ ասվում է, որ իրենք պատրաստվում են գնալ գործողութունների»:

Ադրբեջանագետի խոսքով՝ այժմ ադրբեջանական տիրույթում սկսել են խոսել նոր էկոլոգիական խնդրի մասին, որը կապված է Սարսանգի ջրամբարի սակավաջրության հետ: Քանի որ ադրբեջանցիները պարբերաբար խափանում են Հայաստանից Արցախի էելկտրամատակարարումը, Արցախում ջրային հոսքերը օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար: Ադրբեջանցիները շեշտը դնում են նրա վրա, որ այդ պատճառով չեն ստանում իրենց վարելահողերը ոռոգելու ջուր:

Էսկալացիայի չգնալու Հայաստանի ցանկությունը պետք է համատեղվի որոշակի դիմադրության հետ՝ համոզված է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Սա ասում է այն գիտակցումով, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների այս փուլում միջազգային հանրությունը ու նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կոշտ չեն արձագանքում Ադրբեջանի փուլային առաջխաղաղցումներին:

«Քանի դեռ Ադրբեջանի քայլերն ուղղված են նաև այստեղ անընդհատ իրավիճակը լարված պահելուն, որը զուգահեռաբար նաև հարվածում է ՌԴ դիրքերին որպես այստեղ հիմնական կայունացնող միջնորդ, սա որևէ լուրջ միջազգային արձագանքի չի հանգեցնելու: Քանի դեռ Ադրբեջանը բացահայտ դիրքավորվել է հակաիրանական ճամբարում որևէ մեկը նրան Հայաստանի դեմ նկատողություն չի անելու: Մենք ունենք ԵՄ դիտորդներ: Ինձ այնքան հետաքրքիր է՝ ինչպես են արձանագրել այս վերջին իրավիճակը: Թե՞ ներից ասելու են, թող կողմերը նստեն սահմանագծեն և անցնի գնա: Այդպես էլ ասելու են: Որևէ միջազգային մեխանիզմ չի աշխատելու: Մենք պետք է պահպանենք, պահենք մեր սահմանները: Եթե կան կանխատեսումներ, որ լինելու է վերադիրքավորում, այդտեղ պետք է հայկական կողմը հստակ սցենար ունենա՝ ինչպես է առաջինը գնալու, հասնելու և դիրքերը զբաղեցնի»:

Ուշագրավ է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում նոր դիրքերի զբաղեցման համատեքստում սուր երկխոսություն է սկսվել Ադրբեջանի և Իրանի միջև: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անընդունելի է համարել Թեհրանի հետ սպառնալիքի լեզվով խոսելը: Այս հայտարարությունն այժմ դիտարկվում է որպես արձագանք իրանական կողմի վերջին հայտարարություններին։

Իսկ ավելի վաղ իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:

Այս իրավիճակը, վերլուծաբանների կարծիքով, ինչպես նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար, այնպես էլ նոր սպառնալիքներ, որոնցից ամենակարևորը՝ հայկական տարածքներում առճակատում թույլ չտալն է: Վերլուծաբանների համար արդեն հասկանալի է, որ սա այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը, որ էսկալացիայի առաջին քայլն անի հայկական կողմը, և սա այն է, ինչը պետք է թույլ չտա Հայաստանը:

Back to top button