Ի՞նչ է «կանանց արվեստը» և ի՞նչ է «ֆեմինիստական արվեստը», ինչո՞ւ են դրանք տարանջատվում «արվեստ» հասկացությունից։ Խորհրդային Միությունում կանայք արվեստի ակադեմիական դպրոցի հետևորդ էին և ոչ ուղղություններ ստեղծող կամ թեմաներ թելադրող՝ ասում է արվեստի քննադատ, համադրող, «Արվեստի ու մշակութային ուսումնասիրության» լաբորոտորիայի ղեկավար Սուսաննա Գյուլամիրյանը։
Ասում է՝ իրեն հաճախ են հարցրել․ «ինչ է, կանայք չէի՞ն կարող մուտք ունենալ արվեստի դաշտ»։ Իհարկե, կարող էին և կան մի շարք հայտնի կին արվեստագետներ՝ Ասլամազյան քույրերը, Արմինե Կալենցը, Լավինիա Բաժբեուկ–Մելիքյանը, Դեղձանիկը, այլ կանայք։ Բայց խորհրդային միության տարիներին տղամարդու մենաշնորհն արվեստում ակնհայտ էր։ Կանայք երկրորդական էին և ստորադասված։
«Ես խոսել եմ այս կին արվեստագետների հետ, նրանք հեռու էին արվեստում կազմաքանդումներ իրականացնելուց», – ասում է Սուսաննա Գյուլամիրյանը՝ հիշատակելով Արմինե Կալենցին, որի «Արմինեն՝ Հարություն Կալենցի մասին․ ներիր ինձ, Հարություն» գիրքը համարվում է ֆեմինիստական դիրքերից գրված գիրք, որտեղ նկարչուհին պատմում է՝ ինչպես է ստեղծագործել և ինչպիսի հարաբերություններ է ունեցել իր արվեստագետ ամուսնու հետ։
Նա, հիանալով իր ամուսնով, ասում էր, որ «նա միշտ սիրում էր ինձ փլված տեսնել» և միշտ խոսում էր, «դու ինձ պիտի լսես, որ լավ արվեստագետ լինես» դիրքերից»։
Սուսաննա Գյուլամիրյանն ասում է, որ «Կանանց արվեստը» սկսեց տարբերակել հենց ֆեմինիզմը և ֆեմինիստական մոտեցումներն արվեստում, երբ կինն իր արվեստում խնդրականացնում է սեռը, առաջ է քաշում ռեպրեզենտացման՝ ներկայացման քաղաքականությունը։
Եթե կին արվեստագետը հաշտ ու համերաշխ է հայրիշխանական համակարգում, ուրեմն դա, ըստ ֆեմինիստների, համահունչ է այն ամենին, ինչի դեմ իրենք պայքարում են։ Ֆեմինիստական արվեստը նշանակում է պայքար հայրիշխանական կարծրատիպերի դեմ և նոր օրակարգեր ու ներկայացման ձևեր արվեստում։ Տղամարդիկ կնոջ մարմինը ներկայացնում են իրենց դիրքերից, ինչպես իրենք են ուզում։ Ֆեմինիստներն ասում են՝ «մենք չենք ուզում լինել օբյեկտ», մեր մարմնի մասին մենք պիտի խոսենք ու մեր մարմնով։ Ֆեմինիստ արվեստագետները հրաժարվում են «հանճարեղության» այրական կնիքից, քանի որ դա բուրգ է և ուղղահայաց հարաբերություններ՝ արվեստում։
2000-ականների սկզբից Սուսաննա Գյուլամիրյանը մի շարք ցուցահանդեսներ է արել «Գենդերային անհանգստություններ» վերնագրով, այսօր ուզում է ի մի բերել և արխիվացնել բոլոր այն գործերը, որտեղ կանայք խնդրայնացնում են մի շարք թեմաներ՝ իրենց մարմնի հետ կապված և այլ, կիրառում են կարծրատիպային համակարգը կազմաքանդող ռազմավարություններ։
Անցյալ տարի սկսել է կազմակերպել փառատոն, որը հետահայաց բնույթ ունի ու լինելու է շարունակական։ Ներկայացվելու են 90- ականների գործեր, երբ կանայք հնարավորություն ունեցան խոսել խնդիրներից, մինչև մեր օրերը։ Ասում է՝ արխիվ ստեղծելը կարևոր է նաև նոր սերնդի համար, որը չի տեսել 90– ականների խնդրահարույց գործերը։
Սուսանա Գյուլամիրյանը ցավով է նշում, որ տեղական կառույցները չեն ուզում հովանավորել ֆեմինիստական արվեստի փառատոններն ու ցուցահանդեսները, խուսաափում են, չեն սիրում, ֆեմինիստական արվեստն այսօր էլ շարունակվում է գրաքննվել և մերժվել։