ԿարևորՀասարակություն

Սկանդինավյան ցիկլոնը սպառնում է ոչ միայն այգիներին, այլև առողջությանը

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում։ Արարատյան դաշտում այն կիջնի մինչև -2 աստիճան։ Ջերմաստիճանն այս օրվանից կիջնի 5-6 աստիճանով, իսկ նախալեռնային գոտիներում մարտի 31–ի լույս ապրիլի 1-ի գիշերը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Օդերևութաբաններն ու էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսներին հորդորում են ուշադիր լինել ու ցրտահարության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Այս օրերին ուշադիր պետք է լինեն նաև սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողները։

Սկանդինավյան շրջաններից Հայաստանին արկտիկական ցուրտ հոսանքներ են մոտենում։ Սառը եղանակն արդեն զգացվել է հանրապետության հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, ինչպես նաև Արագածոտնում, Կոտայքի լեռնային գոտիներում։ Այս վայրերում գրանցվել է ջերմաստիճանի 10-12 աստիճան նվազում։ Մարտի 31-ին ցիկլոնը կուժգնանա։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի խոսքով՝ այն կզգացվի հատկապես երեկոյան ժամերին։ Մարտի 31-ի կեսօրից հետո տեղումներ են սպասվում հանրապետության ողջ տարածքում։ Լեռնային և նախալեռնային գոտիներում դրանք կլինեն ձյան տեսքով։  

«Ամենացածր ջերմաստիճանները հանրապետության  նախալեռնային գոտիներում կգրանցվեն մարտի 31–ի լույս մեկի գիշերը։ Այստեղ սպասվում է -2– 4 աստիճան։ Իսկ ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը 0-ից երկու աստիճան ցուրտ։ Այս հատվածներում տեղումները կանխատեսվում են ձյան տեսքով»։

Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը։ Օդում ջերմաստիճանը կիջնի 0-2 աստիճան։ Մարտի 31-ին Արարատյան դաշտում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ վայրկյանում 20-25 մետր արագությամբ։ Ըստ օդերևութաբանի՝ այս տարվա մարտն ամենատաքերից էր՝ 2018 թվականից հետո։ Ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-5 աստիճանով։ Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ Արարատյան դաշտում ծիրանենին 18-20 օր շուտ է ծաղկել։ Կանխատեսվող ցածր ջերմաստիճանը ցրտահարության ռիսկերի առաջ է կանգնեցնում գյուղատնտեսներին։

Արմավիրի մարզի Ապագա գյուղը շուրջ 142 հա պտղատու այգի ունի։ Դրանց մեծ մասը ծիրանի այգիներ են։ Այստեղ, սակայն, գարնանային ցրտահարությունների վտանգի առաջ են կանգնած ոչ միայն ծիրանենիները, այլև վաղահաս սալորենին ու կեռասենին։ Գյուղատնտեսները գրեթե ամեն տարի ցրտահարության կանխարգելիչ միջոցառումներ՝ ոռոգում ու ծխեցում են անում, սակայն չեն կարողանում 100 տոկոսով պաշտպանել այգիները, « Ռադիոլուրին» ասում է Ապագայի համայնքապետ Արտակ Եղիազարյանը․

«Մարդիկ կան՝ պատրաստակամ գիշերները գնում են ծուխ են դնում, մարդիկ էլ կան՝ չեն անում, իսկ այս գործում միասնականություն է պետք։ Կա նաև ցրտահարության աստիճան։ Ես անցած տարի ունեցել եմ մոտ 60 տոկոս բերքի կորուստ։ Նայած ինչ աստիճանի է լինելու ցրտահարությունը։ Երրորդ տարբերակը ապահովագրությունն է։ Ցրտահարության ժամանակ հոգսերը մի քիչ կթեթևանան»։

Ապահովագրությունը, սակայն, թանկության պատճառով ոչ բոլոր ֆերմերներին է հասանելի։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ գերչատեսչությունը մի քանի տարի է սուբսիդավորում է ապահովագրական համակարգից օգտվողներին․

«Պետք է հորդորեմ բոլորին օգտվեն այդ գործիքից , որպեսզի ավելի նվազ ռիսկեր պարունակի իրենց գյուղատնտեսական գործունեությունը»։

Եղանակային տատանումներն բացասաբար են ազդում նաև մարդկանց առողջության վրա։ Հատկապես սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողներն այս օրերին պետք է ուշադիր լինեն։ Սրտաբան Լիլիթ Սերոբյանն ասում է, որ եղանակային վատ պայմանները կարող են ավելացնել հոսպիտալացումների քանակը․

«Խորհուրդ է տրվում հետևել զարկերակային ճնշման տատանումներին։ Եթե ունեն ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ճարպակալում, այդ դեպքում նաև հետևել սննդակարգին, գլյուկոզայի մակարդակին արյան մեջ։ Անպայման ընդունել ժամով և գրաֆիկով նախատեսված դեղորայքը։ Հիմնականում ռիսկի խմբում են գտնվում 65–ից բարձր անձինք։ Եվ խորհուրդ է տրվում երկար ճանապարհորդություններ չպլանավորել, ծանրաբեռնվածությունը թեթևացնել տվյալ օրերին և կապի մեջ լինել բժշկի հետ»։

Ըստ մասնագետի՝ ցանկալի է նաև խուսափել դժվարամարս ու ճարպոտ սննդից, կրծքավանդակում անհարմարություններ կամ զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ նկատելիս անպայման դիմել բժշկի։

Ըստ կանխատեսումների՝ արդեն ապրիլի 2-ի ցերեկային ժամերից սկսած արկտիկական հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով տաք օդային հոսանքներին։ Ապրիլի 2-ի ցերեկվանից սկսած մինչև ապրիլի 4–ը ջերմաստիճանը նորից կբարձրանա։ Ապրիլի 4–ին արդեն հանրապետության հովտային գոտիներում, Արարտյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի։

Back to top button