ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզներում հերթագրման խնդիր կա․ ծնողներն ահազանգում են

Բազմաթիվ ծնողներ դարձյալ դժգոհ են Երևանի մանկապարտեզներում երեխաների հերթագրումներից։ Նրանք պարտաճանաչ հերթագրում են երեխաներին, բայց չգիտեն, թե երբ կհասնի հերթը։

Ծնողներն ասում են, որ հերթը հիմնականում խախտում են Երևանի քաղաքապետարանի սահմանած արտոնություններից օգտվողները։ Իսկ քաղաքապետարանից պարզաբանում են, որ խնդիրը կապված է լայնածավալ հիմնանորոգումների հետ, դրանց պատճառով են առաջացել արհեստական հերթերը։

«Ռադիոլուր»-ի զրուցակցի 4-ամյա տղան այս տարվանից մանկապարտեզ է հաճախում, բայց ոչ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող։ Մայրը երեխային անցած տարի գրանցել է Շենգավիթի թիվ 127 մանկապարտեզում, երբ հերթում 21 հոգի է սպասել։ Նրանցից մեկը հերթի արտոնություն է ունեցել։ Իրենց հերթին սպասող ծնողը պարբերաբար առցանց հետևել է հերթագրումներին ու պարզել, որ ամեն ամիս արտոնություններով երեխաների թիվն ավելացել է։ Իրենց հերթն այդպես էլ չի հասել․

«Երեխայիս երեքուկեսը լրացավ, գնացի, որ հարցնեի, տնօրենը հենց մուտքի մոտ ասեց, որ երեխայի հերթը չի էլ հասնի։ Գնացեք ուրիշ պարտեզ դիմեք։ Բայց ինքն էլ շատ լավ գիտի, որ Շենգավիթում գրեթե բոլոր պարտեզները վերանորոգվում են ու հնարավոր չէ նորից հերթագրվել։ Զանգել եմ քաղաքապետարան, մեկը հանգիստ ձայնով ասաց, որ վիճակը հիմա սա է»։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նունե Սարգսյանի խոսքով՝ այս պահին հերթագրումներն աննախադեպ պատկեր ունեն։ Երկու –երեք տարի է՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների հիմնանորոգումները կտրուկ աճել են։ Տարեկան 20-24 մանկապարտեզ տաբեր ծրագրերով նորոգվում է։ Այս պահին Երևանի մանկապարտեզների շուրջ 80 տոկոսը հիմնանորոգված է, ասում է հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը։ Ըստ նրա՝ փակված մանկապարտեզների երեխաներից և ոչ մեկը դուրս չի մնացել նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Այն երեխաները, որոնք չեն հաճախում մանկապարտեզ, ծնողների հետ այս կամ այն հարցի շուրջ անհամաձայնության հետևանքն է․

«Այսինքն՝ ծնողը գերադասել է երեխային թողնել տանը կամ տանել մասնավոր մանկապարտեզ։ Նման ծնողները քիչ տոկոս են կազմում։ Ոչ մի երեխայի նախադպրոցական կրթություն կիսատ չի մնում։ Այստեղ տուժում են միայն հերթագրված երեխաների փոքր տարիքային խմբերը։ Երբ մանկապարտեզները փակվում են, կողքի մանկապարտեզները գործում են, և տվյալ շրջանի բոլոր մանկապարտեզներն ընդունելություն պիտի կատարեն։ Այնտեղի հերթագրված երեխաները, քանի որ ընդունել են տեղափոխվող երեխաների, քիչ են ընդունելություն կատարում։ Սա է արհեստական հերթերի պատճառը»։

Երևանի քաղաքապետարանը առաջինը բարձր տարիքային խմբերի երեխաներին մանկապարտեզ ընդունելու քաղաքականություն է որդեգրել։ Դպրոց գնալուց առաջ հերթագրված բոլոր երեխաները պետք է նախադպրոցական կրթություն ստանան, ասում է Նունե Սարգսյանը․

«Մենք այլևս չունենք 2017 թվականին հերթագրված։ Եթե կան, ապա ծնողը չի ցանկանում տանել ու հերթից չի էլ հանում»։

Այս պահին մանկապարտեղ հաճախելու իր հերթին է սպասում 13.000 երեխա։ Ամենաշատը 2020 թվականին հերթագրվածներն են՝ 6600 հոգի։ Ըստ Նունե Սարգսյանի՝ 2020–ին հերթագրված երեխաները, որպես կրտսեր երկրորդ տարիքայի խումբ, մանկապարտեզ կհաճախեն այս տարվա սեպտեմբերից։ Երևանի քաղաքապետարանը, ստեղծված իրավիճակը թեթևացնելու համար, պատրաստվում է նոր խմբեր բացել։ Այս տարի արդեն 5 նոր խումբ է գործում մանկապարտեզներում՝ ընդ որում՝ կրտսեր առաջին․

«Օրինակ՝ 58 մանկապարտեզ տեղափոխվել է փակ 61 մանկապարտեզից երկու խումբ։ Մնացած երեխաները բաշխվել են մյուս մանկապարտեզների խմբերի մեջ»։ 

2021 թվականից ԿԳՄՍ նախարարի հրամանով մանկապարտեզներում հերթագրումն ու ընդունելությունը կատարվում են ըստ ծննդյան տարեթվի։ Հերթագրումը կատարվում է օրացուցային տվյալ տարում, եթե լրացել է երեխայի երկու տարին։ Մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումից հետո որոշ խմբերի երեխաների համար արտոնություններ սահմանվեցին։ Այս արտոնությունների պատճառով է նաև, որ հերթագրման կարգում փոփոխություններ են լինում․

«Արտոնությունների ցանկը ընդլայնվել է։ Մանկապարտեզ հաճախող երեխաների քույրը կամ եղբայրը կարող են ընդունվել, և մանկապարտեզի աշխատակիցների երեխաները։ Խմբից հանվել են միայն երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։ Նրանք ամբողջությամբ համարվում են գործունակ»։

Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանք գույքով և սարքավորումներով: Դեռ նախորդ տարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ մանկապարտեզների մասով 173 հայտ կա, որից 38-ը կառուցման, մյուսները՝ հիմնանորոգման, վերանորոգման և բարեկարգման: Կառավարության ղեկավարն էլ ասել էր, որ խնդիր է դրել մինչև 2026 թվականը կառուցել 500 մանկապարտեզ․

«Այսինքն՝ մանկապարտեզների կառուցման նախընտրական խոստումի իրականացումն արդեն դրվում է ռելսերի վրա։ Հիմնանորոգված դպրոցներում և մանկապարտեզներում պետք է բացառվի օգտագործված գույքերի առկայությունը: Մենք չպետք է ունենանք հիմնանորոգված դպրոց, մանկապարտեզ, երեխաների հետ կապված որևէ շինություն, որտեղ կլինի օգտագործված որևէ բան»:

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ այս տարի միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ․

«2023 թվականին որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են։ Մի հատվածը գտնվում է պայմանագիր-համաձայնագիր կնքելու փուլում։ Շենգավիթի 137 մանկապարտեզում ունենք 75 տոկոս կատարողական։ Աշխատանքների ավարտը՝ մայիսին, 43 մանկապարտեզ՝ 83 տոկոս, 15 մանկապարտեզն ավարտական փուլում է։ Աջափնյակի 44, 50 մանկապարտեզները ևս 60 տոկոս կատարողական ունեն»։

Այս տարի կմեկնարկի նաև 7 նոր մանկապարտեզների շինարարությունը։ Հերթագրումների շուրջ առկա խնդիրները կլուծվեն մանկապարտեզների հիմնոնորոգումներից հետո, որոնց վերջնաժամկետը 2025 թվականն է, «Ռադիոլուր»-ին ասաց քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նունե Սարգսյանը։

Back to top button