ԿարևորՀասարակություն

Քաղաքային քաոսի դեմ, անատոմիան ճանաչելու համար, հանուն մաքուր էկոլոգիայի․ «Այբ»-եցիների նախագծերը

2022 թվականի փետրվարին «Այբ» դպրոցում մրցույթ էր․ 10-րդ դասարանցիները քննություն էին հանձնում՝ ««Այբ» հիբրիդային կրթություն» ծրագրին մասնակցելու, 1.5 տարի փափուկ և կոշտ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու և վերջում սեփական նախագիծը կյանքի կոչելու համար։ Կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Անի Խաչատրյանն է մանրամասնում։

«Նախագծերը բազմազան են, կան նախագծեր, որոնք լուծում են համայնքային որոշ խնդիրներ, կան նախագծեր, որոնք ներկայացվելու են որպես գիտական հոդված, մենք ունենք նաև հեռախոսային հավելված։ Նախագծերը հիմնականում ներառում են բնագիտամաթեմատիկական ոլորտները՝ կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա ծրագրավորում»։

Այսօր արդեն 66 աշակերտները՝ 10 խմբերով, ներկայացնում են իրենց 1.5 տարվա աշխատանքը։ Թիմերն աշխատել են իրենց ընտրած ոլորտում մասնագիտացած ղեկավարների հետ։ Մինչ «Կանաչ ֆիզիկա» նախագիծը իրականացրած թիմը ներկայացնում է արված աշխատանքը, ղեկավար Սլավիկ Ալավերդյանը լարված սպասում է։ Ասում է՝ աշակերտները լուրջ ջանքեր են ներդրել ու հույս ունեն, որ ստեղծածը կիրառելի կլինի։

«Մենք ուսումնասիրել ենք կլիմայի փոփոխության հիմնախնդիրը և ֆիզիկայի այն թեմաները, որոնք առնչվում են դրան։ Մասնավորապես՝ էներգիան, էներգախնայողությունը։ Աշակերտները պատրաստել են բուկլետներ, սոցիալական հոլովակներ էներգախնայողության վերաբերյալ, նաև պատրաստել ենք ջերմամեկուսիչ նյութերի հատկությունների համեմատության փորձարարական սարք, որով կատարել ենք որոշակի չափումներ։ Աշակերտների համար սա նորություն էր, որովհետև իրենք ուսումնասիրում էին դպրոցական ծրագրից դուրս նոր թեմա և բավականին խորանալու, նոր բացահայտումներ անելու տեղ կար»։

Մյուս խումբն արդեն ելույթ ունեցել է։ Աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքը․ ստեղծել են մարդու անատոմիան հասկանալի ներկայացնող հավելված։

«Առաջին հայալեզու կրթական հավելվածն է, որտեղ ներկայացված է մարդու անատոմիան, այն ունի մի շարք առավելություններ․ նախ ունի պարզ, մատչելի, բոլորին հասանելի ինտերֆեյս, նախատեսված է ուսումնական պրոցեսն ավելի հեշտ, հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար»։

Խմբի անդամ Կարինե Խաչատրյանը բացում է հավելվածը։ Առաջինը, որ տեսնում ենք, մարդու կմախքն է․

«Սա մեր հավելվածն է, այստեղ մեր մոդելն է, և, եթե տեսնեք, մոդելի վրա դրված են թվեր։ Եթե մտնենք, օրինակ, այդ «2»-ի մեջ, ապա կբերի ինֆորմացիա այդ հատվածների մասին, ինչպես նաև կա ձայնային հատված, կարող ենք լսել։ Մենք կարող ենք, բացի կմախքի մոդելից, մյուս մոդելները դիտել։ Օրինակ՝ մկանները»։

Մեկ այլ խումբ էլ ձեռքին թղթերի փաթեթ ունի, վրան մեծ տառերով գրված է՝ «Ազատության պողոտա»։ Աշակերտները «Ռադիոլուր»-ին պատմում են՝ սովորել են, թե ինչպիսինն են լինում ճիշտ, խելացի քաղաքները ու որոշել են երևանյան մի պողոտայի այդ աչքով նայել։

«Նախ մենք մեր նախագծի շրջանակներում մի շարք լեկցիաներ ենք ունեցել այն թեմաներով, թե ինչպես պետք է կառուցված լինի ճիշտ և հարմարավետ քաղաքը, իսկ հետո արդեն միջազգային նորմերին և չափանիշներին ծանոթանալով փորձել ենք գտնել այդ խնդիրները։ Խմբի ամեն մի անդամ մի հատված է վերցրել և գտել է այնտեղի խնդիրները, միավորելով բոլոր խնդիրները մենք ստացել ենք ընդհանուր մեր փողոցի պատկերը, թե ինչ խնդիրներ կան, և փորձել ենք միասին լուծումներ առաջարկել մեր ստացած գիտելիքների հիման վրա»։

Այսպես նրանք հասկացել են, որ աղբամանները քիչ են, ծառերը՝ բացակա, ցուցատախտակներն ու գովազդային վահանակները՝ ավելորդ։ Արդյունքում արձանագրել են՝ քաղաքային քաոս կա։

«Հիմնականում այնպիսի փոքր բաներ են փոփոխության ենթակա, որոնք շատ ռեսուրսներ էլ չեն պահանջում, ինչը մեզ կրկին ապացուցել է, որ ինչ–որ մեծ փոփոխություն ստեղծելու համար շատ ռեսուրսներ հարկավոր չեն»։

Նախագծերը կյանքի են կոչվում «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Կրթական ծրագրերի համակարգող Անի Խաչատրյանն ասում է՝ էկոլոգիական ծրագրերը ներդրվելու են համայնքներում, հավելվածի գործարկման հարթակը քննարկման փուլում է, իսկ, օրինակ, եթերայուղեր պատրաստած աշակերտները սկսելու են դրանց արտադրությունը։

Back to top button