ԿարևորՄիջազգային

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը վավերացնելու օրինագծին։ Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։
Օրինագծին կողմ են արտահայտվել նիստի բոլոր 276 մասնակիցները։ Ֆինլանդիան այսպիսով օրինական հիմքեր է ստանում դաշինք մուտք գործելու համար։

Թուրքիան մինչ այժմ ՆԱՏՕ-ի վերջին անդամն էր, որը հավանություն չէր տվել Հելսինկիի` դաշինքին միանալու հայտին: Հունգարիան հետաձգել էր գործընթացը, սակայն մարտի 27-ին հաստատել է համապատասխան օրինագիծը։ Այժմ կազմակերպության բոլոր անդամները հաստատել են Ֆինլանդիայի թեկնածությունը։

Լիագումար նիստի ժամանակ թուրք պատգամավորները նշել են, որ այս փուլում Թուրքիայի և Ֆինլանդիայի հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Անկարայի շահերը հաշվի առնելու առումով։ Միաժամանակ օրենսդիրները նշել են, որ Շվեդիան, որը Ֆինլանդիայի հետ միասին դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, դեռ չի կատարել Թուրքիայի հետ ստորագրված հուշագրի դրույթները և դեռ պատրաստ չէ դառնալ դաշինքի մաս։

Ֆինլանդիան և Շվեդիան դիմել էին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար 2022 թվականի մայիսին, սակայն Անկարան արգելափակել էր անդամակցության գործընթացը՝ պահանջելով քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել, ինչպես նաև արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։ 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ այս հարցերը լուծելու համար հուշագիր էր ստորագրվել Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև՝ կոնկրետ քայլերի ցանկով, որոնք, ըստ Անկարայի, պետք է ձեռնարկեն հյուսիսային երկու երկրները։

Back to top button