ԿարևորՀասարակություն

Բերդաշենում կարտոֆիլի աննախադեպ ցանքս են արել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կարտոֆիլի մեծածավալ ցանքս է իրականացվել, «Արցախպրես»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ Բերդաշենում առաջին անգամ են նման մասշտաբով կարտոֆիլ ցանում:

«Բարեգործական ծրագրով մեկ ընտանիքին տրամադրվել է 6 կիլոգրամ սերմ։ Բացի այդ գյուղացիներն օգտվել են նաեւ համապատասխան պետական աջակցության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերից։ Բավականին ծավալուն ցանքս է իրականացվել տնամերձ հողամասերում»,- մանրամասնել է համայնքապետը։

Նրա խոսքով` համայնքի վարելահողերը հիմնականում արտեզյան ջրերով են ոռոգվում, սակայն էլեկտրամատակարարման անջատումների ժամանակ խնդիրներ են առաջանում։ Ըստ մեր զրուցակցի` համայնքի վարելահողերի միայն 12-13 տոկոսն է ոռոգվում։

«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,-համոզված է Գ. Պողոսյանը։ Նա գոհունակությամբ նշել է, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։

«Այս պահին արդեն տնկել եւ մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով , որ շարունակվում է գարնանանացանը , որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի` մասնավորապես վարունգի, ձմերուկի եւ սոխի սերմերն են հողին պահ տվել։

Back to top button