ԿարևորՀասարակություն

Սարդ մարդն ու Լեոնարդո դի Կապրիոն Արցախում․ երբ Ռադիկի «օվօշնոյը» մանդարին ստացավ

«Ակն ընդ ական» վավերագրական խումբը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո։ Արվեստագետների և գրողների այս համայնքի նպատակն է կանխարգելել հնարավոր ողբերգությունները, և ոչ թե ողբերգությունից սնվել, ինչպես ընդունված է արվեստում։ Բերձորի միջանցքի փակումից հետո «Ակն ընդ ական»-ը կազմակերպել է «Շրջափակված Արցախ» ստեղծագործողների մրցույթ։ Որոշել են, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն Արցախում, երբ արվեստը բացած կլինի Արցախի ճանապարհը։

Խիզախ սիրտը սոխ է ուզում, բեթմենը՝ զուգարանի թուղթ

Սարդ մարդը Ստեփանակերտում գործի է դնում իր գերմարդկային ուժերը Ռադիկի մթերային խանութից մանդարին գնելու համար։ Դոն Կառլեոնեին շշուկով զեկուցում են խանութում գտնված հանքային ջրի մասին։  Գազը երկու ժամով տալու են ու անջատեն՝ կանխատեսում է Վանգան։ Ի՞նչը կարող էր Սարդ մարդուն, Տերմինատորին, Լեոնարդո դի Կապրիոյին և Շեռլոկ Հոլսմին միավորել։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ շրջափակված Արցախը։  Հայտնի կերպարները շրջափակված Արցախում են հայտնվել Կարինե Պետրոսովայի թեթև ձեռքով ու կոմիքսների տեսքով։

«Երբ իմացա, որ խանութում մանդարին են ստացել, դա հունվար 29-30-ին էր։ Պատկերացրեք՝ Ամանորից հետո էր, երեխաներն արդեն երկու ամիս միրգ չէին կերել։ Դա սենսացիա էր։ Այդպես Սարդ մարդը եկավ ու ասեց՝ «Ռադիկին օվօշնոյը մանդարին ա ստացալ»»։ 

Թեև կոմիքսներում գործող անձինք ֆիլմերի հերոսներն են, սակայն ոչ մի պատմություն հորինված չէ։ Դրանք իրավիճակներ են, որոնցում հայտնվել են  կամ հեղինակը, կամ նրան շրջապատող մարդիկ։

«Գազն անջատված օրերին, երբ ցուրտ էր, ես տխուր ընկերուհուս ասացի՝գիտե՞ս, գազը նորից անջատել են, ու նա ծիծաղելով պատասխանեց, որ իրենցն Արիստոն է, այսինքն՝ դա ինձ շատ չի հուզում։ Այդպես կոմիքս ստեղծեցի, որտեղ Լեոնարդո դիԿապրիոն ասում է՝ էլի գազը կտրալ են, ու զրուցակիցը պատասխանում է, որ իրենն Արիստոն է»։

Ասում է՝ հաճախ իրենից փորձում են իմանալ, թե որտեղ ինչ են ստացել։ Երբեմն էլ վաճառողներն են ասում նոր ստացած ապրանքի մասին՝ ակնկալելով, որ այդ մասին կոմիքս կստեղծի։

«Առավոտյան աշխատանքի գալիս տեսնում եմ, որ խանութները փակ են, սակայն դիմացը 15-30 մարդ է հավաքվել։ Հարցնում եմ՝ ինչու են հավաքվել։ Ասում են՝ բա, գիտեք, էսօր բուրակ են ստացել, կարտոշկա և գազար»։

Կարինեն կարծում է՝ այս շարքով հնարավոր եղավ մարդկանց մի պահ շեղել մտածմումքներից ։ Ասում է՝ հիմա քաղաքում ով տեսնում, ժպտում է, իսկ ժպիտը խոսակցություն է առանց բառերի։

էլեկտրոնային երաժշտություն՝ համեմված «խորը» մտահոգություններով

Առանց բառերի՝ հնչյունների միջոցով արցախահայության խնդիրների մասին է հիշեցնում նաև «Շրջափակված Արցախ» մրցույթի հաջորդ մասնակիցը։ Երաժիշտ Տիգրան Ալեքսանյանն իր ստեղծած էլեկտրոնային երաժշտությունը համեմել է միջազգային հանրության խորը մտահոգություններով։ Բացատրում է․

 «Դա մեր ուղեղները բռնաբարած, ժամանակին ինձ հոգեկան հավասարակշռությունից հանած, իսկ հիմա ոչ մի կերպ ինձ չկպչող արտահայտության անընդհատ կրկնությունն է։ Ինձ համար արդեն վիրավորական է հնչում, ոչինչ չասող նախադասություն է, որը գործողությունների չի հանգեցնում, ոչինչ չենթադրող բառերի խումբ է, որով փորձում են մեզ հանգստացնել, բայց երբ մի դեղից շատ ես տալիս, այլևս չի օգնում»։

Տիգրանը ստեղծագործում է նաև բառերով․ արձակ է գրում։ Սակայն պատերազմից հետո ստեղծագործական ծրագրերը հեռու դարակներում է պահել։ Հարցեր առաջացան՝ արդյո՞ք իմաստ ունի որևէ այլ բան, քան մեր գոյությունը պաշտպանելը։ Ի վերջո, հուսալքությունն անցավ, քարացած մտքերը սկսեցին շարժվել ու արտահայտման ձևեր գտնել։ Երաժիշտն ասում է՝ պետք է վառ պահել այն միտքը, որ Արցախի հարցը լուծված չէ։

«Երբ ինչ-որ մեկը մեքենա է առնում, դա հասարակության մոտ քամի է առաջացնում, իսկ մենք առանց որևէ էմոցիայի կարդում ենք հերթական նորությունը, որ ադրբեջանիցիները դիրքերն առաջ են բերել կամ կրակել։ Այսօր աշխատանքի գալիս նորություններն էի թերթում․ մեկի նախաճաշն էր, մյուսի՝ աշխատանքը, նույն շարքում ադրբեջանցիները դիրքային առաջխաղացման փորձ են արել։ Դա արդեն սովորական նորություն է դարձել, ինչպես առաջ կկարդայինք աֆրիկյան մի պետությունում տեղի ունեցած իրադարձության մասին»։

Տիգրանը նկատում է՝ մարդիկ կենցաղի մեջ հարմարավետություն են գտել։ Ասում է՝ անընդհատ պայքարի մեջ գտնվելը հոգնեցնող է, թևաթափ լինելը՝ մարդկային։ Դա մեծ հաշվով ընտրություն չէ, այլ հոգեբանություն։ Հասարակության անտարբերությունն ինչ-որ չափով դրանով է պայմանավորում․

«Հայաստանի հայերի մի մասը՝ օբյեկտիվ, մյուսը՝ սուբյեկտիվ պատճառներով (դա արդեն խնդրի երկրորդ կողմն է) իրենց չեն նույնացնում այն հայերի հետ, որոնք ապրում են Արցախում, որովհետև նույն հաջողությամբ հիմա դժվար է պատկերացնել, բայց ապացուցեցինք, որ դրան ընդունակ ենք․ եթե վաղը Շիրակի մարզը որևէ պետություն գրավի, վատ է իհարկե։ Սիրո՞ւմ ենք Շիրակը, իհարկե, բայց դե ինչ արած»։

Այս հողի վրա ապրելու իրավունքն անօտարելի է

Մարտունու շրջանի Աշան գյուղից մի կին շտապում է։ Պատգամավոր է։  Պետք է հասնի Ստեփանակետ՝ կարևոր գործով։ Թուրքերը փակում են ճանապարհը և քարերով հարվածում հեռացող  մեքենային։ Սակայն մեքենան տեղ է հասնում, արտահերթ նիստը կայանում է։ Դեպքը 1988-ին փետրվարի 20-ին էր, նիստը՝ Ժողովրդական պատգամավորների խորհրդինը։ Որոշումը՝ բոլորին հայտնի։

Վահագն Խաչատրյանի ֆիլմի հերոսուհին տարեց կին է, նիստին մասնկացած պատգամավորը։  «Այս հողի վրա ապրելու իրավունքն անօտարելի է» ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ են, սակայն նույնն է նրանց մտածմունքը։ Վահագն Խաչատրյան.

«Բոլորը համոզմունք ունեն, որ պետք է պայքարել․ թուրքերի հետ ապրել հնարավոր չէ։ Նրանք չեն կորցնում իրենց հույսը, հավատը, որ մենք կկարողանանք ոտքի կանգնել, հետ բերել մեր կորցրածը, պարզապես պետք է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայությունը կարողանա միավորվել, մեկ բռունցք դառնալ, որովհետև թշնամին կարողացել է հաղթել մեզ, երբ այդ բռունքը բացել է։ 88-ի հաղթանակի գաղտնիքը հենց դա էր․ կար ընդհանուր գաղափարախոսություն, նպատակ, հայությունը գիտեր՝ ինչի համար է պայքարում»։

Վահագն Խաչատրյանը բազմաթիվ մարկանց հետ շփվելուց հետո եկել է համոզման, որ համակեցությունն ադրբեջանցիների հետ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հնարավոր չէ՝ առնվազն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամին արդեն երեսուն տարի հայերին ոչնչացնելու գաղափարախոսությամբ է սերունդներ դաստիարակել։

«Պապիկս խորհրդային շրջանում կուլտնտեսություններում էր աշխատում։ Չէին թոողնում, որ թուրքեր գյուղի մեջ ապրեին, նրանք գյուղի հարևանությամբ էին ապրում, որտեղ անասնապահությամբ էին զբաղվում։ Երբեմն գիշերը գաղտնի մտնում էին գյուղ և մարդկանց անասունները քշում-տանում, և որևէ մեկը չէր կարող պարզել, թե ով կամ ուր է տարել։ Եթե անգամ պարզեին, չէին կարող հետ վերցնել։ Հարևան գյուղից էլ ադրբեջանցիները ժամանակին աշակերտ էին առևանգել, դաժան ձևով սպանել, մարմինը մասնատել էին և քարերի արանքում թաքցրել, որ ծնողները չգտնեն։ Իրենք, փաստորեն, անպատիժ են մնացել․ ծնողները չեն կարողացել դատապարման հասնել։ Նմանատիպ դեպքեր շատ են եղել»։

Վահագն Խաչատրյանն աշխատում է Դաշնակցության պաշտոնաթերթում՝ «Ապառաժում»։ Այս ընթացքում իր նկարահանած նյութերը փոխանցել է ԱՄՆ-ի, եվրոպական երկների Հայ դատի գրասենյակներին՝ տեղեկատվական աշխատանքը կազմակերպելիս իբրև փաստեր օգտագործելու համար։

Back to top button