ԿարևորՄշակույթ

Համաշխարհային ու հայկական պրեմիերաներ․ Երևանում մեկնարկում է «Խաչմերուկներ 2023» երաժշտական փառատոնը

Երևանում կմեկտեղվեն հայ և արտասահմանյան ժամանակակից երաժշտության հնչյունները։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի հանդիսատեսին կներկայանա ապրիլի 3-26-ը։ Արդեն 6-րդ անգամ կազմակերպվող փառատոնը համերգներ կներկայացնի Երևանում ու Գյումրիում։

Միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Հովհաննիսյանն ասում է՝ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալի գործեր:

«Մեր հիմնական նպատակն է՝ հայ ժամանակակից երաժշտությունը և միջազգային դաշտում կատարվող պրոցեսները բերել մի խաչմերուկի ու տեսնել, թե որտե՞ղ է մեր արվեստը, ի՞նչ դեր ունի միջազգային արվեստը։ Մշտապես տարբեր օղակներում այս երկու երևույթները առանձնացվում են, բայց ես վստահ եմ՝ հայ ժամանակակից երաժշտությունը վերջին տասնամյակներում մշտապես եղել է համաշխարհային պրոցեսների մի մասը»,-ասում է Արամ Հովհաննիսյանը։

Փառատոնին ներկայացվող ստեղծագործությունների մեծ մասն առաջին անգամ է կատարվելու, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում այդ գործերի հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ Սա նաև հայ հանդիսատեսի համար ժամանակակից երաժշտության հետ ծանոթացնելու լավ հնարավորություն է՝ վստահ են կազմակերպիչները։ Փառատոնին կհնչեն ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ կոմպոզիտորների գործեր։ Կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը «Խաչմերուկներ» փառատոնի ամենակարևոր հյուրերից մեկն է․

«Յուրաքանչյուրը, որ մասնակից է այս իրադարձությանը, խորը հարգանքի է արժանի, ես համոզված եմ, որ այս փառատոնը ու դրա շուրջ հավաքված բոլորը՝ երաժիշտ, կոմպոզիտոր ու կազմակերպիչ, բոլորը այսօրվա երաժշտական կյանքի լիդերն են»,-ասում է Տիգրան Մանսուրյանը։

Փառատոնին կմասնակցեն կանադահայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իվ Էգոյանը, բելգիահայ դաշնակահար Լորանս Մխիթարյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, «Ասոնանս» անսամբլը և առաջին անգամ նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները։ Աշխարհահրչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի քույրը՝ դաշնակահար Իվ Էգոյանը փառատոնի շրջանակում առաջին անգամ է համերգային ծրագրով հանդես գալու հայրենիքում․ հենց նրա համերգով էլ ապրիլի 3-ին կմեկնարկի փառատոնը։ Էգոյանը ասում է՝ հուզված է, բայց նաև անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը․

«Անամբերությամբ սպասում եմ հայ հանդիսատեսին ներկայացնել այն երաժշտությունը, որ փառատոնի կազմակերպիչներն ընտրել են ինձ համար։ Շատ շնորհակալ եմ այս յուրահատուկ ծրագրի համար։ Ես նաև անհամբեր սպասում եմ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը կատարելուն։ Ես նաև կներկայացնեմ իմ ստեղծագործությունը, որը իմ Հայաստան գալու երազանքի մասին է»,-պատմում է կանադահայ դաշնակահարուհին։

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև վարպետության դասեր ու սեմինարներ կոնսերվատորիայի և այլ երաժշտական հաստատությունների ուսանողների համար։ Փառատոնային 7 համերգները տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։

Back to top button