

Ապրիլի 1-ից փաստացի գործարկվում է Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհը, որը ամբողջությամբ շրջանցելու է Լաչինի վարչական շրջանը։ Այս որոշումը արդեն կա, բայց ճանապարհի գործարկման հետ կապված բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում։ Հայաստանի վարչապետի հայտարարությունից և ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այս ժամկետի մասին ադրբեջանական կողմի հետ եղել է պայմանավորվածություն։ Հայկական կողմը այժմ հայտարարում է, որ Բաքուն այդ պայմանավորվածությունները նույնպես խախտել է։
Տեղեկություններն այս առումով, սակայն, այնքան քիչ են, որ անգամ վերլուծաբաններն են դժվարանում իրավիճակ վերլուծել։ Ամեն դեպքում, «Ռադիոլուրը» ևս մի անգամ փորձել է հասկանալ Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհի երթուղին և գործարկման խնդիրները։
Հայաստանում գտնվող ֆրանսիացի պաշտոնյան ականատես է եղել, թե ինչպես է ադրբեջանական զինուժը զբաղեցնում Սյունիքի մարզին հարակից հատվածները։ Խոսքը այն բարձունքների մասին է, որոնք Ադրբեջանը զբաղեցրել է Հայաստանն ու Արցախը կապող նոր ճանապարհային երթուղու գործարկման առիթով։


Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն արձանագրում է․
«Լաչինի միջանցքի սկզբնամասում էի երկու օր առաջ։ Ես դա արեցի, որ իմ բոլոր հայրենակիցները տեսնեն, գիտակցեն, որ այստեղ ոտնահարվում է միջազգային իրավունքը և որ այդ սահմանից այն կողմ 120-150 հազար մարդ զրկված է ամենատարրական մարդկային բոլոր իրավունքներից։ Ես Սյունիքի մարզեպտի կողքին էի այն պահին, երբ նա տեղեկացավ, որ հենց այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք մեկ օր առաջ, առաջխաղաղցում է տեղի ունեցել։ Այսինքն՝ ես տեսել եմ և ես կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին»։
5 բարձունք զբաղեցնելու մասին Ադրբեջանի հայտարարության և դիրքային կորուստներ չունենալու մասին հայկական կողմի պնդումների տարբերությունը պարզաբանեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։ Հաղորդագրությամբ հաստատվում է՝ փոփոխությունները կապված են ապրիլի 1-ից Հայաստան-Արցախ ճանապարհային երթուղու փոփոխության հետ։
ԱԱԾ հաղորդագրությունը փաստում է․ «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»:

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը այս փուլում դժվարանում է մեկնաբանել նոր ճանապարհի հետ կապված, ինչպես ասում են, «գետնի վրա» իրավիճակը․
«Հիմա ամբողջ Տեղ գյուղի վարելահողերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մարդիկ ի՞նչ անեն։ Այդ այլընտրանքային ճանապարհը իմ հասկանալով շրջանցում է Լաչինի վարչական շրջանը առհասարակ ու Շուշի քաղաքը նաև։ Ադրբեջանը, փաստացի, նախապես և՛ Արցախի, և՛ Հայաստանի տարածքում շահավետ դիրքեր է վերցնում, որպեսզի խնդիրներ ստեղծի այդ ճանապարհից օգտվելու համար։ Ու ես իրոք չգիտեմ՝ ինչ մեկնաբանեմ, որովհետև ճանապարհի այդ հատվածը միևնույն է, փակ է»։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանվում էր, որ կողմերի միջև պետք է հաստատվեր նոր երթուղու կառուցման պլանը, ինչը այդպես էլ չի արվել, որովհետև Ադրբեջանը ժամկետից շուտ իր նախընտրած տեղանքով է կառուցել ճանապարհը։ Բացի այդ՝ երթուղու պահպանության համար ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է վերատեղակայվեր։ Այս հարցը նույնպես առկախված է, քանի որ հրապարակային տեղեկություններ չկան ռուս խաղաղապահների վերահսկողության տակ անցնող նոր գոտու սահմանների մասին։
Նոր միջանցքի ենթադրյալ տարածքում ներկայում ադրբեջանցիները մարտական հենակետ ունեն, որն, ըստ էության, կհանվի, երբ ռուսները Աղավնո-Բերձոր երթուղուց տեղափոխվեն ավելի հարավ։ Թշնամու նշված հենակետը նոր ճանապարհից ուղիղ գծով հեռու է ընդամենը 1300 մետր՝ 1050 մ բարձրության վրա, ինչը թույլ է տալիս վերահսկել ոչ միայն նոր ճանապարհը, այլև փաստացի սահմանը Կոռնիձորի հատվածում։
Սրան գումարած՝ նոր ճանապարհը չի լուծելու նաև ադրբեջանցի չակերտավոր բնապահպանների կողմից փակված հատվածի խնդիրը։ Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդում է, որ այդ հատվածից ճանապարհի որևէ փոփոխություն նախատեսված չէ, բայց նոր ճանապարհի նոր հատվածներն, ըստ նրա, ունեն նաև այլ խնդիրներ․
«Իրականում Շուշիի հատվածում որևէ փոփոխություն նախատեսված չէ։ Արձանագրենք, որ նոր երթուղին ռելիեֆային առումով ունի շատ ավելի բարդ կառուցվածք, և որոշակի բարդություններ են առաջանալու հատկապես ձմեռային եղանակներին և մառախուղային տեսանելիության պայմաններում։ Ինչ վերաբերում է ռազմական առումով անվտանգությանը, ապա իրականում այստեղ ես պետք է նշեմ, որ ունենք շատ այլ ճանապարհահատվածներ ևս, որոնք գտնվում են անմիջապես հակառակորդի վերահսկողության տակ և այս առումով, իհարկե, բացարձակ անվտանգ լինել չի կարող»։


Ապրիլի 1-ից գործարկվող ճանապարհով, ըստ քաղաքագետի, ամեն դեպքում հնարավոր կլինի իրականացնել Արցախի հումանիտար տեղափոխումները։ Նոր ճանապարհի առաջին գործարկողներից մեկը թերևս կլինի ֆրանսիացի պաշտոնյա Լորան Վոքիեն։ Նա հստակ օր դեռ չի նշում, բայց մտադիր է շարասյունով հումանիտար բեռ տեղափոխել Արցախ՝ ի հեճուկս Ադրբեջանի բոլոր հայտարարությունների, թե միջանցքը բաց է․
«Կմոտենանք Լաչինի միջանցքին և կպահանջենք, որ թույլ տրվի, որ այն անցնի, հասնի Արցախ։ Կա՛մ շարասյունը կանցնի ու այն ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բաց արած կլինենք, կա՛մ շարասյունը չի կարողանա անցնել ու դա մեզ առիթ կտա միջազգային ու եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է ու պետք է գործողությունների դիմել»։
ՀԱՊԿ քարտուղարությունն, իր հերթին արձանագրել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ:
«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների հետևանքով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։


Այս պայմաններում Հայաստանում միանշանակ չի ընկալվում նոր ճանապարհի երկայնքով Հայաստանի սահմանների պահպանությունը ԱԱԾ սահմանապահ զորքերին հանձնելու Հայաստանի ղեկավարության որոշումը։ Որոշման ընդդիմախոսները պնդում են, որ նման փոփոխությունների գնում են ավարտված հակամարտությունների պայմաններում, առավել վտանգավոր է, երբ նման որոշման մասին Ադրբեջանը չի խոսել և զբաղեցրած դիրքերում դեռ կանգնած են այդ երկրի ԶՈՒ ստորաբաժանումները։